Մենք Թբիլիսիի նման չենք` հուշարձանների հարստությամբ

Մենք Թբիլիսիի նման չենք` հուշարձանների հարստությամբ

Երեւանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ճակատագրի է արժանանալու «Ամերիաբանկ»-ի շենքը, որը պատմամշակութային արժեք է, տեւական ժամանակ է, ինչ ապամոնտաժվել է՝ մնացել են արտաքին պատերը: Ի՞նչ փուլում է շինարարությունը, եւ ե՞րբ կտեսնենք շենքը վերակառուցված։




- «Ամերիաբանկ»-ի՝ Շահումյան հրապարակի շինությանը, մի շարք խորը, ընդլայնված մասնագիտական քննարկումների արդյունքում, տրվեց խնդրին լուծում, քանի որ դա հուշարձան շենք է, շենքերի համադրություն։ Փուլ առ փուլ ապամոնտաժման եւ այլ աշխատանքները կատարելով, բոլորովին 2 շաբաթ առաջ տվեցինք շինթույլտվությունը ավարտված նախագծի։ Հիմա մեզ տրված է 30 շաբաթ ժամանակ։




- Ճարտարապետական արժեք ներկայացնող մյուս հին շենքերը հնարավոր չէ՞ր այդ օրինակով պահպանել տեղում, մասնավորապես Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների տունը։ Արդյո՞ք «Հին Երեւան» նախագծով մի տեղում հավաքելն արդարացնում է այդ շենքերի պահպանումը։




- Թամանյանի նախագծով Տերյան փողոցը պետք է այնպիսին լիներ, ինչպիսին հիմա մենք ցանկանում ենք ունենալ, ասել է, թե Աֆրիկյանների տունը 4 մետր նրա երթեւեկելի մասում ցցված չպետք է լիներ։ Այսինքն՝ դա օրենքի ուժ ուներ նրան այնտեղից արդեն իսկ հանելու, այլ հարց է, թե ինչպես պետք է հանենք։ Չի կարող այդ հուշարձան-շենքը դեղահաբի պես մնալ փողոցի կոկորդում, եւ այնտեղ անհասկանալի կարգավիճակ ձեւավորի թե իր, թե ճարտարապետական միջավայրի համար։ Այդ իսկ պատճառով 2004թ. այն ընդգրկվեց տեղափոխվող հուշարձանների ցանկում։ Իսկ երբ «Հին Երեւան» ծրագիրը ձեւավորվեց, դրա մեջ Աֆրիկյանների տունն իր շատ տրամաբանական տեղը գտավ այդ համալիր շարքում, եւ որոշվեց, որ կտեղափոխվի ու կտեղադրվի այդ ծրագրում։ «Հին Երեւան» ծրագիրն արդեն անցյալ տարի կառավարության որոշմամբ ստացավ գերակա շահի իրավունք, եւ սկսվեց հաջորդ գործընթացը, տարածքը, որ 2,2 հեկտար է, ծանուցումներ բնակչությանը, նրանց հետ բանակցություններ, այն փորձի պակասը, որ մենք ունեցել ենք Հյուսիսային պողոտայի պարագայում՝ գերակա շահ ճանաչելով եւ բավականին աղմկահարույց կերպով մարդկանց շահերը գուցեեւ ոչ արդարացի խախտելով, փորձում ենք դա շրջանցել։ Կառուցապատողին հանձնարարված է մինչեւ 2015թ. իրացում անել՝ չխախտելով մասնավոր շահերը։ Պայմանագրերի 70 տոկոսն արդեն կնքված է այնտեղ։ Այդ շրջանակներում էլ արդեն ապամոնտաժվում է՝ մշակույթի նախարարության հետ համաձայնեցված եւ քաղաքապետարանի որոշմամբ, Աֆրիկյանների շենքը։ Լավ կլիներ, որ խանգարող հանգամանքներ չլինեին, եւ իր տեղում պահպանվեր պատմամշակութային կառույցը, բայց ստիպված ենք, մենք ինչպես պետք է արդարանանք մեր հետագա սերունդների առջեւ, որ ինչ-որ մի ծուռումուռ փողոց ենք ստացել, երբ ունեինք բոլոր տրամաբանական լուծումները։




- Որտե՞ղ են պահվում Աֆրիկյանների տան քարերը։ «Հին Երեւան» ծրագրի հեղինակ Լեւոն Վարդանյանի հետ վերջին զրույցում տեղեկացանք, որ ծրագրի իրագործման հողային աշխատանքները շուտով՝ այս ամռանը կսկսվեն։ Հուսա՞նք, որ վերջապես կտեսնենք։




- Ապամոնտաժված շենքերի քարերը, այդ թվում Աֆրիկյանների տունը, տեղափոխում ենք Սեբաստիա 37 հասցե, որտեղ 24 մետր երկարությամբ եւ 12 մետր լայնությամբ ծածկ ենք արել՝ ըստ պահանջվող կարգի, Աֆրիկյանների ժառանգի եւ մշակույթի նախարարության ներկայացուցչի իմացությամբ, ճակատային մասի քարերը՝ 90 տոկոս ավել անխոցելիությամբ, ի պահ են տրվել այդտեղ։ Մյուս շենքերի քարերը նաեւ Սպայի տան մոտ են պահեստավորված։ Իսկ թե երբ կսկսվի «Հին Երեւան» ծրագրի իրականացումը, լավատես լինենք եւ սպասենք։ Եթե ես մի բան ասեմ, ու դա չլինի, ես չափից ավելի լավատես կլինեմ։ Այդ ծրագիրը մեր կենտրոնի շահեկան պահերից մեկն է. մենք, ցավով եմ ասում, Թբիլիսիի նման չենք` հուշարձանների հարստությամբ։ «Հին Երեւանը» հեղինակն արել է էնտուզիազմով, ինչը շատ ողջունելի է, շատ մեծ տառապանք է կրել չարչարանքի առումով. դաստիարակված կամք ունի իր ներսում, որ կարող է անել այն, ինչ որ պետք է անի, անկախ նրանից, թե ինչպես են վերաբերվում։




- Աբովյան 5/5 հասցեում կառուցվող ու չավարտվող շինության հետ կապված՝ նույնպես խնդիրներ կան։ Այս խնդիրը ե՞ւս հնագիտական շերտի հետ է կապված։




- «Մոսկվա» կինոթատրոնի հարեւանությամբ՝ Աբովյան 5/5 հասցեում, այնտեղ էլ անավարտ շինության իրավիճակ կա «Մուլտի գրուպ» կազմակերպության կողմից, որտեղ պետք է կառուցվեր բազմահարկ հյուրանոցային համալիր։ Դրա քննարկումները, քաղաքաշինական բարդ իրավիճակի առումով, տեւական բնույթ կրեցին։ Ես ի պաշտոնե նաեւ մասնակից եղա տարբեր փուլերին, քննարկվեց Ճարտարապետների միությունում եւ մեզ մոտ, ի վերջո, շատ հանգիստ խղճով՝ մասնագիտական առումով, մենք տվել ենք հստակեցված ճարտարապետաշինարարական առաջադրանք։ Դա այն քայլն էր, առանց որի այդ շինարարությունը չէր կարող լինել, փաստորեն, սառեցվել էր հենց այդ պատճառով։



Բայց դա երեւանցուն տեսանելի չի, ցավոք սրտի։ Սառեցվել էր, որովհետեւ այնտեղ հայտնաբերվեց թանգարանային մաս, հնագիտական շերտ, հետո առաջադրանք փոխվեց պատվիրատուի կողմից, քննարկումներ եղան հարկայինությունը ցածրացնել, ի վերջո, այդ ընդհատումները նորից շրջանցելով եւ համագործակցելով՝ եկանք մի հաստատուն կետի, որ կարող ենք սպասել աշխատանքային նախագծի, որպեսզի տանք շինթույլտվություն։ Այս դեպքում գնդակն ամբողջությամբ գտնվում է պատվիրատուի դաշտում, որը մինչ այդ չկար։ Ես, որպես ճարտարապետ, ընդունում եմ, որ էական աշխատանք կատարված է, եւ կրկնում եմ, որ դա, ցավոք, չի ընկալվում քաղաքացու կողմից։ Ավելորդ չլինի ասելս՝ հորդորենք «Մուլտի գրուպի» ղեկավարությանը, որպեսզի նա որոշ պարտավորվածությամբ նույնպես իր հերթին վերաբերվի իր սեփականության եւ իր սեփական հայրենակիցների նկատմամբ։ Կառուցապատողներն էլ իրենց հերթին իրենց հայրենասիրությամբ եւ նվիրվածությամբ, որին չենք կասկածում, պետք է դրսեւորում ունենան, անընդհատ քաղաքապետարանը չպետք է հանրության առաջ իր եւ նրանց փոխարեն արդարացումներ փնտրի։




Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ