Նախագահը պիտի ունենա խարիզմա, խելք, նորմալ տեսք

Նախագահը պիտի ունենա խարիզմա, խելք, նորմալ տեսք

Սկզբում մտածում էի, որ մարդիկ շատ են քաղաքագիտության մասին գրքեր կարդացել, եւ դա է պատճառը, որ գիտեն քաղաքականության թիվ մեկ կանոնը՝ ոչ ոք ոչ ոքի համար հենց այնպես ոչինչ չի անում։ Հետո հասկացա, որ մարդիկ ուղղակի այնքան են խաբվել հաշմանդամ իշխանությունների կողմից, որ թեկուզ Հիսուս Քրիստոսն էլ դնի իր թեկնածությունը, միեւնույն է՝ նրան չեն հավատալու, մտածելու են, որ նա էլ «կնստի ու կսկսի ուտել»։



 



Սերժ Սարգսյանը դեռ 3 տարի ժամանակ ունի ղեկավարելու Հայաստանը. քիչ ժամանակ չէ քաղաքական դաշտում հետնորդ՝ «ապագա նախագահ» աճեցնելու համար։ Չնայած նրա այն հայտարարությանը, որ պաշտոնավարման ավարտից հետո չի պատրաստվում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, այնուամենայնիվ, վախը դեռ մարդկանց սրտում է. «Դե կտենաք, նորից Սերժն ա նստելու։ Ինչի Ադրբեջանի նախագահ Ալիեւը սահմանադրությունը կարողացավ փոխել ու դարձնել միապետություն, Սերժ Սարգսյանը չի՞ կարա»։



 



Ո՞ՒՄ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԱԹՈՌԻՆ






Լրագրողական այս հարցումը ցույց տվեց, որ մարդիկ ոչ միայն չեն հավատում մեր պետական մարմիններին, այլեւ խիստ կասկածում են ընդդիմության անկեղծությանը։ 50 հարցվածներից միայն մեկ մարդ «ընդդիմության» ներկայացուցչի անուն տվեց։ Ուշադրությո՛ւն, այդ բախտին արժանացել է Անդրիաս Ղուկասյանը, միայն այն պատճառով, որ «սիմպատիչնի» տղամարդ է. «Նա խելացի է, ազնիվ եւ ներկայանալի տեսք ունի»։ Իսկ, ընդհանուր առմամբ,  մարդկանց համար միեւնույն է, թե ով է լինելու Հայաստանի նախագահը, քանի որ համոզված են՝ ոչինչ չի փոխվելու։ Հետաքրքրական է նաեւ, որ մարդիկ այլեւս քաղաքական գործիչների անուններ չեն տալիս։ Այնքան է քաղաքական դաշտն ընկղմվել պարապության մեջ, որ նույնիսկ ընդդիմության բաց թողած «գոլորշիներն» արդյունք չեն տալիս։ 50 հարցվածներից լսեցինք եւս մեկ անձնավորության անուն. «Կուզեի Ռոբերտ Քոչարյանը լիներ ՀՀ նախագահ։ Որովհետեւ ես իրան շատ եմ սիրում։ Սա իմ անձնական կարծիքն է»։ Ինչպես ասում են՝ անհնարին ոչինչ չկա։



 



Ո՞ՒՐ Ա ԸՆԴԵՂ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՍԿԻ ԼԻՖՏԸ ԿԱՆՉԵՆ՝ ՉԻ ԳԱ 



Հիշում եմ, թե ընտրությունների ժամանակ ինչպես էին մարդիկ քաղաքականության մասին խոսելիս թշնամանում միմյանց հետ, միայն այն պատճառով, որ տարբեր կուսակցությունների էին պաշտպանում, եւ հիմա հավատս չի գալիս, որ մարդկանց ուղղակի չեն հետաքրքրում այդ խոսակցությունները։ Ներկայացնում եմ մի քանի մարդկանց մտքեր, կարծում եմ՝ այս խոսքերը ստույգ նկարագրում են խորը քուն անցած քաղաքական դաշտը.



«Ի՞նչ ընդդիմություն, ա՛յ ցավդ տանեմ։ Ո՞ւր ա ընդեղ ընդդիմություն, սկի լիֆտը կանչեն՝ չի գա։ Սաղ էլ սուտ են, ով էլ նստի, սկսելու են գռփել»։



«Ընդդիմություն Հայաստանո՞ւմ, կատա՞կ ես անում։ Բա լրագրող ես, չգիտե՞ս, որ Հայաստանում էդ ընդդիմություն կոչվածը սաղ պրոյեկտներ են։ Փողը տալիս են, ասում են, գնա՝ մի քիչ հաչա, արի։ Էս ա մեր ընդդիմությունը»։



 



Ո՞ՒՐ ԵՍ, ՍՊԻՏԱԿ ՁԻԱՎՈՐ



 Հետաքրքրական են նաեւ մարդկանց պատկերացումներն այն մասին, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա Հայաստանի «ճիշտ» նախագահը։ Առաջին հատկանիշը, որ նշում էին գրեթե բոլորը, ազնվությունն է։ Բայց «անազնիվներին» էլ չեն մեղադրում՝ համարելով, որ «սոված մարդիկ են». «Կուզեի լիներ մեկը, ում աչքը կուշտ լինի, սոված չլինի ու բարի լինի։ Թե չէ սաղ էլ նույնն են, ով նստում ա՝ իրա՛ն, իրա՛ն»։



«Վառել բոլորին։ Հանրապետականներին կիսլատայով, նախագահի աթոռում նոր մարդ ենք ուզում տեսնել»։



«Նախագահը պիտի ունենա խարիզմա, խելք, նորմալ տեսք, մուկ չլինի՝ բոլոր առումներով»։



«Կուզեի հայ լիներ, ունենար Հովնան Խութեցու ոգին, Գնել իշխանի նվիրվածությունը՝ ըստ Պերճ Զեյթունցյանի, եւ նժդեհյան հայի ոգեթոնիրը միշտ բարկ պահեր»։



 



Օ՜, ԿԱՆԱՅՔ, ԿԱՆԱՅՔ



 50 քաղաքացիներից 3-ի ցանկությունն է, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինի կին։



«Կանայք ավելի կազմակերպված են։ Մեր երկրի համար լավ կլիներ կին նախագահը, հաստատ կլավանար վիճակը»։



«Թող լինի հումորի զգացումով օժտված, ահավոր հարուստ կին»։



 



Ո՛Չ «ՆԱԽԱԳԱՀ» ԳԱՂԱՓԱՐԻՆ



 Մարդիկ նաեւ հոգնել են «լիդերություն» անող քաղաքական թույլ կերպարներից։ Մեր քաղաքացիներից ոմանք նշեցին, որ կցանկանային Հայաստանը տեսնել որպես խորհրդարանական երկիր։



 



ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ



 Մեկ մարդ նախագահի աթոռին ուզում է տեսնել Անդրիաս Ղուկասյանին, մեկ մարդ՝ Ռոբերտ Քոչարյանին, 3 հոգի՝ կին նախագահ, իսկ 45 հոգու համար կարեւոր չէ, թե ով կլինի, որովհետեւ ոչինչ չի փոխվելու։



Հարգելի հաջորդ նախագահ, չնայած դեռ շատ ժամանակ կա, մինչ կդառնաք մեր առաջնորդը, կլինեք կին, Անդրիաս Ղուկասյանը, Հիսուս Քրիստոսը, թե հասարակ մի կոկորդիլոս, բայց մինչ կպատրաստվեք մեծ բեմ դուրս գալու, փորձեք հասկանալ, թե մարդիկ ինչպիսին են ձեզ պատկերացնում։



 



 



Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ