Կարեն Ավագյան. «Սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի ամբողջությամբ»

Կարեն Ավագյան. «Սահմանապահ համայնքների ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի ամբողջությամբ»

2015-ի հունվարից Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով կփոխհատուցվի սահմանապահ 12 համայնքների ուսանողների տվյալ կիսամյակի ուսման վարձը:
Արդեն չորրորդ տարին է ՀԵՀ-ն իրականացնում է ՀՀ պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողների շրջանում կրթաթոշակների տրամադրման մրցույթ, որի արդյունքում հազարավոր ուսանողներ արժանացել են կրթաթոշակի:



ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը տեղեկացրեց, որ կրթաթոշակների տրամադրման գործընթացը տարեցտարի ընդլայնվում է. « Եթե նախկինում ծրագիր ունեինք միայն առաջին կուրսի գերազանց առաջադիմություն ունեցող և անապահով ընտանիքի ուսանողների համար, ապա այսօր արդեն շրջանակն ընդլայնվել է. փոխհատուցվում է երկու և ավելի երեխա ունեցող առկա ուսուցմամբ ուսանող-ծնողների ուսման վարձը: Իսկ այս տարի արդեն ՀՀ վարչապետն առանձին ծրագիր է ներկայացրել. սահմանապահ համայնքերի ուսանողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիր` առանց կուրսային որևէ սահմանափակման: Ավելին, եթե առաջին կուրսեցիների ուսման վարձի փոխհատուցման ծրագրով փոխհատուցումը 80.000 դրամի շրջանակներում էր, ապա այս դեպքում ուսման վարձը փոխհատուցվելու է ամբողջությամբ»:



Պարոն Ավագյանը նշեց, որ այս հնարավորություները կարողանում են իրականացնել ԿԳՆ-ի հետ համատեղ` կառավարության որոշումներով և ֆինանսավորմամբ: Մեր դիտարկմանը` չե՞ք կարծում, որ այսպիսով ուսանողների միջև ստեղծվում են անհավասար պայմաններ, Կարեն Ավագյանն արձագանքեց. «Չեմ կարծում, որ մենք մեր գործունեության ընթացքում նման մտահոգության առիթ տվել ենք` չնայած բազում ձևակերպումների, թե «մերոնց» ենք տալիս: Բոլորն էլ մերն են, մենք աշխատում ենք երիտասարդների և ուսանողների համար: Մեզ համար կարևոր է չափորոշիչներով աշխատելը, որ այս կարևոր ծրագիրը որևէ խոսակցության առարկա չդառնա»:



Մյուս դիտարկմանը, թե շատերին տխրեցրել է, որ կրթաթոշակի ծրագրին չեն կարող այլևս դիմել երկրորդ կուրսեցիները, փաստորեն մի ծրագիրը մյուսի հաշվի՞ն է արվում, պարոն Ավագյանն այսպես պատասխանեց. «Սա որևէ մեկի հաշվին չէ: Կառավարությունն առանձին ծրագիր է ֆինանսավորել: Իսկ ինչ վերաբերում է երկրորդ կուրսեցիների հարցին, եթե հիշում եք ուղղակի մի քանի տարի առաջ ընդունելության խնդիր կար և առաջին կուրսերը մեծ թվով չէին, և համապատասխան գումար կարող էինք տրամադրել նաև երկրորդ կուսեցիներին: Մեր խնդիրն է առաջին կուրսում խրախուսել առաջադիմությունը , որպեսզի նա հետո ցուցաբերի գերազանց առաջադիմություն և անցնի անվճար համակարգ»:



Կարեն Ավագյանը նաև տեղեկացրեց, որ առանձին ծրագիր գործում է նաև սիրիահայ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար, որն իրականացնում է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:



Ամփոփոելով Կարեն Ավագյանը նշեց. «Որևէ ուսանղ, որը կհամապատասխանի մեր չափորոշիչներին, դուրս չի մնա ծրագրից` անկախ նրանից կառավարության հատկացրած գումարը կհերիքի, թե` ոչ: Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կօգտագործի նաև իր միջոցները` ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար» :