Նախագահի մրցանակը մնաց օդում կախված

Նախագահի մրցանակը մնաց օդում կախված

Երեկ «Նախագահի մրցանակն անտե՞ր մնաց» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էինք գրականության ոլորտում տրվող ՀՀ նախագահի մրցանակին եւ դրա շուրջ ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես, որ հանձնաժողովը 9 գրքերից 2-րդ փուլ անցած 3 գրքերի հետ վարվել էր հետեւյալ կերպ. կրկնության պատճառով քվեարկությունից դուրս թողնելով Ղուկաս Սիրունյանի «Իմ թվերը» բանաստեղծությունների ժողովածուն՝ ըստ էության, մրցանակի ոչ մի շանս չէր թողել մյուս 2 գրքերի՝ Արեւշատ Ավագյանի «Ինքնության գույնն ու իմաստը» գրքի եւ Հովհաննես Երանյանի «Ողորմություն Ֆրոսյային» պատմվածքների ժողովածուի համար։ Բանն այն է, որ հանձնաժողովի 7 անդամներից 2-ն իրենց ձայնը տվել են  Հովհաննես Երանյանի, 3-ը՝ Արեւշատ Ավագյանի գրքին, իսկ հանձնաժողովի 2 անդամ ընդհանրապես դեմ են քվեարկել 2 գրքերին էլ։ Իսկ քանի որ հաղթանակը պետք է շնորհվի ձայների մեծամասնությունն ստացած գրքին, ապա ստացվում է, որ 2 գրքերից ոչ մեկն էլ չեն մոտեցել այդ սահմանին։



 



Վերոնշյալ հոդվածի հետքերով երեկ մեր խմբագրություն էր եկել Արեւշատ Ավագյանը, ով նվիրեց իր գիրքն ու ընդգծեց, որ, ի դեմս «Ինքնության գույնն ու իմաստը» գրքի, նախագահի մրցանակը տեր ունի։ Նա մեզ հետ զրույցում անկեղծացավ ու նշեց, որ իր անձի նկատմամբ տարիներ շարունակ անարդարացի վերաբերմունք է դրսեւորվում, մասնավորապես, 2000-ից սկսած, իր գրքերը ներկայացնում է գրականության գծով ՀՀ պետական եւ ՀՀ նախագահի մրցանակներին ու միշտ մեկ միավորի կամ մեկ ձայնի պատճառով չի ստանում։ Այս անգամ նորից մեկ միավորի խնդիր է եղել։ Նա չգիտի՝ նախագահականում գիտե՞ն, որ նման անարդար բաներ են կատարվում, թե՞ ոչ. «7 հոգու ձայների կեսն ստացածը պետք է ստանար մրցանակը, իսկ ես ստացել եմ 3 ձայն, այսինքն՝ մի ձայն էլ չի պակասել ինձ, իսկ 3.5 ձայն ես չէի կարող ստանալ, որովհետեւ այդ քվեարկության ժամանակ 2 հոգի ակնհայտ անարդար վերաբերմունք են դրսեւորել ժամանակակից հայ գրականության, մարդու, գրողի, մշակույթի նկատմամբ եւ ջնջել են 2 հեղինակներին էլ։ Շահագրգռված չեն, քանի որ իրենց ուզած մարդիկ չեն անցել։ Նրանք նույնիսկ վարկաբեկում են այն մրցանակը, որ նախագահի կողմից է տրվում»։ 



Արեւշատ Ավագյանը նաեւ նշեց, որ «Ինքնության գույնն ու իմաստն» արժանացել է բարձր գնահատականների մամուլում ու հենց գրականագետների կողմից։ Ավելին՝ առաջարկեց բաց քվեարկություն անել, ու թող հանձնաժողովի անդամները գրեն, որ «Արեւշատ Ավագյանի գիրքն արժանի չէ»։



 



Իսկ հանձնաժողովի կազմում են եղել Ազատ Եղիազարյանը, Սամվել Մուրադյանը, Սուրեն Դանիելյանը, Լիլիթ Արզումանյանը, Լաուրա Մուրադյանը, Գուրգեն Գասպարյանը, Նատալի Գոնչարը։ 



Հանձնաժողովի նախագահ Ազատ Եղիազարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հանձնաժողովի որոշումները գերադասում է չմեկնաբանել, ինչ վերաբերում է գրողի հանդեպ առկա միտումին, ապա նախապես պայմանավորված բան չի եղել. «Մեր բոլոր որոշումներն ընդունվում են քվեարկությամբ»,- նշեց նա՝ հաստատելով, որ 2 հոգի դեմ են քվեարկել 2 գրքերին էլ։ Ինչ վերաբերում է կես ձայնին, ապա «կամ մի ձայն ավել է, կամ մի ձայն պակաս է, անորոշություն չի եղել»։   



Այն դիտարկմանը, թե լավ չէ՞ր լինի մրցանակը գրքերից մեկին հանձնել, որպեսզի այն չկորչի, պատասխանեց. «Մենք ինքներս շահագրգռված ենք, որ մրցանակը չկորի, բայց հանձնաժողովը կոլեկտիվ մարմին է՝ 7 հոգի, եւ ես, որպես հանձնաժողովի նախագահ, ամեն ինչ արել եմ, որ լինի բոլորի կարծիքը, որ ինչ-որ մեկը չթելադրի կարծիք։ Եվ քվեարկության արդյունքներով է ստացվում ամեն ինչ, այդտեղ հանձնաժողովի նախագահը չի կարող եւ չպետք է փորձի փոխել այդ որոշումը, որովհետեւ այդպես են որոշել մարդիկ»։



Խոսելով Արեւշատ Ավագյանի գրքի մասին, Ազատ Եղիազարյանը նշեց, որ ընդհանրապես բարձր է գնահատում Ավագյանի ստեղծագործությունները, իսկ ինչ վերաբերում է նախագահականի հետ համաձայնեցնելու փաստին, ապա, ըստ Եղիազարյանի, նախագահը կամ ընդունում է, կամ չի ընդունում իրենց որոշումը. «Մենք ոչինչ չենք համաձայնեցնում, դա մեր որոշումն է, եւ այդ որոշումից դուրս որեւէ մեկը հատուկ կարծիք չի հայտնել»։ Իսկ, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն է հանձնաժողովի որոշումը՝ տա՞լ մրցանակ այս տարի գրականության ոլորտում, թե՞ ոչ: «Նախագահը կհաստատի որոշումները, նոր կասվի դրա մասին»,-թեման փակեց Ազատ Եղիազարյանը։ Սակայն, ըստ ամենայնի, այս տարի գրականության ասպարեզում նախագահի մրցանակ չի շնորհվի:



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ 



[email protected]