Միստր Հովիկը յոգայի սեանսներ է անցնում

Միստր Հովիկը յոգայի սեանսներ է անցնում

Երկիրը ցավով լի է՝ որ մի ցավին հասնի Հովիկը: Եթե վարչապետ նշանակվելու առաջին մի քանի օրերին ուղղակի կոտորում էր իրեն՝ մերձենալու բողոքավոր ժողովրդին, հետո խելքը գլուխը հավաքեց ու մտածեց՝ ա՜յ մարդ, որ ինձ կոտորեցի, ո՞վ է տեղս իմանալու: Ավելի լավ է՝ ինձ գցեմ դոդի բախչեն ու յոգայի ինքնահանգստացման ձևերով զբաղվեմ: Ու գնաց Հանքավան, երեխեքի հետ չոփիկ-չոփիկ անելու, խաղիկներ տալու: Բոլորս էլ լավ գիտենք, թե երեխաների հետ շփումը ինչ կենարար ազդեցություն է ունենում մարդու իմունային համակարգի վրա: Դա մինի ցողունավորում է: Խնդաց, խնդմնդաց, թուշիկներից քաշեց, իր թուշիկն էլ դեմ տվեց, որ պաչեն, մանկացավ ու այն է՝ ուզում էր առաջին ճիչն արձակեր, հարայ- հրոց լսվեց՝ քամին Վարդենիսի տները քշել է, մարդիկ անտուն են ու դուրս են եկել բողոքելու: Սենց էլ բան կլինի՞,- բարկացավ վարչապետը,- սրանք մի օրում ինքնաներշնչման դրական լիցքերս կքամեն, նորելուկ ցողուններս էլ քամուն կտան: Ավելի լավ է իմ խելքին մեկը գտնեմ ու հետը հիպիական պարեմ: Ջա՜ն: Քեֆ անողին քեֆ չի պակսի: Ամերիկայի անկախության օրը Ջոն Հեֆերնի հետ այնպես լոք-լոք արեց, որ ինչքան անառողջ բջիջ կար, առողջացավ: Հեֆերնը, գաղտնի աղբյուրներն են վկայում, ասել է.



-Միստր Հովիկ, ես պարում եմ, հասկանալի է, Ամերիկայի անկախության օրն է, բա դու ինչու՞ ես պարում: Բա որ Ռուսաստանն իմացա՞վ…



Միստր Հովիկը դիվանագիտական պատասխան է տվել.



- Առողջական նպատակով եմ պարում, միստր Ջոն, բան ունե՞ս ասելու: -Յոգայի սեանսներ եմ անցնում, որ արևելք, արևմուտք, հարավ հյուսիսի ու Վարդենիսի մեջ կարողանամ գլուխ հանել…



 



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ