«Վիճելի» Գարեգին Նժդեհը՝ շատ վիճելի տարածքում

«Վիճելի» Գարեգին Նժդեհը՝ շատ վիճելի տարածքում

Քանի՞ արձանների պատմություններ դեռ «կանհանգստացնեն» հայ «արձանասեր» հասարակությանը, քանի՞ Միկոյաններ եւ քանի՞ «կասկածելի անցյալ» ունեցող մարդկանց քարե կերպարները դեռ ինտրիգներ կառաջացնեն մեզանում, երբ ստիպված կլինենք փորփրել պատմությունը, հասկանալու համար՝ արժանի՞ են «անմահանալու», թե՞ ոչ: Բռնվե՛ք, գալիս է հերթական «փիլիսոփայական» հարցը. տեղադրել այստե՞ղ, թե այնտե՞ղ:
Դեռեւս 2011 թվականին, երբ շշուկներ էին պտտվում, թե Գարեգին Նժդեհի հրապարակում կանգնած Սուրեն Սպանդարյանի արձանը հանելու են եւ դրա փոխարեն կանգնեցնելու են Գարեգին Նժդեհի արձանը, փաստից անհանգստացած Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը նամակ էր գրել նախագահ Սերժ Սարգսյանին, թե տվյալ «վիճելի անձնավորության» արձանն այդտեղ տեղադրելն ընդմիշտ նրանց ճակատներին կդաջի «արձանաքանդ» անվանումը: Վերջապես մոտենում է այն ժամանակը, երբ հայերս կտեսնենք Գարեգին Նժդեհի կերպարը նաեւ արձանի տեսքով, բայց ահա քեզ զավեշտ. այն լինելու է ոչ թե համանուն հրապարակում, այլ Հանրապետության փողոցի երկայնքով նորաբաց այգում: Հիշեցնենք. խոսվում է, թե ժամանակին միզահոտով պարուրված, քարուքանդ այգին վերանորոգվել է, քանզի դրան հարակից նորակառույց «Ռոյալ կլասիկ հաուզ» շենքում նախագահ Սերժ Սարգսյանը բնակարան է գնել:



Քանդակագործ, ժողովրդական նկարիչ Լեւոն Թոքմաջյանը՝ միամտորեն, թե մտածված, նշում է, որ հանրապետականներն այս անգամ եւս համը հանել են. «Ես ինչքան հասկացա, քանի որ Գարեգին Նժդեհը նաեւ Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունն է, նրա փիլիսոփայական մտքերը, գաղափարները, նրանք ընտրել են Գարեգին Նժդեհին, որպես իրենց կուսակցության համախոհ ասեմ… որոշել են դնել Հանրապետության փողոցի վրա: Իհարկե, կարելի էր եւ այնտեղ դնել, հասկանում եք՝ այդ հարցն այսօր ինձ շատ չի անհանգստացնում»: Գարեգին Նժդեհի արձանի վրա այժմ «չարչարվում է» Գագիկ Ստեփանյանը, արձանի բարձրությունը լինելու է 5 մետր 70 սանտիմետր, իսկ տեղադրումը նախատեսված է իրականացնել 2015 թվականի աշնանը:



Իսկ հիմա քաղաքապետարանի գեղարվեստական եւ քաղաքաշինական խորհրդի անդամը՝ Լեւոն Թոքմաջյանի անհանգստությունների մասին. «Նորից եմ ասում, իմ խնդիրն այն է, որ գործը լավը լինի: Ես մի քիչ տարակուսում եմ, գործը դեռ հում վիճակի մեջ է: Նախնական տարբերակում Նժդեհն իր ձեռքերում սուր է բռնում, հանկարծ որոշվեց, որ սուրը պիտի հանվի, է՛, հիմա խնդիր է առաջանում, ձեռքերն ազատվել են, հիմա ո՞նց անի: Քանդակագործը հիմա լուծում է տվել՝ մեկն առաջ բերեց, մյուսը ծալեց: Մի տեսակ ինձ համար դիկտատորի, հռետորի տպավորություն թողեց, ինքն էլ շնորհքով տղա է, ասեցի այնպես արա, որ այդ դերասանական ժեստը դուրս գա միջից, ավելի դինամիկա մեջը լինի: Խնդրեցինք, որ նա շարունակի մեր դիտողությունները հաշվի առնել»: Իսկ ո՞վ է այդպես որոշել «դերասանություն» անել, Լեւոն Թոքմաջյանը պատասխանում է, թե ո՞նց ասի, վերեւներում են որոշել, իսկ հետո էլ, թե չգիտի. «Դե հիմա կամ թելադրել են, կամ համոզել են, մտածել է, որ պետք չի, էլի, սուրը, հիմա նա էլ սուրը հանել է, ուրիշ լուծում է տվել: Գագիկ Ստեփանյանը պատճառաբանում է, որ նա եղել է նաեւ փիլիսոփա: Հասկանում ենք, որ Նժդեհը եղել է նաեւ գաղափարական մարդ, զուտ կրակող չի եղել: Բայց նա բոլորիս մեջ նստած է որպես բուն հայրենասեր»:



Գարեգին Նժդեհը կանգնած է լինելու դեպի Հանրապետության հրապարակը, սակայն նայելու է դեպի ետեւ՝ Վարդան Մամիկոնյանին: «Կարմիր ցուցակի» ներկայացուցիչներից Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին լուրերն ինչպիսի հիստերիա առաջացրին մարդկանց շրջանում, իսկ ինչպե՞ս մարդիկ կընդունեն այն փաստը, որ կրկին կոմունիստ Սուրեն Սպանդարյանի արձանը մնալու է Գ. Նժդեհի անվան հրապարակում, իսկ Նժդեհն ուղեւորվելու է կենտրոն: Լեւոն Թոքմաջյանի խոսքերով, երբ արվեստագետներն իմացան այդ մասին, առանձնապես ուշադրություն չդարձրին, քանի որ իրենց մեծապես հետաքրքրում էր արձանն իր գեղարվեստական արժեքով՝ որպես ընդվզող մի տիպար:



Դե, ինչպես ասում են՝ «հառա՛ջ, քաղաքապետարան», կարելի է հրապարակին կից այգին էլ անվանել Սուրեն Սպանդարյանի անունով կամ, ինչո՞ւ ոչ՝ Անաստաս Միկոյանի, մի կրակոցով երկու նապաստակ խփել: