Բնությունը դատարկություն չի հանդուրժում

Բնությունը դատարկություն չի հանդուրժում

Սերժ Սարգսյանը, փլուզելով ԲՀԿ-ի գլխավորությամբ ընդդիմադիր դաշտը, ակամայից փլուզեց նաեւ այն անթափանց շղարշը, որով պատված էին ՀՀԿ, ԲՀԿ իրական հարաբերությունները: Տարիներ շարունակ միասին իրականացնելով երկրի, այսպես կոչված՝ ղեկավարումը, թե Սերժ Սարգսյանը, թե Գագիկ Ծառուկյանը պարզապես խաբել են հասարակությանը, ԲՀԿ-ին ներկայացնելով, կախված իրավիճակից, մեկ իշխանական, մեկ ոչ իշխանական թեւում: Իրականում ԲՀԿ-ն եղել է ՀՀԿ-ի քաղաքականությունը լրացնող հավատարիմ դաշնակիցը, թեեւ ամենուր հայտարարել է ՀՀԿ-ի դեմ իր պայքարի մասին: Հասկանալի է, որ այս քաղաքականությունը մշակվում էր իշխանական խոհանոցում: Բոլորին խաբելու Սերժ Սարգսյանի բնավորությունը դարձել է նրա քաղաքական առօրյան, սակայն հասարակության ճնշող մեծամասնության համար դա խորը հիասթափություն է` հուսախաբություն:



Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո միայն տեսանելի դարձավ ԲՀԿ-ին սպասվող հեռանկարը, որը շատ հեռու է վարդագույն լինելուց: Իշխանության կողմից ընդդիմադիր հռչակված կուսակցությունը դեռ երկար ժամանակ կատարելու է նույն ֆունկցիաները, ինչ որ առաջ էր, այսինքն` լինելու է ՀՀԿ-ի քաղաքական, լիովին կանխատեսելի հենարանը: Պալատական ինտրիգների եւ ինտրիգանների այս հորձանուտում իր հատուկ տեղն ունի ՀՀ նախագահի աթոռին ձգտող վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում էլ Սերժը հանձնարարել էր Ծառուկյանի հետ կապված այս ներկայացման կազմակերպումը: Հովիկ Աբրահամյանը ձախողվեց` դրանով փակելով դեպի նախագահի աթոռը տանող ճանապարհը, բայց նրա նոր ինտրիգներից խուսափելու համար, որպես կատարած աշխատանքի վարձատրություն, նրան տվեցին ԲՀԿ-ն՝ ՀՀԿ-ի կողմից լիովին վերահսկելի դառնալու պայմանով: «Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին»: Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանն իր նպատակներին հասնելու համար կառավարման սիստեմում կօգտագործի ԲՀԿ-ն, որպես քաղաքական որոշիչ լծակ:



Հեղինակազրկված Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ում այլեւս առաջին մեծության աստղ չէ, լավագույն դեպքում նա կարող է լինել Սերժ Սարգսյանի հլու կամակատարը: Այսպես թե այնպես, Հովիկը գործնականում դառնում է Ծառուկյանի ժառանգորդը թե քաղաքական, թե բիզնես դաշտում: Ավարի բաժանման պրոցեսում, թե ինչպիսի գզվռտոց կառաջանա ՀՀԿ-ում, հայտնի է միայն Տեր Աստծուն: Ինձ համար առայժմ անհասկանալի է գերնպատակ հանդիսացող սահմանադրական փոփոխությունների ապագան: Ասում են՝ քաղաքականությունը պոռնկություն է, հնարավոր է` այդպես է, սակայն երբ այդ գործով զբաղվում են վերջացած քաղաքական պոռնիկները, ապա իրադրությունը խիստ նմանվում է այսօրվա Հայաստանի իրադրությանը: Մի բան կարելի է ասել հաստատ, վերը նշած հաստատության մեջ կարգուկանոնը շատ ավելին է, քան Սերժի ղեկավարած Հայաստանում: Ընդդիմադիր դաշտում այժմ դատարկություն է, իսկ բնությունը դատարկություն չի հանդուրժում, թե ինչպիսի ուժեր կգան փոխարինելու այսօրվա չկայացած քաղաքական դեմքերին, որոնք ի վիճակի կլինեն ստանալ ժողովրդի վստահությունը, առայժմ պարզ չէ: Կարծում եմ՝ պետք է շտապել, հանկարծ չպարզվի, որ արդեն ուշ է:



Սպարտակ ՀԱԿՈԲՅԱՆ