Մեզի ավելի շատ կնեղացնե Սերժ Սարգսյանին սուս մնալը, քան թուրքի հետ սահմանին մոտ լինելը

Մեզի ավելի շատ կնեղացնե Սերժ Սարգսյանին սուս մնալը, քան թուրքի հետ սահմանին մոտ լինելը

Սիրիահայ Հովիկ Ասմարյանն արդեն 2 տարի ապրում եւ աշխատում է Արցախում։ Հովիկն իր եղբոր հետ միասին զբաղվում է այգեգործությամբ, մշակում կիտրոն, նարինջ, մանդարին, ձիթապտուղ, կիվի, դեղձ, տանձ, սալոր, անգամ կոսմետիկայի մեջ օգտագործվող հազվագյուտ կակտուսներ։ Սիրիահայ այգեգործն ապրում է Ստեփանակերտում, բայց գրեթե ամեն օր Ստեփանակերտից գնում է Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղ, խնամում այգում ցանած ծիլերն ու մատղաշ ծառերը, որոնք դեռ պտուղ չեն տվել, պատճառն ուժեղ կարկուտներն են, որ առաջին բերքի ակնկալիքները ջրի հետ տարան: «Ցիտրուսի հարցում բախտներս չբերեց, շատ ցուրտ եղավ այս տարի, դրսի ցիտրուսը չմնաց, բայց ջերմոցի միջինը մնաց, ծառերը որոշ չափով ցրտահարվեցան, ոչ թե որ չէին դիմանա ցրտահարության, այլ որ նոր ցանված էին ու տակավին փոքր էին։ Հիմա, եթե այս տարի ձմեռը ցուրտ լինի, հարց չկա, արդեն ծառերը որոշ չափով արմատներն ուժեղ զարկել են հողին՝ կդիմանան»,-Բերքաձոր տանող ճանապարհին ասում է Հովիկն ու պատմում, որ մինչեւ Արցախ գալը Սիրիայում զբաղվել է առեւտրով եւ փոքրիկ այգի է ունեցել, որն ավելի շատ որպես հոբբի է եղել, ոչ այս մասշտաբի։ Պատմում է, որ բոլոր ծառատեսակները Սիրիայից են բերել ու տնկել, 2 տարի է՝ անընդհատ ներդրում են անում, բայց դեռ եկամուտ չեն ստացել։ Այգու հետ կապված ամեն խնամք էլ իրենք են հոգում՝ եղբայրներով, իրենց կանանցով, երեխաներով, որովհետեւ աշխատողի «նեղություն ունեն»։



 



Հովիկին խնդրում եմ պատմել, թե ինչքանով էր հեշտ Ղարաբաղում հաստատվելը, ինչ տեսակ խոչընդոտներ կային: Ասում է՝ սկիզբը շատ հեշտ էր, դժվարը վերջն է. «Որովհետեւ սկիզբն ամեն բանը շատ հեշտ ցուցեցին, որ շատ հեշտ անցանք, վերջը, որ արդեն կմնաս, ու էլ հետ դառնալու ճամփա չկա, ձեռքդ կձգեն արդեն»։ Պետության կողմից աջակցությունը դեռ միայն խոսքի մակարդակում է, դրանից բացի ոչ մի ուրիշ բան՝ իր խոսքում շեշտում է Հովիկը։ Հետաքրքրվում եմ, թե այդ դեպքում ինչո՞ւ հենց Ղարաբաղ, սովորաբար բոլորը գնում են Հայաստան, ասում է՝ նախ հողը սիրեցինք, հետո՝ ժողովուրդը, հողն էլ ավելի բարենպաստ էր այգեգործության համար. «Սկզբում եղբայրս եկավ, պտտվեց Հայաստան, Ղարաբաղ, հետո ես եկա, որոշեցինք, որ Ղարաբաղ պետք է մնանք, եւ հետ դարձա Սիրիա, ընտանիքս առի եւ եկա։ Հետո ուզեցինք հենց մի բան անել այստեղ՝ Ղարաբաղի համար»։ Հովիկը պատմում է, որ այդ ժամանակ Սիրիայում իրավիճակն արդեն լարված էր. «Մեր ելալեն մոտավորապես 1-2 շաբաթ հետո արդեն Հալեպ ճանապարհները փակվեց, մենք գրեթե վերջին խումբերեն էինք, որ կարողացանք ավտոյով դուրս գալ Հալեպեն, 2 շաբաթ հետո ավտոյի ճանապարհները լրիվ փակվեցան, մի քանի ամիս օդանավով կրցան գալ, բայց վերջը դա էլ փակվեցավ»։



 



Սիրիահայ այգեգործն ասում է՝ Ղարաբաղում մարդիկ լավն են ու բարի, նրա կարծիքով, պատերազմը հետքեր թողել է միայն մարդկային զգացմունքների վրա, եւ ղարաբաղցիներն էլ Սիրիայից եկածների հանդեպ ավելի ըմբռնող են ու հասկացող, քան երեւանցիները. «Տես, հայաստանցի չեմ ըսե, կըսեմ՝ երեւանցիները, հայերը կբաժանվեն 2 մասի՝ հայերը եւ երեւանցիները եւ բավականին «երեւանցիները», ովքեր ընդհանրապես բնիկ երեւանցի չեն, այլ ավաններեն հավաքված աղբը, ես ադանք կկոչեմ»։



 



Հովիկն ասում է՝ չնայած կռիվն ավարտվել է, ու պատերազմի վտանգն էլ միշտ առկա է, բայց դրա մասին գալուց առաջ չեն մտածել, ոչ թե որովհետեւ տեղյակ չէին իրավիճակից, այլ դա իրենց համար կարեւոր չի եղել: «Սա հայրենիք է, հոս ենք, մեզի շատ ավելի կնեղացնի, օրինակ, Սերժ Սարգսյանի սուս մնալը Նազարբաեւին դեմ, երբ որ այդպիսի առաջարկություն կընե Նազարբաեւը, ադիգա մեզ ավելի շատ վախ պատճառեց, քան թուրքերի հետ մի սահմանու մոտ լինելը, մենք մի շերտ հող ունենք հենց սահմանի մոտ, մեզ բան չընե, որ թուրքն ավելի մոտ է, մեզ ավելի կվախեցնե մեզմե եկած վտանգը, բայց այդքան լուռ մնալն արդեն վտանգավոր է, արդեն հայտնի է, որ բավական երկար Հայաստան մնաց, բավական նյութական շահեր ունի, որ իրանց մասին կմտածի ավելի, քան Ղարաբաղի»,-ասում է Հովիկն ու ավելացնում. եթե «շիտակ» կարծիք կուզես, սա է: «Թե չէ թուրքերը չեն վախեցնում»։



 



Հարցնում եմ՝ եթե իրավիճակը կայունանա Սիրիայում, կվերադառնա՞ն. «Կգնանք-կգանք, գուցե կգնանք էնդեղ կաշխատենք, որովհետեւ այնտեղ ավելի հեշտ է փող աշխատելը, բայց հիմնվիլը, ապրիլը, տունը, տեղը, ընտանիքը՝ չեմ կարծել, որ նորից էնտեղ տուն առնենք՝ չէ, այլեւս հոս՝ առայժմ հոս։ Մեկ-երկու այդպիսի կեցվածքներ Հայաստանի նախագահեն՝ որոշումը կփոխվե»։



 



Հետաքրքրվում եմ, եթե Սիրիայում պատերազմ չլիներ, կգայի՞ն Ղարաբաղ, ասում է՝ միշտ մտածել են, սփյուռքահայերի բոլորի երազանքն է Հայաստան գալը, բայց Հայաստանում կյանքի պայմանները դժվար են, ինչ վերաբերում է իրենց՝ ամեն առիթով միշտ եկել են Հայաստան, Ղարաբաղ, բայց հաստատվելը միշտ հետաձգվել է։ Տեսնում եմ, որ ջերմոցի ներսում՝ վառարանի կողքին եռագույնն է՝ Արցախի դրոշը: Ասում է՝ սփյուռքահայերն ավելի հայրենասեր են, ու պատմում է, որ անկախության օրը եռագույն դրոշները բացել են, երգել հիմնը, եւ հետո երեխաները, դրոշները ձեռքներին, վազել են դաշտերով։ 



 



Սոնա ԱԴԱՄՅԱՆ



[email protected]