Գյուղերը կիսեցիք, որ ի՞նչ անեք

Գյուղերը կիսեցիք, որ ի՞նչ  անեք

Արմավիրի մարզում գյուղերն աշխարհագրորեն այնքան մոտ են, որ երբեմն միմյանցից մեկ փողոցով են բաժանվում: Շահումյանի դեպքում, օրինակ, ընդհանուր է ոչ միայն փողոցը, այլեւ դպրոցը, գրադարանը, բուժամբուլատորիան, անգամ գյուղի անունը: Տարբեր են միայն գյուղապետերը: Քչերը գիտեն, որ Արմավիրի մարզում Շահումյան անունով երկու գյուղ կա՝ մեկը փողոցի մի մայթին է, մյուսը, որը կոչվում է Շահումյան թռչնաֆաբրիկա՝ դիմացի մայթին: Սովետմիության տարիներին երկուսը մեկում են եղել, մեկ ընդհանուր՝ Շահումյան անունով:



 



Գյուղը երկու հավասար մասի է բաժանվել 1993-ին՝ Հայաստանի անկախ հանրապետության նորաթուխ իշխանությունների ջանքերով: Մի մասը՝ Շահումյան թռչնաֆաբրիկա անվան տակ, երկրի տերերը շնորհ արեցին Յայլոյան հեղինակավոր ազգին, իսկ իրական Շահումյանը, որտեղ եղել եւ այսօր էլ գտնվում են կրթական ու առողջապահական հաստատությունները, պահպանեց եւ կարգավիճակը, եւ անունը: Միայն թե շեշտակի կրճատվեց բնակիչների թիվը՝ 400 տնտեսությունից նվազելով 200-ի: Ճիշտ այդքան տնտեսություն էլ բաժին հասավ Շահումյան թռչնաֆաբրիկային: Թե վարչական տարածքներով, թե բյուջեով փոքրացած գյուղերից եւ ոչ մեկը անցած 21 տարիների ընթացքում ինքնակառավարվել չկարողացավ: Պատճառը բնակչության թվով պայմանավորված ֆինանսական սակավ մուտքերն են, ինչն ուղղակիորեն խոչընդոտեց դրանց կայացմանը եւ հարվածի տակ դրեց համայնքների հետագա զարգացումը: Համայնքների միավորումը, Շահումյանի գյուղապետ Հարություն Նավասարդյանի կարծիքով, ճիշտ եւ ճիշտ իրենց համար է: Արհեստականորեն միմյանցից բաժանված գյուղերն այնքան են փոքրացել, որ դրանցից եւ ոչ մեկը նույնիսկ սեփական եկամուտներ ապահովել չի կարողանում: «Մեր սեփական եկամուտները չեն բավարարում գյուղում որեւէ աշխատանք կատարելու, համայնքի զարգացումն ապահովելու համար: Բայց եթե համայնքները խոշորացվեն, ավելի շատ եկամուտ կունենանք եւ կկարողանանք որոշ բաներ անել գյուղի համար»,-ասաց Շահումյան համայնքի ղեկավարը: Նա դժգոհեց, որ նույնանուն գյուղի բնակիչներն օգտվում են բացառապես իրենց համայնքի վարչական տարածքում գտնվող ծառայություններից, բայց հարկատու են Շահումյան ԹՖ-ին: «Իրենք մեր բնակիչները չեն, բայց սպասարկվում են մեր համայնքում, օգտվում մեր ծառայություններից, որովհետեւ արհեստականորեն ստեղծված իրենց գյուղում ոչինչ չկա: Միայն անունով ու կնիքով է համայնք, բայց ծախսային առումով որեւէ պարտավորություն չունի: Հիմա ես ուզում եմ  մանկապարտեզը վերաբացեմ, ինչի համար բավական ներդրումներ պետք է անեմ՝ վերանորոգեմ, կահավորեմ, հետո սննդի գումար ու աշխատավարձ տամ: Բայց էդ մանկապարտեզից օգտվելու են նաեւ իրենց երեխաները: Ստացվում է՝ մեր սուղ բյուջեն ծառայեցնելու ենք նաեւ նրանց, ինչի դիմաց, մեղմ ասած, ոչինչ չենք ստանալու»: Շահումյանի ղեկավարին չի անհանգստացնում, որ համայնքների միավորումով կկրճատվի գյուղապետարանների աշխատակազմը: «Ի՞նչ կա որ՝ թող մի 5-6 հոգի էլ գործից դուրս մնան. փոխարենը նոր աշխատատեղեր կբացվեն մանկապարտեզում, նոր հաստիքների անհրաժեշտություն կառաջանա: Վերջապես, միավորված համայնքի բյուջեն թույլ կտա նաեւ հողաշինարար պահել, որի կարիքը շատ ունենք»:



 



ՀԳ. Շահումյան թռչնաֆաբրիկայի կամ, ինչպես բնակիչներն են ասում՝ Շահումյան 2-ի ղեկավարի կարծիքը լսել չկարողացանք. թեեւ աշխատանքային ժամ էր, բայց գյուղապետարանում որեւէ մեկին չգտանք:



 



Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ