Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Գյումրիի հաջորդ քաղաքապետի հարցում

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում Գյումրիի հաջորդ քաղաքապետի հարցում

Այսօր հայտնի դարձավ, որ Շիրակի մարզից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Մուշեղ Պետոյանը ևս լքեց ԲՀԿ-ն: Հաջորդը, ըստ լուրերի, լինելու է կրկին Շիրակի մարզից՝ Մարտուն Գրիգորյանը:



Ընդ որում, եթե մյուս ԲՀԿ-ականները հարազատ կուսակցությունը լքում են իրենց կաշին փրկելու համար, ապա Մարտուն Գրիգորյանը մի քիչ այլ՝ հեռահար նպատակներ ունի: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանը պատրաստվում է հաջորդ տարի՝ 2016-ին, առաջադրվել Գյումրու քաղաքապետի ընտրություններում: Նա քաղաքապետի պաշտոնի հիմնական հավակնորդներից մեկն է լինելու, որին որպես հակակշիռ՝ իշխանությունները, հնարավոր է, կրկին վերադարձնեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին՝ ապահովելով թեժ ընտրապայքար երկու քրեական կլանների ղեկավարների միջև:



Վարդան Ղուկասյանը, սակայն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է, որ դեռ չի որոշել՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ: Ժամանակի հարց է: «Ես հիմա այդ մասով ասելու բան չունեմ: Ես, ճիշտն ասած, չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ: Բայց ես կուզենայի Գյումրիի քաղաքապետ տեսնել այն մարդուն, որի հետևից իրոք ժողովուրդը կգնա, այլ ոչ թե նրան, որը կընտրվի կեղծիքի ու կաշառք բաժանելու միջոցով, որի հետևից ժողովուրդը չի գնում: Իսկ ով ժողովրդի ձայով չի ընտրվում, դառնում է սատանայի կամակատար»,- ասել է Ղուկասյանը: