Վրացական լրագրությունը տարեդարձ է տոնում

Վրացական լրագրությունը տարեդարձ է տոնում

Ամեն տարի մարտի 21-ին Վրաստանում նշվում է «Վրացական լրագրության» օրը: Այս տարի վրացական լրագությունը հոբելյան է նշում: Այն 195 տարեկան է: Մարտի 21-ը պատահականորեն չի ընտրվել` որպես վրաց լրագրության օր: 1819թ.-ի հենց այս օրը հրատարակվեց առաջին վրացալեզու թերթը, որը հենց այդպես ել կոչվեց` «Վրացական թերթ»:



 



Վրացական թերթի ստեղծման գաղափարը ծնվեց 1818թ.ին: Գաղափարի ծնվելուց անմիջապես հետո սկսվեցին նախապատրաստական աշխատանքները` աշխատակիցների հավաքագրում և պատրաստում, տպագրության հետ կապված տեխնիկական հարցերի լուծումը և այլն: Սկզբնական մտահղացման համաձայն` «Վրացական թերթի» առաջին համարը պետք է լույս տեսներ 1819թ.-ի մարտի 1-ին, մինչդեռ դա տեղի չունեցավ: Պատճառը շատ պարզ է. Չկար գումար թերթի հրատարակության համար…



 



«Թերթի հրատարակության համար ահնրաժեշտ էր ունենալ 500 բաժանորդ, ինչպես նաև տպագրությունը չուներ բաժանորդների անհրաժեշտ քանակություն, և թերթի հրատարակությունը հետաձգվեց», -ասված էր առաջին վրացալեզու թերթի հրատարակչի կողմից արված հայտարարության մեջ:



 



Հարկ է նշել այն փաստը, որ հենց Ներսես Աշտարակեցին, որն այն ժամանակ ղեկավարում էր Վիրահայոց թեմը, իմացավ, որ վրացիները ֆինանսական սղության պատճառով չեն կարողանում թերթ հրատարակել, նա քիչ ջանքեր չթափեց, որպեսզի օգնի այդ գործի սկբզնավորմանը: Ներսես Աշտարակեցին օգնեց վրացական թերթին ոչ միայն ֆինանսապես, այլև ամեն շաբաթ գնում էր թերթի 100-ից ավելի համարներ` այդ կերպ աջակցելով նրա տարածմանը:



 



Ահա թե ինչ է գրում Ներսես Աշտարակեցու` առաջին վրացալեզու տպագրության հիմնադրման օգնության մասին «Վրացական թերթի» երրորդ համարը. «Թերթի ընթերցողների քանակի աճին մեծ մասամբ աջակցել է հայ արքեպիսկոպոս Ներսեսը, որը ձեռք բերեց թերթի ավելի քան 100 օրինակ և տարածեց հայ հոգևորականության շրջապատում: Դրանով իսկ օգնեց թերթի տպագրության սկզբնավորմանը»:



 



Այդ կերպ 1819թ.-ի մարտի 8-ին (նոր տոմարով մարտի 21-ին) հիմնադրվեց առաջին վրացալեզու թերթը և դրանով իսկ դրվեցին վրացական լրագրության հիմքերը:



 



«Վրաստանի Հայ Համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոնը սրտանց շնորհավորում է վրաց լրագրողներին մասնագիտական տոնի առթիվ և հույս ունի, որ վրաց լրագրողները բարեխղճորեն և մասնագիտորեն կիրականացնեն առողջ քաղաքացիական հասարակություն ստեղծելու այն պատասխանատու առաքելությունը, որը դրված է յուրաքանչյուր լրագրողի ուսերին:



 





 





 





 



armenian-community.ge/News/442?lang=arm