Քաղաքագրություն. Երևանը ըստ Ռափայել Պատկանյանի «Երեւան» էսսեի

Քաղաքագրություն. Երևանը ըստ Ռափայել Պատկանյանի «Երեւան» էսսեի

«Երեւան, որ հասանք, առավոտվա ժամը 2-ը կամ 3-ը կլիներ. երկինք մութ խավար էր. փողոցների մեջ ոչինչ շարժմունք չիկար, մարդիկ խորունկ քնած էին՝ ցերեկվա աշխատանքեն եւ տոթի տանջանքեն հոգնած, խոնջացած. միայն արթուն էին անգութ արյունարբու «մղեղները», որոնք, քաղաքի ծայրեն սկսած մինչեւ Ջալալյանի դատարկ բնակարանը, (նորա ընտանիքը Ծաղկաձորումն էր ուր այն օր օթեւանեցինք) ինձ հանգստություն չիտվին»:




Ռափայել Պատկանյանը սկսում է նոթագրել Երեւանը` անգութ, արյունարբու մղեղների պատճառած անհանգստությունները նկարագրելով: Ամռավա շոգ օրերին Երեւանի համարյա բոլոր թաղամասերում դեռ հնարավոր է տեսնել այդ փոքրամարմին, բարակ կնճիթով արյունածուծ երկթեւ միջատին, որ գլխավորապես ուրիշ քաղաքներից թափանցած եկվորի թարմ, անբիծ մարմին է նախընտրում:




«Շատ հավանեցա Երեւանի բակերին (ազպար, հայաթ), որ մեծավ մասամբ պարտեզ ու ծաղկոց են դարձուցած, եւ չեն նմանում մեր Նոր Նախիջեւանի բակերուն, որն լի են մուժիք կառապաններով, մուժչիքա աղախիններով, ջրկիր-սայլերով, կառքերով եւ այլն…»:




Մուժիք կառապաններ՝ ինչքան սիրտդ ուզի, չնայած այն բանին, որ կառքերը փոխարինվել են բազմաբնույթ տաքսիներով, որ վարում են ազգային ավանդապատում կերտող վարորդները, որոնք մեկ-մեկ մղեղներից ավելի անտանելի են թվում: Իսկ մուժչիքա աղախինների մասին ավելի շատ տեղեկություններ կարելի է քաղել ընթացիկ մամուլից: Հիմա մուժչիքա աղախինները ներգաղթել են քաղաքական դաշտ, եւ այնտեղ դեռ հնարավոր է գտնել նրանց:




«Երեւանը երկու ձեւ փողոցներ եւ երկու ձեւ տներ ունի՝ ասիական եւ եվրոպական: Եվրոպական փողոցները, որ այնտեղի հայերը պլան են ասում, ուղղագիծ եւ լայն են, իսկ ասիականները՝ նեղ ու ծուռումուռ. Մաքրության կողմանե երկուսն էլ շատ պարծենալու տեղ չունին. Այնպես փողոցներ կան, ուր գեշի հոտը տարին տասներկու-ամիս փռված է ու ազատ շունչ առնել չէ տալիս… Երեւանի մեջ ես մի հատիկ պատուհան չիտեսա, որ երկաթե ամուր վանդակներով, բանտի նման պաշտպանված չլիներ: Պատճառը հարցուցի եւ իմացա, որ այդպիսի զգուշությունը երկու առիթե է հառաջացած, նախ՝ ավազակներու եւ երկրորդ՝ կնիկ կամ աղջիկ փախցնողներու ահեն»:




Քաղաքում դեռ կան փողոցներ, որոնց գեշի հոտը տարին տասներկու ամիս փռված է, 16-րդ դարից սկսած: Բառիս բուն իմաստով «կնիկ փախցնողները» Երեւանում վերացել են, իսկ ահա տներն օղակած պարիսպները բարձրանում են ու բարձրանում: Ազատություն սիրող առանձնատներ, նույնիսկ բնակարաններ, խրճիթներ, պատուհաններ քաղաքում դժվար թե տեսնես: Ամեն քայլափոխի ագռավաքարեր են, եւ դրանք բնավ, այսպես ասած, ներանձնային փակություններ չեն: Հայի ամեն պարսպված առանձնատուն առանձին հայրենիք է, իսկ պարիսպներից ու ճաղերից դուրս տեղի ունեցող աղետն առանձնատանը չի վերաբերում:




«Մեղքն այն փողին, որ հայը մսխում է «եվրոպացի եւ լուսավորյալ երեւալու» համար:



Այսօր դժվար թե հայը փող մսխի «եվրոպացի եւ լուսավորյալ երեւալու» համար, որ մեղսալի մի բան չէ: Փողերը մսխվում են ոչ թե որեւէ բանի համար, այլ ուղղակի մսխվում են՝ անկախ Բանից:




«Երեւանն իմ վրա այն տպավորությունը չարավ, որն ես սպասում էի մի հայ քաղաքե: Երեւանը արագ եւ սաստիկ օտարանում է, եւ դորա միակ պատճառն է համալսարաններումը լուսավորված երիտասարդների պակասությունը»:
Երեւանի համալսարաններում շատ երիտասարդներ արագ տեմպերով «լուսավորվում» են, դառնում պանծալի արծիվներ, սովորում ուտել-խմել, բուծվել, հանրապետականանալ, կեղծել, ծառայել, ստրկանալ: Լուսավորվածները քաղաքից հեռացել են, իսկ լուսավորվողները կհեռանան:




«Սաստիկ ծիծաղս գալիս էր, երբ տեսնում էի երեւանցի կնկա ազգային գլխակապը (որ շատ նման է թագուհու թագի) թողած եւ նրա տեղը մուծած եվրոպական քուաֆյուռ. Նմանապես ոչ սակավ ծիծաղելի էր նաեւ ուրիշ նորաձեւությունները հալավի մեջ, որն այնպես էր սաղ գալիս խաթուն Գյուլնազարին կամ Զարմանազանին կամ Զմրուխտ-բաջիին, ինչպես որ ձիան թամբը գոմեշի վրա դրված: Անտեղի նորաձեւությունը, ամեն բանի մեջ, ամեն տեղ եւ ամեն ժամանակ ծիծաղելի եղել է եւ պիտի լինի… երեւանցիկ որքան կամենան՝ թող բարկանան վրաս, բայց կուգա օր, երբ նոքա աչքերը արտասուքով կհիշեն իմ խոսքերը»:




Օրերը եկել-անցել են, ու մենք՝ երեւանցիներս, ամենեւին արտասվալից աչքերով չենք հիշում քո խոսքերը, զի քաղաքում կնկա ազգային գլխակապերով Զմրուխտ-բաջիների պակաս մենք չունենք:




«Միջին վիճակ - ահա մեր օրվա հայերի նշանաբանը: Բայց ցավը այն է, որ մեր հետին բաղղալը աշխատում է առիսթոքռաթ ձեւանալ: Գնա ու էշը ցեխեն հանե:
Միով բանիվ՝ Երեւանը իմ վրա շատ ծանր տպավորություն արավ»:




Համաձայն եմ՝ միջին վիճակ: Բայց սա վաղուց մեր օրվա հայերի նշանաբանը չէ: Օրենքի ուժով ստացած ավանդություն է, որից հրաժարվել չենք կարող, մենք դավաճաններ չենք:



Միով բանիվ ՝ այս Երեւանը դու չէիր կանխագուշակել: