Գրականագիտական գիրքը՝ գրականության անվանակարգի հաղթող

Գրականագիտական գիրքը՝ գրականության անվանակարգի հաղթող

Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անուններն արդեն հայտնի են: Գրականության ոլորտում հաղթող է ճանաչվել Դավիթ Գասպարյանի «Գուրգեն Մահարի» մենագրությունը: Երաժշտության ոլորտում՝ Երվանդ Երկանյանի «Միստերիա» սիմֆոնիկ պոեմը, գեղանկարչության ոլորտում՝ Զաքար Խաչատրյանի «Ամառային օր» գեղանկարը, իսկ «Մանկապատանեկան ստեղծագործություն» անվանակարգում՝ Լիլի Էլբակյանի «Ալիսը՝ հրաշքների աշխարհում» ներկայացումը:



Նշենք, որ «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության մրցանակներին հավակնելու իրավունք ունեն ստեղծագործողներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից:



Մրցանակաբաշխության աշխատանքները համակարգող Գայանե Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ինչն է պատճառը, որ 8 անվանակարգի փոխարեն, ինչը սովորաբար լինում էր նախորդ տարիներին, այս տարի ներկայացված են եղել միայն 4-ը: Վերջինս նշեց, որ թե անվանակարգերի թիվը, թե մրցանակների չափը հովանավորներով է պայմանավորված. «Որքան շատ հովանավորներ, այնքան շատ անվանակարգեր»: Ի՞նչ պատճառով է, որ արդեն 18-րդ անգամ իրականացվող մրցանակաբաշխությունը հովանավորներ ձեռք բերելու փոխարեն կորցնում է դրանք: Մուրադյանը նշեց, որ իրենց հովանավորները Սփյուռքից են եւ ամեն տարի տալիս են այնքան, որքան կարողանում են.



«Միայն ցանկությամբ է պայմանավորված, ուրիշ հանգամանք չկա, մարդն ինքը պետք է ցանկանա հովանավորչություն անել: Մարդուն չենք կարող ստիպել, միայն կարող ենք առաջարկել»:



Հաղթողները պարգեւատրվելու են դիպլոմով եւ 1500 դոլարին համարժեք դրամական պարգեւով, նախորդ տարվա հազարի փոխարեն:
Այս տարի 4 անվանակարգերում ներկայացվել է մոտավորապես 90-95 հայտ: Յուրաքանչյուր անվանակարգ ունեցել է իր հանձնախումբն ու հանձնախմբի ղեկավարը:



Գրականության հանձնախմբի նախագահն է եղել ԱՄՆ-ից գրականագետ Երվանդ Ազատյանը, երաժշտության հանձնախումբը գլխավորել է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, գեղանկարչությանը՝ արվեստաբան Հրավարդ Հակոբյանը, իսկ մանկական ստեղծագործության հանձնախմբի ժյուրիի նախագահն է եղել «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը:



Դավիթ Գասպարյանն առաջինը մեզ հետ զրույցում իմացավ, որ իր գիրքը հաղթող է ճանաչվել «Գրականություն» անվանակարգում: Գիրքը լույս է տեսել այս տարի, ինչպես Գասպարյանն է նշում, միանգամայն նոր գիրք է, իր 40 տարիների աշխատանքի արդյունքը. «Դա ծավալուն, մանրակրկիտ աշխատանք է, հուշարձան Մահարուն եւ լույս է տեսել Մահարու ծննդյան 110-ամյակի կապակցությամբ»: Գասպարյանին հարցրինք՝ հակասություն չի՞ տեսնում, որ գիրքը գրականագիտական աշխատանք է, իսկ անվանակարգը՝ գրականության, սարերի ետեւում չեն նաեւ իր հասցեին հնչող քննադատությունները:



«Ինձ այնքան են քննադատել, որ ինչի՞ց վախենամ, այս գիրքը լավ գիրք է, ես չգիտեմ՝ եթե ճիշտ հասցեով չեն տվել, թող հետ վերցնեն»,-նշեց նա, ապա հավելեց, որ, հավանաբար, քննարկել եւ թույլատրել են, որ գրականագիտական գրքերն էլ մասնակցեն մրցույթին, ինչի արդյունքում էլ իր գիրքը գնահատել են: Գասպարյանը նշեց, որ նման գրքի համար պետական մրցանակն էլ է քիչ, ապա հավելեց, որ հետայսու որոշել է ոչ մի մրցույթի չմասնակցել:



Սոնա ԱԴԱՄՅԱՆ