Արվեստի հանդեպ էլ են անտարբեր

Արվեստի հանդեպ էլ են  անտարբեր

 Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում երեկ բացված գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի ժամանակ հայրենի օրենսդիրների՝ նկարչության նկատմամբ դրսեւորած անտարբերությունը հիասթափեցրեց կազմակերպիչներին եւ ԱԺ եկած նկարիչներին։



 



Ցուցահանդեսը նախաձեռնել էր «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպությունը, ներկայացված էին մոտ 50 գեղանկարչական հիասքանչ աշխատանքներ՝ Հակոբ Սուքիասյանի, Սամվել Սեւադայի եւ այլոց: Մինչեւ մարտի 28-ը տեւող ցուցահանդեսը բարեգործական է, եւ նկարների վաճառքից ստացված գումարը նախատեսվում է տրամադրել Գյումրու Ս. Մերկուրովի անվան գեղարվեստի դպրոցի վերականգնմանը: Հարյուրամյա գեղարվեստի դպրոց, որտեղ դասավանդել եւ ուսանել են գյումրեցի հայտնի արվեստագետները:



 



Մինչդեռ մեր երեսփոխանների անտարբերությունից երեկ նախաձեռնողները թեւաթափ եղան։ Հաշված պատգամավորներ իրենց թանկագին ժամանակից 5-10 րոպե տրամադրեցին կտավների կողքով անցնելու եւ կազմակերպիչների ելույթները լսելու համար, իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 5 րոպե կանգնելուց հետո կազմակերպիչների ելույթի ընթացքում ճեղքեց հավաքվածների շարքերը եւ գնաց իր աշխատասենյակ։ Իրավիճակն այնքան անմխիթար էր, որ ԱԺ եկած Դոնարա Հարությունյանը` Լենինականի քաղաքային կոմիտեի հայտնի առաջին քարտուղարը, բարձրաձայն նեղսրտեց. «Այսպես չի լինի, անգամ չեն նայում, էլ ուր մնաց գնեն»։ Երեկվա դրությամբ միակ «արվեստասերն» ԱԺ-ում, պարզվեց, ԲՀԿ-ական Արագած Ախոյանն է, ով Հակոբ Սուքիասյանի  «Կեսօր»  գյուղական պատկերի համար վճարեց 1500 դոլար։ Ի դեպ, նկարների գները 250-ից 5 հազար դոլարի միջակայքում էին։