«Խուլիգաններ-2014» օպերացիան տապալվեց

«Խուլիգաններ-2014» օպերացիան տապալվեց

Մարտի մեկի հանրահավաքին պատրաստվում է եւ ընդդիմությունը, եւ իշխանությունը: Առաջինը նպատակ ունի այդ օրը հնարավորինս շատ մարդ դուրս բերել փողոց, ինչից կերեւա ընդդիմության ուժն ու իրական վարկանիշը: Երկրորդը, բնականաբար, հակառակ խնդիրն է լուծում՝ ամեն ինչ անել, որ ընդամենը մի բուռ պլակատավոր ժողովուրդ լինի, ոչ շատ, ճիշտ այնքան, որքան պետք է «թեթեւ» ընդդիմություն ունեցող, ժողովրդավարական երկիր «խաղալու» համար:



 



ՀԱԿ-ը հանրահավաքի մասին իրազեկման ակցիաներ է սկսել, իսկ իշխանությունը՝ այդ ակցիաներին խանգարելու, ակտիվիստներին վախեցնելու գործընթաց, որի համար, ինչպես միշտ, «առաջ է բրթում» ոստիկանին: Վերջինս ճնշման ավելի ճկուն միջոցներ է օգտագործում, եւ, ի պատասխան, կատարելագործվում է դիմադրության ձեւը:



 



ՄԵՐ ՂԵԿԱՎԱՐՆ ԱԶԳԻ ՀԵՐՈՍ Է






Փետրվարի 12-ի երեկոյան Մաշտոցի պողոտայում թռուցիկներ բաժանող ՀԱԿ ակտիվիստների դեմ, ըստ էության, կազմակերպվել էր «օպերացիա»: Սցենարը պրիմիտիվ էր. ոչ թե ոստիկանները կամ կրիմինալը պետք է խոչընդոտեին ակտիվիստներին, ինչպես արվում էր նախկինում, այլ հակառակ քաղաքական թեւը ներկայացնող ջահելները: Դուք լեւոնական եք, մենք՝ սերժական: Դուք Կոնգրեսի անդամ եք, մենք՝ ՀՀԿ-ի: Դուք մեր ղեկավարին ասում եք դավաճան, մենք էլ ասում ենք՝ դավաճան չի, ազգի հերոս է: Սկզբում պետք է լիներ վեճ, որը կվերաճեր լեզվակռվի, իսկ վերջում՝ ծեծուջարդի: Հետո պետք է գային ոստիկանները եւ ՀԱԿ անդամներին, եւ ՀՀԿ-ականներին բռնեին-տանեին բաժին: Մեր տեղեկություններով, հոդվածներ պետք է դրվեին եւ ակտիվիստների, եւ երիտհանրապետականների վրա: Իշխանությունն այս սցենարից շահում էր այն, որ քաղբանտարկյալներ չէինք ունենում, այլ ունենում էինք խուլիգաններ, որոնք, իրար ծեծած ֆուտբոլային ֆանատների նման, հավասարապես պատժվում են, անկախ այն բանից, թե ով ում էր երկրպագում: Ոստիկանության հաղորդագրության մեջ նրանք նշված են որպես «մի խումբ անձինք», որոնք, «Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 7/1 հասցեի մոտակայքում` մայթին, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ հասարակության` անցորդների, փողոցով երթեւեկող անձանց նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն»:



 



ՀՀԿ-Ն «ԿՄԱՔՐԻ» ԻՐ ՋԱՀԵԼՆԵՐԻՆ






Գիտեի՞ն արդյոք հանրապետական ջահելները, որ իրենց էլ են «փուռը տալու», թե՞ սա անակնկալ էր մնալու բոլորի համար, էական չէ: Ի վերջո, նրանք աչքի առաջ ունեն 2012 թվականի մայիսի 4-ի փորձը՝ փուչիկների հրկիզման օրը, ՀՀԿ-ի քարոզչական միջոցառման ժամանակ: Այդ օրը հիվանդանոց տեղափոխվեց 154 մարդ: Նրանք հիմնականում ՀՀԿ-ին նվիրված ուսանողներն էին: Այրվածքներ ստանալուց եւ բուժվելուց հետո նրանք սուսուփուս դուրս եկան հիվանդանոցներից, իսկ 200-ից ավելի հարցաքննված անձանցից միայն մեկը՝ փուչիկ լցնող խեղճ Բոզոյանը մեղադրվեց, ապա «մաքրվեց» արագացված դատաքննությամբ, դատապարտվելով 1 տարվա ազատազրկման, որը հետագայում չկրեց: Սա բավարար է համոզվելու համար, որ ՀՀԿ-ն տեր է կանգնում իր ջահելներին: Կենտրոնի բաժնում ՀՀԿ-ական ջահելները սկսել են «երգել», եւ այս երգը նույնպես «օպերացիայի» մասն էր: Նրանցից երկուսին՝ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ Հայկ Ղեւոնդյանին եւ ուսխորհրդի անդամ Դանիել Հայրապետյանին բացահայտել էին ՀՀԿ հայրերի հետ նկարներից:



 



ՖԲ-ՈՒՄ ՊԱՅԹԱԾ ԿՐՔԵՐՆ «ՕՊԵՐԱՑԻԱՅԻ» ԲՆԱԿԱՆՈՆ ԱՐՁԱԳԱՆՔՆ ԷԻՆ






Նրանց նկարները տարածվեցին նույն օրը երեկոյան, իսկ տարածողները՝ դիցուք «Լրագիր» կայքի թղթակից Թեհմինե Ենոքյանը, ենթարկվեց երկրորդ գծի ՀՀԿ-ականների հարձակմանը: Ոմն Ոսկանյան նրան սպառնացել էր՝ պահանջելով, որ իր անձնական ՖԲ էջից հանի «Բոզի շառ» եւ «Բոզերի ժամանակը» վերտառությամբ կոմիկ ժանրին հարող հրապարակումները: Նա ՀՀԿ-ական տղայից նամակներ էր ստացել. «Հիմա քո դուրը կգա՞, որ քո նկարները ֆոտոշոփ անեմ, Անժելա Սարգսյանի նկարների պես տարածեմ ինտերնետում»: Իսկ նրա ընկեր Է. Մինասյանից էլ ստացել էր. «Թեմո ջան, քեզ կոռեկտ պահի ու խնդրում եմ՝ հղումներդ ու ֆոտոներդ ջնջի: Դեմքդ շատ ծանոթ է, ի նկատի կունենամ»: «Այդ անձը եկել է Lragir.am, խմբագրիցս` Հայկազ Ղահրիյանից ներողություն է խնդրել երեկվա նամակների կապակցությամբ,- պատմում է Թեհմինեն,- եւ ամեն կերպ ցանկացել է իմ համարը ճշտել, որպեսզի ինձնից նույնպես ներողություն խնդրի, բայց խմբագիրս, բնականաբար, համարս չի տվել: Սա շատ մեծ դաս է նաեւ այն մարդկանց համար, ովքեր մտածում են, թե կարող են ճնշել խոսքի ազատությունը եւ մարդկանց բերանը փակել»: Իհարկե, ՀՀԿ-ականները փորձում են իրենց դեմքը փրկել: Իբր լավ տղաներ են, ինստիտուտում հարց լուծող, բայց համացանցում նրանց մասին կարդում են, որ սրանք մարդ բռնել տվող են, ցուցմունք տվող ու վախկոտ, մինչդեռ բերման ենթարկված ՀԱԿ 7 ակտիվիստներն իրենց պահել են «տղավարի». որեւէ մեկը ոչ մի տող չի գրել, եւ նրանց շուտով բաց են թողել: 



 



ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ ՉԷՐ ՆՇԱՆԱԿՎԻ






«Արձանագրություններ են կազմել, որի տակ մերոնցից ոչ մեկը չի ստորագրել,- պատմում է ՀԱԿ իրավական հարցերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը։- Մեր ակտիվիստները զրկված են եղել փաստաբանի ծառայություններից: Փաստաբան Վահե Հովսեփյանը, մի ժամ չանցած, ոստիկանության բաժնում է եղել, բայց նրան ներս են թողել միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջացած է եղել, եւ մերոնց բաց են թողել»: Հայտարարություն է տվել միայն լրագրող Անի Գեւորգյանը ոստիկանների՝ իր նկատմամբ կատարված բռնության մասին: Անի Գեւորգյանը պատմում է. «Ինձնից պահանջում էին հանձնել տեսախցիկը եւ հեռախոսը, իսկ ես հրաժարվում էի դա անել: Ասեցի՝ կհանձնեմ միայն փաստաբանիս եւ ընթերակաների ներկայությամբ: Իրենք էլ հեգնում էին՝ ի՞նչ փաստաբան, փաստաբանդ չի եկել, մինչդեռ ես գիտեի, որ փաստաբանը մուտքի մոտ է: Այդ ընթացքում ինձ անընդհատ լրագրողներ էին զանգում, եւ ես պատասխանում էի զանգերին: Ներս մտավ մի տղամարդ՝ քաղաքացիական հագուստով, որը խփեց դեմքիս եւ խլեց հեռախոսս: Դա Կենտրոնի ոստիկանության պետ Արտակ Պողոսյանն էր»: Ոստիկանությունում ծառայողական քննություն է կատարվում, իսկ ոստիկանները ժխտում են բռնության փաստը: Հարցին, թե արդյոք կա՞ ապացույց, որ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ բռնություն է եղել, Արմեն Խաչատրյանը պատասխանեց. «Ոստիկանության տարածած հայտարարության մեջ արդեն նշվում է, որ ծառայական քննություն է ընթանում, որն անտեղի, հենց այնպես չէր նշանակվի: Եթե առաջին դրվագով, փողոցում ակնհայտ երեւում է, որ բռնություն կա, ապա ոստիկանության ներսում արդեն Անի Գեւորգյանին զրկել են նկարահանելու հնարավորությունից: Հեռախոսը վերցրել են ձեռքից, խլել են չիպերը, եւ այդ միջադեպին ներկա են եղել ոստիկաններ, որոնք, իհարկե, հակառակը կպնդեն»:



 



ՀԳ. Փետրվարի 12-ի օպերացիան տապալվեց: Այս անգամ երիտասարդ կոնգրեսականները մենակ չէին, ինչպես Տիգրան Առաքելյանի հետ կապված միջադեպում: Փետրվարի 12-ի բախմանը միջամտեցին փորձառուները՝  Վահագն Հայոցյանը, Սամվել Աբրահամյանը, Սարգիս Թամազյանը, ինչը փոխեց իրավիճակը, եւ խուլիգանական «ռազբորկայի» սցենարը կանխվեց:



 



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ