ՀՅԴ-Սերժ Սարգսյանի հանդիպման արդյունքները․ կա լիակատար համաձայնություն և տեսակետների մեծամասամբ համընկնում

ՀՅԴ-Սերժ Սարգսյանի հանդիպման արդյունքները․ կա լիակատար համաձայնություն և տեսակետների մեծամասամբ համընկնում

ՀՅԴ-ն Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանդիպում է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հետ իրենք քննարկել են սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի ներկայացրած առաջարկները: 



«Դուք գիտեք, որ արդեն հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, իսկ մենք դրա հետ կապված ներկայացրել ենք մեր առաջարկների փաթեթը: Մինչ հանրապետության նախագահը կհայտարարի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին հավանություն տալու մասին, մեր առաջարկները նրա հետ քններկելու անհրաժեշտություն կար: Այդ քննարկումներն են տեղի ունեցել»,- ասաց նա։ Մինասյանը հայտնեց նաև, որ այս պահի դրությամբ գրեթե բոլոր կետերով կա փոխադարձ ընկալում:



«Ավելին, մեր առաջարկությունները գրեթե ամբողջությամբ իրացման ենթակա են: Ճանապարհային քարտեզը և ժամկետները բոլոր փուլերով դեռևս քննարկման փուլում են: Լիակատար համաձայնություն կա այն առումով, որ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անհրաժաշտություն կա: Հայաստանում քաղաքական, տնտեսական, մարդու իրավունքների, տեղական ինքնակառավարման համակարգերում, անկախ դատական համակարգում, իշխանությունների թևերի հավասարակշռման և փոխադարձ զսպումների ոլորտում, ընդդիմություն-իշխանություն միասնական քաղաքական համակարգ ունենալու հարցում տեսակետները մեծամասամբ համընկնում են»,- մանրամասնեց Ա․ Մինասյանը:



Պատգամավորը վստահություն հայտնեց, որ քաղաքական ուժեի հետ խորհրդակցություններից հետո, երբ ՀՀ Նախագահը կհայտնի իր դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ, անդրադարձ կլինի նաև իրենց ներկայացրած առաջարկներին: «Դրանից հետո արդեն պարզ կլինեն թե՛ ժամկետները, թե սամանադրական փոփոխությունների բուն տեքստի մշակման փուլերը»,- ընդգծեց պատգամավորը:
Արծվիկ Մինասյանի խոսքով՝ շատ հաճախ սահմանադրական փոփոխությունները ներկայացվում են որպես ամբողջություն, սակայն առանց մանրամասների: Ըստ նրա՝ կենտրոնականն այստեղ կառավարման համակարգի փոփոխությունն է, որից ածանցվում է նաև համամասնական ընտրակարգն ամբողջությամբ:



«Այն, որ Հայաստանի խորհրդարանի հիմքը պետք է լինի 100 տոկոս համամասնական ընտրակարգը, այստեղ առարկություն չկա: Ժամկետների առումով կան քննարկումներ, որոնք դեռևս վերջնականացված չեն: Սահմանադրական փոփոխությունների երկրորդ հստակ ազդակը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը: Խոսքը գնում է թե՛ ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգի, թե՛ քաղաքական ուժերի դերի մեծացմանը, այդ թվում՝ քաղաքական կուսակցությունների ներքին ժողովրդավարական համակարգի հզորացում, ֆինանսական առողջացում ու նաև քաղաքական ուժերի պատասխանատվության հստակ ամրագրում»,-ընդգծեց պատգամավորը։



Մյուս կարևոր ուղղությունն, ըստ պարոն Մինասյանի, վերաբերում է քաղաքացիական հասարակությանը և մարդու իրավունքներին: «Եթե մարդու իրավունքների գերակայությունը սահմանադրական նորմից չդառնա նաև գործող մեխանիզմ, մենք քաղաքացիական հասարակությանն էլ կանտեսենք: Դրա համար սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում երրորդ խոշոր բլոկը վերաբերում է քաղաքացիական հասարակության դերակատարմանը պետական կառավարման ոլորտում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ սահմանադրական բարեփոխումենրը երբեմն ներկայացվում են շատ պրիմիտիվ մակարդակում, սակայն իրականում դրանք խորքային բարեփոխումներ են, որոնց իրականացումից հետո ՀՀ քաղաքացին զգալու է դրական փոփոխություններ իր կյանքում։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ