Երբ նույնիսկ Մեդվեդևը չգիտի, թե ինչ է անում Պուտինը

Երբ նույնիսկ Մեդվեդևը չգիտի, թե ինչ է անում Պուտինը

Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բավականին խրթին են, եթե չասենք տարօրինակ ու անհասկանալի: Մարդ բան չի հասկանում` սրանք թշնամի՞ բլոկներ են, մրցակից հակառակորդնե՞ր, թե՞ աշխարհում հավասարակշռությունը պահող ուժային կենտրոններ: Մեկ` համագործակցում են, մեկ` կռվում, մեկ էլ մի վիճակ է ստեղծվում, որ մի մակարդակում համագործակցում են, իսկ մեկ այլ մակարդակում կռվում: Ընդ որում` ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ ինքը սպառնալիք չէ Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն էլ հայտարարում է` որ ինքը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Դե եթե սպառնալիք չեն միմյանց, ապա ինչո՞ւ չեն բարեկամանում, մանավանդ, որ այլևս չկա Խորհրդային Միության ստեղծած Վարշավայի ռազմականացված բլոկը:



Կարծում ենք` կողմերից մեկն, այնուամենայնիվ, ձգտում է առավելություն ստանալ մյուսի նկատմամբ, ինչը շատ ավելի ցայտուն է երևում ՆԱՏՕ-ի դեպքում: Այս ալյանսն արդեն այնքան է ընդլայնվել, որ խիստ հարաբերական է այն հյուսիս-ատլանտյան անվանելը: ՆԱՏՕ-ն այլևս համաշխարհային ռազմական կառույց է, որ իր ընդգրլման տարածքով ավելի մեծ է քան ԱՄՆ-ը, որ ստեղծել է այս կառույցն իբրև իր ռազմական ներկայություն արևելյան կիսագնդում: Ասել, թե ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է` ճիշտ չի լինի: Լավ էլ հարձակողական է` դատելով նրա գործողություններից ու ամենակուլ ախորժակից: Ֆրանսիայի ատլանտյան ծովափից մինչև Հնդկաստանի սահմաններն ընկած տարածքում ՆԱՏՕ-ն ներկայություն ունի, ինչն ամենևին էլ նրա խաղաղասիրական նպատակների մասին չի խոսում: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ խիստ հրաբերական է ՄԱԿ անվտանգության ուժերի և ՆԱՏՕ-ի տարբերակումը (թերևս միայն համազգեստի տարբերանշաններով են զանազանվում), ապա լիովին հասկանալի կդառնա, թե ինչ է ՆԱՏՕ-ն:



Վերջին օրերին շատ է խոսվում Ուկրաինայի` արտաբլոկային կարգավիճակից հրաժարվելու մասին: Սա մի որոշում է, որ այդ երկրի համար ուղիղ ճանապարհ է բացում դեպի ՆԱՏՕ-ի բլոկ: Ասել է, թե կարճ ժամանակ անց ՆԱՏՕ-ի ռազմակայաններ կհայտնվեն Ուկրաինայում: Անդրադառնալով Ուկրաինայի` արտաբլոկային կարգավիճակից հրաժարվելու որոշմանը, որը երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուղարկել է Գերագույն ռադա, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ֆեյսբուքյան էջում վստահեցնում է, որ այդ փաստաթուղթը, ըստ էության, նշանակում է ՆԱՏՕ-ին անդամակցություն, իսկ Կիևը դառնում է Մոսկվայի պոտենցիալ ռազմական հակառակորդ։ Ուշադրություն դարձրեք ՙռազմական հակառակորդ՚ արտահայտությանը: Դա համարյա թշնամին է, երթ արտահայտվելու լինենք առաջին գծի բառապաշարով:



Օրեր առաջ, սակայն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ գտնվում էր ՆԱՏՕ-ի ստաժավոր երկրներից մեկում` Թուրքիայում, իր հայտարարություններով այնպիսի տպավորություն թողեց, թե ինքը զերծ է Մեդվեդևի` ՆԱՏՕ-ի հարցում ունեցած նախապաշարումներից, իսկ Թուրքիան էլ համարում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը: Այդ այցին հետևած իր մեծ ասուլիսում Պուտինը հիշել է պատմական անցյալը, նաև հրավիրել Թուրքիային ակտիվ դերակատարություն ունենալ տարածաշրջանի խնդիրների կարգավորման մեջ: Եվ այս ամենը այնպիսի համոզվածությամբ, ասես շատ մեծ տարբերություն կա ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ Ուկրաինայի միջև: Ռուսաստանն, իհարկե, տարբեր հարաբերություններ ունի ՏԱՏՕ-ի անդամ տարբեր երկրների հետ: Օրինակ ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի: Բայց նույնիսկ Ֆրանսիան, իհարկե ՆԱՏՕ-ի դրդմամբ, հրաժարվեց Ռուսաստանին փոխանցել «Միստրալ» տիպի ռազմանավերը, որոնք կառուցել էր Ռուսաստանի հետ կնքված պայմանագրով: Սա խոսում է այն մասին, որ Հյուսիսատլանտյան բլոկի ներսում գործող օրնքները գերակա են առանձին վերցված մեկ երկրի օրենսդրության նկատմամբ: Հետևաբար ի՞նչ է ուզում անել Պուտինը, երբ Թուրքիային սիրաշահում է այդպես: Գա՞զ վաճառել: Իսկ Թուրքիան ե՞րբ է հրաժարվել էժան գազից: Մինչդեռ Պուտինը քաջ գիտակցում է, որ եթե ՆԱՏՕ-ի շոշափոիկները մտնեն Անդրկովկաս և հատկապես Ադրբեջան, Թուրքիան գործելու է որպես ՆԱՏՕ-ի առաջամարտիկ և ոչ թե որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր:



Դժվար է միանշանակ պնդել, որ Պուտինն իր թուրքամետ հայտարարություններով մեր թիկունքում հող է պատրաստում ռուս-թուրքական նոր գործարքի համար: Չի բացառվում, որ Պուտինը, տարածաշրջան ասելով առաջին հերթին նկատի ունի սևծովյան շրջանն ու Ղրիմը և ոչ թե բուն Անդրկովկասը: Բայց նույնիսկ այդ դեպքում ՌԴ նախագահի և վարչապետի` ՆԱՏՕ-ի հարցում մոտեցումների տարբերությունը չի փարատվում: Մանավանդ, որ Մեդվեդևը անհանգստացած է ոչ միայն Ուկրաինայի ՆԱՏՕ-ացմամբ, այլև Ղրիմի հարցով ամերիկյան նոր ճնշամիջոցներով, որոնց մասին համապատասխան օրենք է ստորագրել Օբաման:



Անվտանգության նկատառումներից ելնելով` Հայաստանը ընտրեց ԵՏՄ-ն: Եթե ընդունենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կազմում արդեն իսկ բլոկացված էր ռազմական ասպարեզում, ապա 2014 թվականի դեկտեմբերի 4-ին բլոկացվեց նաև տնտեսապես, ինչն ընդունվեց երեկ, Մոսկվայում: Մենք այլևս համարվում ենք հակա-ՆԱՏՕ երկիր բոլոր առումներով և ՆԱՏՕ-ի հետ մեր հետագա համագործակցությունը ոչնչով չի տարբերվելու Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցությունից, իսկ ՆԱՏՕ-ն էլ մեզ նայելու է որպես ռազմական ու տնտեսական հակառակորդի: Կարիք չկա, կարծում ենք այսուհետ շատ հավատալու արևմտյան քաղաքական գործիչների հայտարարություններին, թե Հայաստանը շարունակելու են դիտել որպես գործընկեր երկիր: Նրանք նույն խոսքերն ասում են նաև Ռուսաստանին և այնպես էլ չի, որ Մենք ՆԱՏՕ-ի համար ավելի կարևոր ենք, քան Ռուսաստանը: Ուստի եկեք ընդունենք, որ այսուհետ մեր և ՆԱՏՕ-ի հարաբերությունները ևս խառն ու անհասկանալի են լինելու, գուցե նույնիսկ ավելի խառնիճաղանջ, քան Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունները: