Հովիկ Աբրահամյանի «արյան անալիզ» հանձնելու ժամանակն է

Հովիկ Աբրահամյանի «արյան անալիզ» հանձնելու ժամանակն է

«Ես չեմ տեսնում, որ դա այն պաշտոնն է, որն ուղղակի կարելի է վայելել, սա ավելի շատ աշխատանք պահանջող պաշտոն է, ավելի շատ պատասխանատվության պաշտոն է, ավելի թիրախ է քննադատությունների»,- նշում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:



Գուշակեք, թե որ պաշտոնի մասին է խոսքը, իհարկե, իրավացի եք, Հայաստանում բոլոր պաշտոնները կարելի է վայելել, բացի վարչապետի պաշտոնից: Մեր օրերում վարչապետի «չարքաշ» աշխատանքն իր ուսերին տանող Հովիկ Աբրահամյանն իր նշանակման օրերին ասել էր. «Ես իմ խոսքի համար դողում եմ, եթե մի բան խոստացա, արյան գնով էլ լինի` պիտի անեմ»: Դե, ինչպես ասում են, անցել է մի տարի, հիմա «արյան անալիզ» հանձնելու ժամանակն է: Երեկ Հովիկ Աբրահամյանին պաշտպանելու, ինչպես ինքը նշեց, «անշնորհակալ» գործն իր վրա էր վերցրել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը. «Ես տեսնում եմ ցանկությունը, ես տեսնում եմ կամքը, բայց ես չեմ տեսնում բոլոր հնարավորությունները, որ կախված են հենց վարչապետից: Ես չեմ կարծում, որ միայն վարչապետը կարող է ամբողջ միջավայրը մեկ տարում այնպես փոխել, որ այն խնդիրները, որ դրված են իր առջեւ, լուծվեն: Մի մարդ մեկ տարում այն, ինչ ավերվել է տարիների ընթացքում, չի կարող հրաշք գործել: Նրանից կարելի է ակնկալել քայլեր, որոնք միտված են դրան: Ո՞վ է այն հանճարը, որ մեկ տարում պիտի հանգուցալուծեր բոլոր այն խնդիրները, որոնք նախորդ տարիներին ծառացել էին մեր երկրի առջեւ»: Ինչպե՞ս. Հովիկ Աբրահամյանը չի՞ կարող հրաշք գործել, բա ասում էր, թե ստվերից բիզնեսը հանելու է, եւ դա իր մերձավորներից պետք է սկսեր, տնտեսական աճ պետք է ապահովեր, հավասար մրցակցային դաշտ, ներդրումներ եւ այլն… «Միանշանակ գնահատական կարող են տալ շատ շահագրգռված անձինք կամ կողմեր: Չմոռանանք, որ այս մեկ տարին նշանավորվեց ոչ միայն տնտեսական զարգացումներով, այլ նաեւ քաղաքական լուրջ իրարանցումներով, որոնք չէին կարող չներազդել տնտեսության վրա: Կառավարությունը եւ առանձին կառույցներ կարող են եւ պարտավոր են լինել նախահարձակ, ավելի թիմային աշխատանք ծավալել, մինչդեռ որոշ դեպքերում վարչապետի կայացրած որոշումները եւ քաղաքական կամքը միշտ չէ, որ համարժեք ձեւով շարունակություն են ստացել: Եթե առանձին նախարարներ եւ նախարարություններ կարող են ի կատար ածել այդ որոշումները, միշտ չէ, որ նրանք նախաձեռնող են»:



Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով էլ Հովիկ Աբրահամյանը բավականին «նուրբ» անձնավորություն է. «Ես կասեի՝ այս կառավարությունը, Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, այլընտրանքային լուծումներ փնտրելով է շարժվում նախորդի համեմատ՝ կոշտ չի դնում. կամ այս կողմ, կամ այն կողմ: Միշտ տալիս է այլընտրանքային փոխզիջող տարբերակ: Երկու վարչապետներին էլ բաժին է ընկել բավականին տուրբուլենտ ժամանակահատված կամ ցնցումների ժամանակահատված, որովհետեւ մեկն ստիպված եղավ դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին, չնայած որ ասում էր կշրջանցի Հայաստանը, իսկ մյուս վարչապետին բաժին ընկան Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաները:



Այսինքն, կան այն հիմնավորումներն արտաքին աշխարհից եկող, որով կարելի է բացատրել, որ այդ անկումները կամ բացասական զարգացումները պետք է լինեն»: Բայց սա, իհարկե, չի նշանակում, որ կառավարման համակարգը «մեղավոր» չէ, տնտեսագետը խոսեց թերացումների մասին. «Եվրոբոնդերի հետ կապված խնդիրը, որն առաջացրեց այնպիսի մի իրավիճակ, որ ավելի բարձր տոկոսադրույքով վերցրած գումարներն ուղղվելու են ավելի ցածր տոկոսադրույքով վերցրած գումարների մարմանը: Կենտրոնական բանկի պահուստների կրճատման առումով, դեկտեմբերին տեղի ունեցած իրադարձություններին պատրաստ չէին: Բյուջեն պլանավորելուց էլ դա հաշվի չէին առել: Այս խնդիրները, իհարկե, կուտակային էֆեկտ ունեն: Տնտեսական աճի ցուցանիշը, երբ որ մենք նայում ենք, թե բյուջեի ուղերձով ինչքան են պլանավորում եւ վերջնական արդյունքով ինչքան են կանխատեսում միջազգային կազմակերպությունները, դա 4-5 տոկոսանոց շեղումներ են: Սա նշանակում է, որ կառավարությունն ունի լուրջ խնդիր այդ տեսանկյունից իր դրած ցուցանիշները կատարելու առումով»: