Քուր ջան իմ ցավի խաթեր հանրահավաքի կգաս, չէ՞

Քուր ջան իմ ցավի խաթեր հանրահավաքի կգաս, չէ՞


Արմավիրի գյուղերից է Սամոն: Բեղը երեսին չորացած այտոսկրերը ցցված: Երբ մի քիչ ուշ է զանգում ինձ, անհանգստանում եմ՝ մեռած չլինի՞… Դե տեսքն այնպիսին է, ասես էսօր- էգուցվա հարց է նրա մեռնելը: Այսօր առավոտ ծեգին զանգեց.
-Հանրահավաքի եմ եկել, ծանոթ տղերքի մաշինով:
Հանդիպեցինք, ոգևորված էր.
-Սամո ջան,- ասացի,- հանրահավաքին հավատու՞մ ես:
- Յա՜,- նեղացավ,- հանրահավաքը մենք ենք, ո՞նց չհավատամ: - Էսօր կարևոր օր է, եռյակը քննություն է հանձնելու՝ կանցնի, թե չէ, ժողովուրդը կորոշի: - Եթե էլի իշխանության քննադատությամբ զբաղվեն ու ոչ մի գործնական քայլ չանեն, մյուս հանրահավաքին մի մարդ էլ չի գա: - Մարդիկ կոնկրետ քայլի են սպասում:
- Հավատու՞մ ես Գագոյին, Լևոնին:
- Ես ինձ եմ հավատում: - Դանակը ոսկորիս է հասել,- ասաց:- Որ չգամ ու տանը նստեմ, ի՞նչ է փոխվելու: Ամեն ինչ նույնն է մնալու: Եթե նույնը մնաց, մեռած, պրծած ենք: Գոնե մի քայլ անենք, մեզ մարդ զգանք: - Անասուն հո չենք՝ պառկենք ու մորթվենք: - էլ ուրիշ շանս չունենք:- Սա՛ է: Ով էլ որ նիսյա խոսում է, չի ուզում, որ ժողովուրդը իրար գա, համախմբվի:- Ես իմ ժողովրդին եմ միանում, ոչ թե հարթակում կանգնած առաջնորդներին:
Երբ բաժանվում էինք Սամոն ասաց.
- Քուր ջան իմ ցավի խաթեր հանրահավաքի կգաս, չէ՞:



ՀԱՍՄԻԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ