Հարկավոր է նրանց բերել այստեղ, ցույց տալ հուշարձանները, մաս կազմել այս ամբողջ արարողությանը․ Շվեդիայի «հարկադիրի» ղեկավար

Հարկավոր է նրանց բերել այստեղ, ցույց տալ հուշարձանները, մաս կազմել այս ամբողջ արարողությանը․ Շվեդիայի «հարկադիրի» ղեկավար

Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն Եվա Լիեդստրոմ Ադլերն այսօր Ծիծենակաբերդում Hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ իր բոլոր մտքերն այսօր կապված են Ցեղասպանության հետ։



«Ես շատ հպարտ եմ, որ Շվեդիայի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ընդունելով ու հաստատելով այն սարսափելի արարքները, որոնք հանգեցրել են ցեղասպանության։ Ինձ համար դրանք էլ ավելի տպավորիչ են, քանզի ես ամբողջ կյանքս ապրել եմ խաղաղ երկրում։ Հասակակիցներս երբեք պատերազմ չեն տեսել, հետևաբար ինձ համար նույնպես պատերազմը և սպանությունները արտասովոր երևույթներ են»,-ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հետքն այնքան մեծ է, որ իրենց համար բավարար է, որպեսզի ամբողջ կյանքում հիշեն, թե ինչ կարող է լինել Ցեղասպանության ժամանակ։



Հարցին՝ ի՞նչ է հարկավոր, որպեսզի Թուրքիան ևս գիտակցի և ճանաչի իր իսկ իրականացրած Հայոց ցեղասպանությունը, Եվա Լիեդստրոմ Ադլերն ասաց․ «Հարկավոր է նրանց բերել այստեղ, ցույց տալ հուշարձանները, մաս կազմել այս ամբողջ արարողությանը, զգալ դրա ոգին, բայց խոսքը նաև քաղաքականության մասին է, իսկ դա, հավանաբար, արդեն իմ պատասխանատվության տակ չէ»։
Նա նշեց, որ ինքը վստահում է սովորական ժողովրդի, որը միտված է արդարացության և խաղաղության հաստատման։



«Սա ինձ համար մեծ առաքելություն է՝ նկարագրելով այն զգացմունքները, որոնք ես ապրել եմ այստեղ, այս հուշարձանում և թանգարանւմ լինելով, ևս մեկ անգամ մարդկանց մի որևէ խմբի վստահեցնել այս եղելության սարսափելիության և ճանաչման արժանի փաստում»,-ասաց նա։



Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս օրերին Հայաստան են ժամանել ԴԱՀԿ ծառայության գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ, որոնք այսօր՝ ապրիլի 26-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գլխավորությամբ երթով շարժվել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ