Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգումը մեկ տարի էլ կձգվի

Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգումը մեկ տարի էլ կձգվի

2013 թվականի մայիսի 1-ից մեկնարկած Մ. Սարյանի տուն-թանգարանի հիմնանորոգումը դեռ մեկ տարի էլ կձգվի: «Այս տարվա օգոստոսին ավարտվել է թանգարանի վերակառուցման եւ վերանորոգման 1-ին փուլը միայն»,- մեզ հետ զրույցում ասաց թանգարանի տնօրեն Ռուզան Սարյանը, ապա նշեց, որ արդեն սկսվել է հիմնանորոգման 2-րդ փուլը, որից արվեստանոցի հիմնանորոգումը մինչեւ տարեվերջ ամբողջությամբ կավարտվի: Կմնա տան բնակելի մասը՝ բուն տունը, որտեղ վարպետն ապրել է 32թ.-ից մինչեւ իր մահկանացուն կնքելը: Դրա աշխատանքները կսկսեն Նոր տարուց հետո:



Տնօրենի խոսքերով, թանգարանում այս ընթացքում կատարվել են մի քանի կարեւոր աշխատանքներ, արդեն գործում է վերելակը, կառուցվել է 4-րդ հարկը, որը բազմաֆունկցիոնալ տարածք է հանդիսանալու եւ կծառայի թե որպես համերգասրահ, թե որպես ցուցադրական տարածք ժամանակավոր ցուցահանդեսների համար: Հիմնովին փոխված են բոլոր կոմունալ համակարգերը՝ գազիֆիկացում, ջրամատակարարում, էլեկտրականություն, ջեռուցում, օդափոխություն: Թանգարանն արդեն ունի ազդանշանային նոր համակարգ՝ ներքին եւ արտաքին տեսահսկում, իսկ Նոր տարվա սկզբից կգործի շուրջօրյա ոստիկանական հսկողություն:



Ռուզան Սարյանը դեռ պատրաստ չէ թանգարանի վերանորոգման ավարտի ժամկետների մասին խոսել. «Դեռ ոչ ոք չի կարող ասել, թե երբ կավարտվեն այդ աշխատանքները, որովհետեւ դրանից հետո նաեւ պետք է իրականացվի նոր ցուցադրությունը, նաեւ հուշակահույքի վերականգնումը, աշխատանքները շատ են: Ինձ թվում է՝ հաջորդ տարվա վերջ կամ նույնիսկ 2016-ին: Համենայնդեպս, սրանք այն աշխատանքներն են, որոնց դեպքում շտապել չի կարելի, եւ հուշային մասը պետք է վերականգնվի այն տեսքով, որ եղել է Սարյանի կենդանության ժամանակ՝ սենյակներից սկսած մինչեւ նոր ցուցադրություն»:



Թանգարանի տնօրենը նշեց եւ հույս հայտնեց, որ աշխատանքներն արվում են՝ մաքսիմալ որակ ապահովելով, ավելին, ինքն է հետեւում եւ փորձում ազդել, որպեսզի ամեն աշխատանք կատարվի որակով, ինչքանով որ դա հնարավոր է մեր իրականությունում:
Ռուզան Սարյանից հետաքրքրվեցինք՝ ամռանը թանգարանից նշում էին, որ թանգարանը կբացվի 2015-ի փետրվարին՝ վարպետի 135-ամյակին ընդառաջ, բայց վերջինս նշեց, որ այս ընթացքում ծրագրերը փոխվեցին, քանի որ 2-րդ փուլի ֆինանսավորումը կասկածի տակ էր:



«Երբ պարզ դարձավ, որ այդ փուլը պետք է սկսի եւ իրականանա, արդեն հասկանալի էր, որ երբ նույն շենքի առաջին հարկում վերանորոգման աշխատանքները դեռ նոր պետք է սկսվեն, մենք նկարները չենք կարող հետ բերել, որովհետեւ ինչ էլ անես, փոշին գնում հասնում է մինչեւ 4-րդ հարկ: Եվ ճիշտ է, որ ամբողջ աշխատանքներն ավարտելուց հետո թանգարանն ու հուշային հատվածը բացվեն միաժամանակ, որպես մեկ ամբողջական համալիր՝ տուն-թանգարան, եւ չծագի 2 բացում անելու խնդիրը. թանգարանային մասը՝ առանձին, բնակելի՝ մեմորիալ մասը, առանձին: Դա ճիշտ է նաեւ գիտական ցուցադրությունը մեկ ամբողջական հայեցակարգով կազմակերպելու նպատակով:



Հուշային մասի բացումը թանգարանի նոր ցուցադրության մեխն է լինելու: Առաջին անգամ այցելուների առջեւ կբացվի բնակելի տան տարածքը՝ 1-ին հարկում, որտեղ իր կյանքի 40 տարին է ապրել վարպետը»,-նշեց Ռուզան Սարյանը:
Նշենք նաեւ, որ մինչ վերանորոգման ավարտը թանգարանի ֆոնդերն ու արխիվն ի պահ են տրված Մատենադարանին: