G-19-ի լուրջ ձեռքբերումները

G-19-ի լուրջ ձեռքբերումները

Աշխարհի մամուլը շարունակում է քննարկել Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում տեղի ունեցած G-20-ի գագաթնաժողովը: Բացարձակապես ոչ մի խոսք այն մասին, թե ինչ տվեց այդ մեծ ֆորումը մարդկությանը, ինչ կարեւոր համաձայնություններ ձեռք բերվեցին, ինչ պայմանագրեր կնքվեցին, ինչ խնդիրներ լուծվեցին, որոնց համատեքստում, ենթադրենք, դժբախտության եզրին հայտնված մի ժողովրդի համար հույսի նշույլ ծնվեց Մեծ քսանյակի այդ հավաքում: Ամբողջ աշխարհի մամուլը գրում է միայն այն մասին, թե ինչ վերաբերմունքի արժանացրին ՌԴ նախագահ Պուտինին: Տպավորություն է, որ G-20-ի ավստրալական հանդիպումը բացառապես Պուտինին ինչ-որ բան հասկացնելու համար էր հրավիրվել եւ, բնականաբար, պատմության մեջ էլ հիշվելու է որպես Պուտինին դաս տալու գագաթնաժողով:



Եթե աշխարհի Մեծ 20-յակը հավաքվում է կենգուրուների հեռավոր երկրում Պուտինին դաս տալու համար, ապա ստացվում է, որ Պուտինն այնքան կշիռ ունի, որ կարողանում է իր անձով այդքան նեղություն պատճառել մնացած 19-ին:



Աշխարհի մամուլը գրում է միայն Պուտինի մասին, իսկ մյուսները, կարծես, այնտեղ չեն եղել, եւ նրանք էլ, ովքեր փայլել են (Կանադայի եւ Ավստրալիայի վարչապետներ Հարփերը եւ Էբոթը), փայլել են բացառապես իրենց դիվանագիտական բռիությամբ: Այսքան բան: Մնացած ամեն ինչը կոալա պարկավոր արջուկների եւ Պուտինի մասին է: Իսկ ամեն ինչ սկսվել էր դեռ գագաթնաժողովի նախօրեին, երբ Ավստրալիայի վարչապետը հայտարարել էր, թե Պուտինից հաշիվ է պահանջելու Ուկրաինայի երկնքում խփված մալազիական ինքնաթիռի կապակցությամբ: Դրան ի պատասխան, ռուսական հեռուստատեսություններն սկսեցին ցուցադրել մի լուսանկար, որտեղից երեւում է, որ քաղաքացիական Բոինգ 777-ը հարձակման է ենթարկվել օդից` ռազմական ինքնաթիռի կողմից: Հայտարարվեց, որ ռազմական ինքնաթիռի գնդացիրները նախ հարվածել են օդաչուների խցիկին, ապա արձակվել է ճակատագրական հրթիռը, եւ վերջում, որպեսզի խառնեն հետքերը, Բոինգի ուղղությամբ արձակվել են ջերմակառավարվող այլ հրթիռներ եւս: Բայց սա ազդեցություն չունեցով վարչապետ Էբոթի վրա, եւ օդանավակայան` Պուտինին դիմավորելու ուղարկեց իր կառավարության հինգերորդական դեմքերին, որոնց մեջ գտնվել են այնպիսիք, ովքեր մեջքով շրջվել են ինքնաթիռից իջնող հյուրի կողմը:



Կանադայի վարչապետ Հարփերը մասնակիցների ձեռքսեղմման եւ նկարվելու արարողությանը «հաջողացրել» է Պուտինին ասել. «Ես սեղմում եմ Ձեր ձեռքը, բայց Դուք պետք է կորչեք Ուկրաինայից»: Ինչ վերաբերում է «կորչել» արտահայտությանը, ապա բոլորը գիտեն, որ մարդուն որեւէ տեղ «ուղարկելու» արտահայտությունների բազմազանության տեսակետից ռուսերենը, թերեւս, իր հավասարը չունի աշխարհի լեզուների մեջ: Թե ինչ է պատասխանել Պուտինը, ոչ ոք չգիտի եւ ոչ ոք չի գրում այդ մասին, այդ թվում նաեւ ռուսական կողմը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ G-20-ը հավաքվել էր ոչ թե որեւէ բան քննարկելու կամ մարդկությանն ի նպաստ գործ անելու, այլ Պուտինին ստորացնելու եւ այդկերպ նրա մեկուսացվածությունն աշխարհին ցուցադրելու նպատակով: Ղեկավարների խմբակային լուսանկարում Պուտինին կանգնեցրել են առաջին շարքի եզրում` ոչ առաջատար պետությունների շրջապատում, պաշտոնական ճաշի ժամանակ հարկ են համարել ՌԴ նախագահին նստեցնել Բրազիլիայի նախագահի սեղանին: Կազմակերպիչ ավստրալական կողմը, ինչպես ասում են, գտնվել է արեւմտյան տերություններին սիրաշահելու գործում «իր բարձրության» վրա: Այլապես կարող էին նաեւ հետեւություն անել, որ այսպիսի ընդունելությունն ու վերաբերմունքը նախեւառաջ իրենց երկրի իմիջին են հարվածում:



Բրիսբենից մեկնելիս Պուտինը, իրեն ճանապարհողների մեջ չտեսնելով որեւէ «հավասարի», մոտեցել է էսկորտի ոստիկանին եւ, ի նշան հրաժեշտի, սեղմել նրա ձեռքը: Ապա իր վաղաժամ մեկնումը բացատրել է այսպես. այստեղ՝ Ավստրալիայում, ամեն ինչ շատ բարձր մակարդակով էր կազմակերպված, բայց ես ավելի կարեւոր գործեր ունեմ` աշխատանքի եմ: Դե ինչ, կարող ենք արձանագրել` Մեծ 20-ի գագաթնաժողովն իր ֆունկցիան կատարեց: Իսկ ով հասկացավ, թե որն էր այդ ֆունկցիան, թող ձեռք բարձրացնի: