Երևանը՝ հայ երգարվեստում

Երևանը՝ հայ երգարվեստում

Քաղաքի պատկերահանությունը տաղերում, գուսանական, էստրադային, օրորոցային երգերում բացահայտում է նրա պատմության թեկուզ ոչ ամբողջական, բայց կարեւոր ու հետաքրքրական իրադարձությունները:



Թերթելով «Երեւանը՝ հայ երգարվեստում» ժողովածուն, տեսնում ենք, թե դարերի մեջ ինչպես է երգից երգ փոփոխությունների ենթարկվում մայրաքաղաքը, այդ փոփոխություններն ինչ տոնայնությամբ եւ ինչ տրամադրությամբ են երգերի մեջ դրսեւորվում: «Երեւանը՝ հայ երգարվեստում» գիրքն ունի բաժիններ. «Գուսանական եւ ժողովրդական երգեր», «Դասական եւ էստրադային երգեր», «Հայ ժողովրդական օրորոցային եւ մանկական երգեր»: 15-17-րդ դարերի տաղասաց հեղինակները սգում են թշնամիների ասպատակումները, Երեւանի կորուստը. «Վա՜յ տանք երկրին Արարատեան, Մայրաքաղաքն ի յԵրեւան, եւ գեղանուն ամենքեան, Ձեռն այլազգեաց գերի անկան»:
Հովհաննես Մակվեցին` «Եկայք Ադամայ Որդիք» ողբի մեջ պատկերում է Շահ Աբասի արշավանքը եւ Երեւանի անկումը.



Որպես կարկուտ գայ գետին`



Նոյնպէս զորքն Պարսից եկին․



Գլուխ զօրաց էր նոցին



Շահ Ապազ Խուտաբանտ որդին,



Հազարապետք ընդ նըմայ



ՅԵրեւան քաղաք եկին:



Ողբը շարունակվում է պարսկական զորքի կողմից քաղաքաբնակներին սպանելու, մյուսներին գերեվարելու դաժան տեսարաններով. «Շաբաթ էր լուս կիրակի` որ կրակ տուին յԵրեւան»:



Նաղաշ Հովնաթանի «Գովասանություն Երեւանա քաղաքին» գործի մեջ ծաղրի են ենթարկվում Երեւանի փնթիությունը, քաղքենիությունը.



Չունի մեկ գովելու պատճառ,
Բաղաստանն փնթի, մուռտառ,
Կու ծախեն խիստ խաշար աստառ,
Թրփա-քեչա աթառ-փաթառ:



Հովնաթանը նկարագրում է մի քաղաքի կեցություն, որ թաղված է աղտեղության, բռնության ու խարդախության մեջ. «Ձեռացներն նետ ու թուանկ», «Աշխարհս` էժան, Երեւան` թանկ», «Լի է մոծակ, մժիկ, բղոչ, Ալիշ-վերիշն է խիստ փոչ»: Եվ, ահա, Հովնաթանի վերջին տողերն են.



Նաղաշն Երեւան շատ կացավ,
Ջիկարն այրեց, հիւանդացավ,
Սպիտակ սառույցին զարմացավ,
Խմեց` սրտիկն հովացավ:



Բնական աղետների արտացոլքը: 1679 թվի հունիսի 4-ին Երեւանում տեղի ունեցավ 8-9 բալանոց մեծ երկրաշարժ, որի արդյունքում քաղաքն ամբողջովին հողին հավասարվեց, ավերվեցին եկեղեցիները, մզկիթները, բերդը, տները, խանի ապարանքները, բաղնիքները, այգիները, կամուրջները: Քաղաքը 7 հազար 600 մարդկային զոհ տվեց: Եվ Երեւանի մեծ երկրաշարժի նկարագրությունը տեսնում ենք Սաֆար Օղլիի «Երեւանա շարժը» ողբի մեջ.



Շարժ ելաւ ու թռաւ սուն ու գերանը,
Ջարդեցաւ մէջք ու պէջքը, աչքն
ու բերանը,
Շրջեցավ պարիսպը, փլավ խորանը,
Չարութիւն բերեց Երեւանայ:



Այնուհետեւ գալիս են գուսանները եւ փառաբանելով ու փնովելով՝ երգում մերթ իրենց երեւանյան սիրո մասին, մերթ ռուսների կողմից քաղաքն առնելու, գաղթականության, քաղաքի սոցիալական վիճակի մասին: Պարսկական լծի ազատագրումից հետո աշուղական երգերում ակնհայտորեն զգացվում է քաղաքային կյանքի բարեկարգումը. «Հառջի Յերեւանն էլ չկար, որտեղ նայի-արձան, նկար… Վոնչ մե հիվանդ, վոնչ մե տկար, Ել չկա ցավ, տիֆ ու խոլեր»: Փոշու, կեղտի փոխարեն երգերում հայտնվում են փարթամ ծառաստանները, կաթուկ մրգերը, կառքին փոխարինելու է գալիս տրամվայը, հայտնվում են գործարանները: Երգերում Երեւանի խորհրդայնացումն ավելի ու ավելի է պարզվում, սովետական կյանքը մուտք է գործում քաղաք իր բոլոր կերպերով:



Եվ, ուրեմն դասական, եւ էստրադային երգերի ժամանակն է:



Այստեղ հիմնականում նոր, թամանյանական քաղաքի փառաբանումներ են, նաեւ որոշ երգերում, ինչպիսիք են, օրինակ, «Երեւան-Սոֆիա», «Երեւան-Պրագա», ներկայացված են սոցիալիստական մայրաքաղաքների առնչակցությունները: Խորհրդային Հայաստանի մայրաքաղաքը միայն զվարթ տրամադրությունների մեջ է: Գովաբանվում են նրա աշունը, առավոտը, ջուրը, գովաբանվում են երեւանյան աղջիկները, խոսվում է նրա` համայն հայության մայրաքաղաք լինելու մասին: «Միլիոնանոց քաղաք» երգի առաջին տողերն են.



Երեւանը միլիոնանոց քաղաք
դարձավ
Մեր օրերում արագ:
Հայաստանը չի ունեցել մինչեւ
հիմա
Միլիոնանոց քաղաք:



Ռուբեն Հախվերդյանի ու Ֆորշի երգերում Երեւանն ավելի անձնական ու լիրիկական բնույթ ունի: Մարդիկ, փողոցները, բակերը, սրճարանները անմիջնորդաբար կապված են քաղաքաբնակի անհատական հիշողության հետ:



Պատմության դասագրքերում Երեւանի համայնապատկերը կարելի է ամբողջության մեջ տեսնել, սակայն հայ երգարվեստում քաղաքը լուսաբանում է նաեւ իր կյանքի յուրահատուկ մասնավորությունը: