Դրամ-դոլար խաղի երկրորդ փուլում ենք

Դրամ-դոլար խաղի երկրորդ փուլում ենք

Վերջին օրերի դրամի կայունացումը ամենևին էլ չի վկայում այն մասին որ խաղն ավարտվեց, ով ինչ արեց, արեց, հարստացավ, հանգստացավ: Նեղ կրուգի հարստացման պրոցեսը շարունակվում է:



Նախ` երկու խոսք նեղ կրուգի մասին: Սա մարդկանց այն շրջանակն է, որ ձեռնահասություն ունի երկրի արտարժույթի ողջ պահուստին: Մենք չենք համարձակվի անուններ թվարկել, որովհետև տեղի ունեցողը հանցավոր երևույթ է, իսկ յուրաքանչյուր հանցագործ պաշտպանված է անմեղության կանխավարկածով, քանի դեռ իրավապահները չեն հաստատել նրա մեղքը: Այդ իսկ պատճառով կսահմանափակվենք մարդկանց այս խմբի ՙնեղ կրուգ՚ որակումով, ինչն ինքնին արդեն ռիսկային է, որովհետև ֆինանսական համակարգի գիտակները լավ էլ գլխի են ընկնում, թե խոսքն ում մասին է:



Եվ ուրեմն խնդիր էր դրվել` փողով փող աշխատել և շատ: Իրավիճակը առավել քան նպաստավոր էր: Ռուսաստանում տեղի ունեցող ռուբլու արժեզրկումը ընդհանուր տագնապ էր առաջացրել նաև Հայաստանում և այստեղ պարարտ հող կար մարդկանց հոգեվիճակի վրա խաղալու: Նեղ կրուգից մեկը, որ քաջ տրապետում է փողային մախինացիաների արվեստին (չի բացառվում` Տիգրան Սարգսյանի դպրոցի սան), հավաքում է կրուգն ու զեկուցում 0 ռիսկայնությամբ փող աշխատելու իր ծրագիրը: Հանցավոր համաձայնությունն իսկույն կայանում է, և անցնում են գործի: Դոլարը սկսում է թանկանալ:



Առաջ չանցնելով նշենք, որ ընտրվել էր այդ գործարքի համար լավագույն ժամանակը`Նոր տարվա նախապատրաստության փուլը, երբ մարդիկ պետք է դրամ ծախսեն: Դրամը նրանց աչքի առաջ վերածվում էր թղթի, և այն փրկելու հույսով, մարդիկ մղվում էին դեպի փոխանակման կետեր` արտարժույթ ձեռք բերելու:



Այսպիսով նեղ կրուգը կարողացավ արտարժույթի համեմատաբար փոքր քանակությամբ դրամի հսկայական մասսա կուտակել:



Ասել, թե նեղ կրուգի հանցավոր գործարքի բուն թիրախը միայն ժողովուրդն էր, ճիշտ չի լինի: Նրա հիմնական թիրախը կրուգից դուրս բոլոր ընդգծված փողատերերն էին նաև, ովքեր, սակայն, ՙտեղեկացված չէին՚ օպերացիային և բոլորի նման շտապեցին իրենց մոտ եղած դրամական մասսան թանկ գնով վերածել արտարժույթի: Այնպես որ խաղը ընթացել է ոչ այնքան ժողովուրդ-կրուգ, որքան կրուգ-բիրդան փողատեր ֆորմատում և սա որոշակի առումով կարող է դիտվել որպես մեղմացուցիչ հանգամանք: Թեկուզ իրար ուտեն, վերջանան` այսպես է մտածում ժողովուրդը, որովհետև, եթե փողն իր գրպանում չէ, ժողովրդի ժողգործիքին էլ չի, թե փողը ռեալ որ փողատիրոջ գրպանում է:



Ըստերևույթին մեծ աղմուկն էր պատճառը, որ կրուգի ձեռնարկած կոմբինացիայի առաջին փուլը շատ կարճ տևեց: Չի բացառվում, որ ինֆորմացիոն առումով մեծ դեր խաղաց նաև ռուբլու հանկարծակի արժևորումը Ռուսաստանում: Բանն այն է, որ դրամի արժեզրկման ողջ միֆը կառուցվել էր հենց ռուբլու թուլացման հիմքի վրա և այդ միֆը ռուբլու կայունացման ֆոնին դառնում էր մի տեսակ անհամոզիչ: Բացի այդ, ինչպես ասացինք, կրուգից դուրս էին մնացել բավականին մեծ թվով ազդեցիկ փողատերեր, ովքեր էլ, հասան փակ ռեժիմով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և խուճապային վիճակը պարզաբանելու հրամայականին: Ապրանքը ժամ առ ժամ թանկանում էր, մատակարարները խանութներից պահանջում էին կամ վճարել ապրանքի դիմաց, կամ վերադարձնել դեռևս չվաճառված ապրանքը, ցուցափեղկերը դատարկվում էին, կառավարությունը հասցվել էր հրաժարականի եզրին, երկիրը` դեֆոլտի:



Ի՞նչ կարող էր տեղի ունենալ արտահերթ փակ նիստում: Դժվար թե այդ նիստում կար մեկը, ով կկարողանար այնպիսի դեղատոմս առաջարկել, որ վիճակը տնտեսագիտական լուծումներով մեկ գիշերում կարգավորվեր: Այդպիսի դեղատոմս պարզապես չկա: Բայց իրականությունն այն է, որ ԱԺ այդ մեկ հատիկ արտահերթ նիստը մի մոգական ուժով շտկեց իրավիճակը և հաջորդ օրն իսկ դրամը գրեթե հասավ մինչարժեզրկման սահմանագծին: Միակ տրամաբանական վարկածն այն է, որ այդ նիստում որոշ շրջանակներ կարողացել են կրուգին համոզել` ինչ արել` արել եք, բայց օպերացիայի առաջին փուլը սրանով պետք է ավարտված համարել:



Հաջորդ իսկ օրը, բանկերի բացվելու հետ, դրամը սկսեց կայունանալ: Ճիշտ կլինի ասել` սկսվեց հակառակ գործընթացը` կրուգի ձեռքում կուտակված դրամական մասսան կրկին արտարժույթի վերածելու գործողությունը, բնականաբար, արդեն արտարժույթի թուլացման պայմաններում: Չորրորդ դասարանի աշակերտն էլ ձեզ կասի, որ մեկ դոլարը 650 դրամով վաճառելուց հետո հնարավոր է քո մոտ եղած 650 դրամով գնել արդեն 1,44 դոլար, եթե մեկ դոլարի արժեքը դառնա 450 դրամ: Այսինքն, շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ դրամի արժևորմանը զուգընթաց կրուգի ձեռքում կհայտնվի մոտ մեկուկես անգամ ավելի արտարժույթ:



Որքա՞ն կտևի դրամի արժևորումը: Կարծում ենք` մինչև Նոր տարի: Միշտ այդպես է լինում: Մարդկանց ՙհնարավորություն է՚ տրվում արտերկրից ստացված արտարժույթով օգնությունները էժան գնով նվիրել սուպերմարկետներին և տոնական տրամադրությամբ թալանվել մինչև վերջ: Մենք մեր ողբացյալ վիճակն սկսում ենք ընկալել խումհարից հետո միայն, երբ 9-րդ կամ 10-րդ օրը թավայի մեջ տաքացնում ենք հնդկահավի կիսկերած ոսկորները, որպեսզի ևս մեկ օր հետաձգենք դատարկ գրպանով խանութ մտնելու տհաճ պարտավորվածությունը: Սա` ժողովրդի մասով: Իսկ կրուգը, որովհետև վստահ է, որ ոչ ոք իրենից այլևս հաշիվ չի պահանջելու, առատ սեղանների շուրջ դեռ կխմի այս հանճարեղ օպերացիայի հեղինակի կենացը, օպերացիա, որ մեկնարկեց դեկտեմբերի 16-ին  ու մինչև դեկտեմբերի 31-ը լավ եկամուտ բերեց կրուգին:



Հ.Գ. Շուտով, շատ շուտով կմարեն այս գործի սպեկուլյանտների մասին խոսակցությունները: Մենք գրեթե համոզված ենք դրանում: Սա այն գործը չէ, որ փուչիկ փչողին դատեն: