Հայկական ռադիոյի անեկդոտի նմանությամբ

Հայկական ռադիոյի անեկդոտի նմանությամբ

Գորբաչովյան կառավարման տարիներին ինքս դպրոցական էի, բայց հիշում եմ՝ մի անեկդոտ էին պատմում. «Հայերը գնում են Կրեմլ, հանդիպում են Միխայիլ Գորբաչովին եւ ուրիշ ոչինչ չեն խնդրում` միայն երեք օրով Հայաստանին անկախություն տալ: Գորբաչովը տարակուսած հարցնում է. դրա իմաստը ո՞րն է, ենթադրենք՝ երեք օր անկախ համարվեցիք, հետո՞,  ի՞նչ պիտի փոխվի: Հայերը պնդում են` չէ, Դուք երեք օրով անկախություն տվեք՝ կտեսնեք… Բայց, ի վերջո, բացատրում են. «Առաջին օրը Հայաստանը կհռչակենք անկախ պետություն, երկրորդ օրը անկախ Հայաստանն ԱՄՆ-ին պատերազմ կհայտարարի, երրորդ օրը կհանձնվենք ԱՄՆ-ին»»:



 



Այն, ինչը հայերը կամ հայկական ռադիոն անեկդոտ էին համարում դեռ խորհրդային ժամանակներում, քառորդ դար անց ռուսներին, ի դեմս ՌԴ պետական իշխանության մարմիններում հավաքված մի քանի հարյուր կամ շուրջ հազար մարդու թվացել է realpolitik: Առանց չափազանցության այս մարդկանց թվում է, թե հնարավոր է աշխարհի որեւէ ծայրում, առանց տարբերանշանի զինյալներ ուղարկել, տեղական ղեկավարներին ինքնաձիգների ներքո հեռացնել, ինչ-որ ինքնակոչների ղեկավար կարգել, հետո զորք մտցնել այդ տարածք, տասն օրում հանրաքվե կազմակերպել, ընդդիմախոս ձայները լռեցնել, միակողմանի քարոզչություն եւ ահաբեկում ծավալել, անսահմանափակ քվեաթերթիկներ տպել, անգամ դրանց վրա ելունդներ չնախատեսել, ընտրացուցակներ չկազմել, ցանկացած մեկին թույլ տալ ցանկացած տեղամասում քվեարկել… Եվ այս օրինականության ու ժողովրդավարության տիպար նախապատրաստություններից հետո անցնել հայկական անեկդոտի եռաքայլ օպերացիային:



 



Ամեն պարագայում, Ղրիմում հենց հայկական անեկդոտը կյանքի կոչվեց: Մարտի 16-ին անցկացվեց հանրաքվե` տեղ-տեղ 100 տոկոսից ավելի կողմ ձայներ հավաքելով (Սեւաստոպոլում մարդահամարով հրապարակված բնակիչների թվից` ներառյալ անչափահասներին, 23 տոկոսով ավելի կողմ ձայներ է գրանցվել` 123% կողմ): Մարտի 17-ին Ղրիմը հռչակվեց անկախ պետություն:  Մարտի 18-ին ՌԴ-ի հետ պայմանագիր կնքվեց ՌԴ կազմում ընդգրկվելու մասին: Դժվար է չհամաձայնել Ուկրաինայի ԱԳ նախարարության գնահատականի հետ, որ արվածն աղերս չունի ոչ ժողովրդավարության, ոչ իրավունքի, ոչ էլ գոնե բանականության հետ:



 



Այլ հարց, որ Մոսկվայի քայլերը միշտ չեն բանականությամբ աչքի ընկնում: Հաճախ էլ  դրանք ոչ մի տեղ չեն տանում: Երեկվա Ղրիմի անեքսիան ճիշտ նման դեպք էր:  Պետդումայում նախագահ Պուտինի «համլետյան» մենախոսությունը մի քանի տասնյակ անգամ ծափահարություններով ընդհատելուց, ՌԴ-ի ու Ղրիմի ինքնակոչ ղեկավարների միջեւ պայմանագրի ստորագրմանը ծափահարելուց, ըստ իրենց՝ պատմություն կերտելուց եւ դա Կարմիր հրապարակում համերգով նշելուց հետո ավարտվեց ռուսական իշխանությունների կողմից ռուս հանդիսատեսի համար տրված թատրոնը:



 



Մինչդեռ ՌԴ սահմաններից դուրս եւ հատկապես Արեւմուտքում այն ոչ մեկին չզարմացրեց եւ չհուզեց: ԵՄ ղեկավարները դատապարտեցին եւ կրկնեցին, որ չեն ճանաչում Ղրիմի ոչ հանրաքվեն, ոչ էլ անեքսիան: Մարտի 21-ին կստորագրվի ԵՄ-ի հետ Ուկրաինայի Ասոցացման համաձայնագիրը, եւ մարտի 21-22-ին գումարվող ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը կքննարկի ԵՄ միասնական պատասխանը: Ենթադրելի է, որ կյանքի կկոչվեն Ռուսաստանի դեմ հեռահար տնտեսական պատժամիջոցները:



 



Իրենց հերթին G7-ի երկրները մարտի 23-24-ին Հաագայում գումարվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովում կորոշակիացնեն Ռուսաստանին տրվող համաշխարհային հակահարվածը:



 



Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ



[email protected]