Օպերայի տնօրեն՝ Արմեն Սմբատյա՞ն, գեղարվեստական ղեկավար՝ Գեղամ Գրիգորյա՞ն

Օպերայի տնօրեն՝ Արմեն Սմբատյա՞ն,  գեղարվեստական ղեկավար՝ Գեղամ Գրիգորյա՞ն

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնի ընտրության ընթացքը գաղտնիության շղարշով է պատված։ Իսկ ստեղծված խորհրդավորության գլխավոր հեղինակը մշակույթի նախարարությունն է, ով, չգիտես ինչու, գաղտնի է պահում տնօրենի պաշտոնին հավակնող 9 հոգու անունները՝ տրամադրելով ընթացակարգի հետ կապված մի քանի կցկտուր ինֆորմացիա. այն է՝ ապրիլի 4-ին նշանակված օպերային թատրոնի տնօրենի մրցույթն անցկացվելու է թեստավորման եւ հարցազրույցի միջոցով, հանձնաժողովը ձեւավորվելու է մրցույթից 24 ժամ առաջ եւ, ոչ ավել, ոչ պակաս՝ առանց լրատվամիջոցների լուսաբանման։ Այդ առիթով նախարարությանն ընդամենը խորհուրդ կտանք կարդալ «Մամուլի եւ զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» ՀՀ օրենքի հոդված 27-ի 5-րդ կետը եւ ծանոթանալ լրագրողների իրավունքներին։ 



 



Ինչ վերաբերում է տնօրենի պաշտոնի թեկնածուներին, ապա այս պահի դրությամբ հաստատապես հայտնի են դրանցից 6-ի անունները՝ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահի տնօրեն Գագիկ Մանասյանը, Կամերային երաժշտության տան տնօրեն Արման Ծատուրյանը, օպերային երգիչներ Բարսեղ Թումանյանն ու Տիգրան Դավթյանը, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը։ Այս օրերին մամուլում շրջանառվում էին նաեւ օպերային երգիչներ Գեւորգ Հակոբյանի եւ Հովհաննես Այվազյանի անունները, ինչպես նաեւ տեղեկություն կար, որ առաջադրվել է Օպերայի գլխավոր ադմինիստրատոր Ժիրայր Տիգրանյանը, բայց վերջինս մեզ հետ զրույցում հերքեց իր, ինչպես նաեւ Գեւորգ Հակոբյանի եւ Հովհաննես Այվազյանի առաջադրման մասին լուրերը՝ նշելով, որ վերջիններս հիմա հյուրախաղերի մեջ են եւ այդ ինֆորմացիան տարածելու ժամանակ քաղաքում չեն էլ եղել։



 



Չնայած պաշտոնապես դիմում-հայտ չի ներկայացրել օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանը, բայց, ինչպես տեղեկացանք, հօգուտ նրա ստորագրահավաք է գնում Օպերայում՝ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նրան հրավիրելու համար։ Ավելին, ասում են՝ շատերին թուղթը «դեմ են տալիս» ստորագրելու, առանց բացատրելու, թե ինչի տակ պիտի ստորագրեն, ու քանի որ Գեղամ Գրիգորյանը նպաստել է շատերի՝ Օպերային թատրոնում հայտնվելուն, ապա կան մարդիկ, ովքեր շահագրգռված են տեսնել նրան Օպերայում։ Որոշ կարծիքների համաձայն, Գեղամ Գրիգորյանի համար կազմակերպված ստորագրահավաքն ընդամենը հակընդդեմ քայլ է Բարսեղ Թումանյանի համար Օպերայի մի շարք մեներգիչների կողմից կազմակերպված ստորագրահավաքին։ Մեզ հետ զրույցում Գեղամ Գրիգորյանը նշեց, որ տեղյակ չէ ստորագրահավաքից, ինչ վերաբերում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնին համաձայնել-չհամաձայնելուն, ապա երբ դիմեն, այն ժամանակ էլ կասի իր կարծիքը։ Այն հարցին, թե տեղյա՞կ է, որ 9 հայտ կա Օպերայի տնօրենի պաշտոնի համար, այսպես պատասխանեց. «Ինն էլ, հարյուր դիմում էլ կարող է լինել, դա ի՞նչ կարեւոր է, ես չեմ հետաքրքրվում, իրանք ինչ կանեն՝ կանեն»։ 



 



Արդեն հայտնի թեկնածուներից տնօրենի պաշտոնի համար այս պահի դրությամբ առավել հավակնող են համարվում Գագիկ Մանասյանն եւ Արման  Ծատուրյանը, վերջինս, ասում են, վայելում է Հասմիկ Պողոսյանի համակրանքը։  Ինչ վերաբերում է հենց նախարարի առաջադրմանը, ապա դա քիչ հավանական է գոնե այս պահի համար։ Մինչդեռ, ըստ որոշ աղբյուրների, հույժ գաղտնիության մեջ պահվող ու դեռ չբացահայտված 3 թեկնածուներից մեկը Արմեն Սմբատյանն է, ով վերջերս թողել է ԱՊՀ միջպետական մշակութային հիմնադրամի տնօրենի պաշտոնը եւ հանձին երաժշտական աշխարհում ունեցած իր կապերի, Կոնսերվատորիայի տնօրենների նշանակման հարցում ակտիվ դերակատարման, պատրաստվում է նույնքան ակտիվ մասնակցություն ունենալ նաեւ օպերային թատրոնի ճակատագրի հարցում։



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]