Եվս մեկը հեռացավ

Եվս մեկը հեռացավ

Հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Ֆրանսիայի՝ Լիոնի առաջնորդական փոխանորդ, Լիոնի հոգեւոր տեսուչ Կարապետ վարդապետ Հարությունյանը, իրազեկելով ղեկավարությանը, արդեն մոտ երկու շաբաթ է, ինչ դուրս է եկել Հայ առաքելական եկեղեցուց եւ անցել ծառայության հռոմեական կաթոլիկ եկեղեցու շարքերում: Մինչդեռ Մայր Աթոռի կայքը այս ոչ շարքային հոգեւորականի կողմից հայ եկեղեցին լքելու փաստին համառորեն չի արձագանքում, եւ դա այն դեպքում, երբ անցյալում գրեթե ցնծությամբ ազդարարում էր մոտ 70 հոգեւորականների կարգալույծ լինելու մասին:



Գուցե այն պատճառով, որ վերջին շրջանում եկեղեցու վարած ներքին քաղաքականության վերաբերյալ չափազանց շատ են քննադատությունները, եւ նոր աղմուկ պետք չէ: Ո՞րն է պատճառը, որ Լիոնում եւ Կենտրոնական Ֆրանսիայում համընդհանուր ճանաչում եւ հարգանք վայելող խստակենցաղ ու պարկեշտ այս հոգեւորականը, որ 15 տարի ծառայել է Սփյուռքում, քաջածանոթ եւ ընդունելի է տարբեր շերտեր ներկայացնող հայ համայնքի համար, թողնում է մեր եկեղեցին եւ Ֆրանսիայի հեռու-հեռավոր մի անկյունում, որպես շարքային ծառայող, անցնում օտար եկեղեցի ծառայության: Գուցե կաթողիկոսին ծառայելու փոխարեն նախընտրում է ծառայել Աստծուն: