Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ ստեղծելուց, որոնք կարող են վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը. Էդվարդ Նալբանդյան

Պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ ստեղծելուց, որոնք կարող են վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Երևան ժամանած Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասերին:



Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից և տեղեկացնում, որ ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Եվրոպայի խորհրդի աշխատանքներում իր ակտիվ ներգրավվածությունը։



Երկուստեք կարևորվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառներում իրականացվող քայլերը:



Անդրադառնալով Եվորպայի խորհրդի դերակատարությանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախաձեռնած հայտարարությանը միացել են վեհաժողովի շուրջ 150 անդամներ։



Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը:



Այս համատեքստում նախարար Նալբանդյանն անդրադարձել է ղարաբաղյան հիմնահարցի մասին զեկույց պատրաստելու ԵԽԽՎ որոշմանը ՝ շեշտելով, որ պետք է զերծ մնալ նոր զուգահեռ կառույցներ, ձևաչափեր կամ աշխատանքային խմբեր ստեղծելուց, որոնց աշխատանքը կարող է վնաս հասցնել եռանախագահների գործունեությանը:



Նախարարի խոսքերով հարկավոր է զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են վնաս հասցնել ընդհանրապես բանակցային գործընթացին։



«Սա վերաբերում է հատկապես այն կարգի զեկուցողներին, ում նկատմամբ կողմերից մեկը, տվյալ պարագայում` Ադրբեջանը, ամենաբարձր մակարդակով անվերջ շնորհակալություն է հայտնում՝ Բաքվի դիրքորոշմանը շարունակական աջակցության համար»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը։



Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան - Եվրոպայի խորհուրդ փոխգործակության հարցերի շուրջ։