Վերջապես խոսեց

Վերջապես խոսեց

Երեկ կառավարության նիստում պաշտպանության նախարարը խոսեց վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման եւ Քարվաճառ ադրբեջանական դիվերսանտների ներթափանցման մասին:  Սեյրան Օհանյանը, ով լրագրողներից խուսափում է, երեկ  նույնպես կառավարությունից հեռացավ գաղտնուղիներով:



 



Մինչդեռ նրա պատասխանների կարիքն ունի բնակչությունը, քանի որ երկրով մեկ տագնապալի լուրեր են շրջում, իսկ նախարարն զբաղված է իր ղեկավարած հիմնարկից լրատվամիջոցների ուղղությամբ հոխորտանքներ տեղալով: Նրա զեկույցում ընդգրկված չէր այն հարցի պատասխանը, թե հակառակորդի ազատ ելումուտի, մեր տարածքում խնջույքներ կազմակերպելու գործում որքան է իրենց՝ պատասխանատուների մեղքի բաժինը: Երեկ նա գործադիրի բարձր ամբիոնից ասաց. «…Միշտ տեղեկություն է եղել ԼՂՀ Պաշտպանության բանակից նաեւ Քարվաճառի հատվածում հնարավոր ներթափանցման դեպքերի վերաբերյալ, եւ վերջին ժամանակահատվածում նաեւ որոշակի հետքեր կային... ձեռնարկվել են համապատասխան միջոցներ՝ բացահայտելու հնարավոր ներթափանցած խմբերը: Այդ միջոցառումների ընթացքում... այդ հետքերի հետեւից գնալով՝ հայտնաբերել էին խմբի անդամներից մեկին:



 



Դրանից հետո մենք համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք. հավելյալ անցակետեր, նաեւ հավելյալ ստորաբաժանումներ ուղարկվեցին այդ հատված եւ... բացահայտվեցին խմբի բոլոր անդամները, որոնք եղել են Քարվաճառի տարածքում: Անկասկած, այդ միջոցառումների ընթացքում նաեւ բնակչությունը որոշակի մտավախություն ուներ, մանավանդ որ, նախնական տվյալներով, կա տեղեկություն, որ ԼՂՀ 17 տարեկան քաղաքացու սպանության համար կասկածվում է այդ խմբի անդամներից մեկը, որը վերջինն էր հայտնաբերվել... այսօր ՊԲ հրամանատարությունը հետորոնումային համապատասխան խնդիրներ է իրականացնում ե՛ւ առաջին գծում ծառայությունն ուժեղացնելու, հնարավոր ներթափանցման ուղիները բացահայտելու, ե՛ւ ականապատման, ե՛ւ այլ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ, ու նաեւ ազգաբնակչության շրջանում համապատասխան միջոցառումներ են իրականացվում, որպեսզի ժողովուրդը վստահ լինի, որ բանակն իրոք իր առջեւ դրված խնդիրները լուծում է…»:



 



 



Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ