Արամ Սիմոնյանն այլընտրանք չի կարող ունենալ

Արամ Սիմոնյանն այլընտրանք չի կարող ունենալ

Մոտենում է հունիսի 19-ը՝ ԵՊՀ ռեկտորի ընտրության օրը, սակայն նախընտրական ակտիվություն մայր բուհում չի նկատվում: Ռեկտորի միակ թեկնածուն գործող կառավարիչն է՝ հանրապետական Արամ Սիմոնյանը, եւ ոչ ոքի մտքով չի անցնում, որ կարելի է առաջադրվել, մի նոր ծրագիր, բուհի զարգացման մի նոր նախագիծ ներկայացնել, քանի որ ԵՊՀ-ում բոլորը համոզված են, որ, միեւնույն է, Սիմոնյանն անցնելու է: Իրավաբանականի դեկան Գագիկ Ղազինյանի հնարավոր թեկնածության մասին լուրերը սուտ դուրս եկան: Ոչ միայն Ղազինյանն է դրանք հերքում, այլեւ մյուս համալսարանականները: Մեզ հետ փակ զրույցներում նրանք համոզմունք են հայտնում, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս անգամ էլ, ինչպես 2011 թվականին, պաշտպանում է Արամ Սիմոնյանի թեկնածությունը, եւ այս պարագայում հազիվ թե որեւէ մեկը հանդգնի իր բախտը փորձել, քանի որ չի հավատում, որ շանս կունենա:



Մինչդեռ Արամ Սիմոնյանն արդեն երրորդ անգամ է բախտը փորձում, ինչպես լճացած գյուղերի հավերժական գյուղապետերն են մի քանի ժամկետ ընտրվում ու ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ: Երբեք այսքան անկիրք ընտրություն չէր եղել համալսարանում, ինչպես հիմա: 2006-ին թեժ պայքար գնաց նրա եւ Գագիկ Ղազինյանի միջեւ, ով քիչ էր մնում հաղթեր: 2011-ը նախընտրական տարի էր, եւ քաղաքական ռիսկերից խուսափելու խնդիր դրվեց վերեւից, ուստի որպես թեկնածու գրանցվեց միայն Արամ Սիմոնյանը: Բայց այն ժամանակ գոնե պրոռեկտոր Արսեն Քարամյանը համ ու հոտ տվեց նախընտրական փուլին իր ռեկտորական ամբիցիայով, թեեւ չառաջադրվեց: Գոնե նախագահի եղբոր՝ աստվածաբանականի եկեղեցական ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանի մասին մի պահ խոսվեց:



Արամ Սիմոնյանը 2011-ին, ինչպես եւ 2006-ին, խոստացավ պետհամալսարանը կրթական տարածաշրջանային ազդեցիկ կենտրոն դարձնել: Դրա փոխարեն նա համալսարանը եւ հարակից տարածքն աղբանոց դարձրեց (ինչը երեւում է լուսանկարում), այն դեպքում, երբ եվրոպական քաղաքներում եւ անգամ հարեւան Վրաստանում համալսարաններն ամենամշակված, գեղեցիկ հաստատություններն են համարվում: ԵՊՀ ռեկտորի հավերժացմանը նպաստեց նաեւ բուհերի կառավարման փոփոխությունը, այն, որ դրանք ոչ առեւտրային կազմակերպություններից՝ ՊՈԱԿ-ներից, վերածվեցին հիմնադրամների: Եվ ոչ միայն այն պատճառով, որ բուհի ռեկտորը կարող էր պաշտոնավարել մինչեւ 65 տարեկանը, իսկ հիմնադրամի դեպքում տարիքային սահմանափակում չկա: Ենթադրվում էր, որ հիմնադրամներն ինքնակառավարման, նաեւ ազատության ավելի լայն հնարավորություն ունեն: Իրականում կատարվեց հակառակը:



ՊՈԱԿ-ը ղեկավարում էր կառավարման խորհուրդը, իսկ հիմնադրամի դեպքում կառավարումն իրականացնում է հոգաբարձուների խորհուրդը: Ըստ «Երեւանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության, ԵՊՀ-ի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինը՝ հոգաբարձուների խորհուրդը, կազմված է 32 անդամից եւ ձեւավորվում է ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի եւ լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Նրանք բոլորն առաջադրվում եւ ընտրվում են, ինչպես եւ բուհի կառավարիչը, այսինքն՝ ռեկտորը: Մեր բուհերի դեպքում, սակայն, հոգաբարձուների խորհուրդների ընտրություններ տեղի չեն ունենում: Նախկին կառավարման խորհուրդները ոչ թե լուծարվում, այլ ավտոմատ կերպով վերածվում են կամ, ավելի ճիշտ, վերանվանվում են հոգաբարձուների խորհուրդների:



ԵՊՀ կառավարման խորհուրդը նույն կազմով մարտ ամսին ընտրեց նույն նախագահին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Խորհրդի մյուս անդամների ընտրություն տեղի չունեցավ, եւ այսօր ԵՊՀ-ն ունի նույն խորհուրդը, նույն՝ 32 անդամից բաղկացած: Ռեկտորն ինքնառաջադրվում է կամ առաջադրվում է ֆակուլտետի կողմից: Առաջադրվելուց հետո նա պետք է ներկայացնի իր տվյալները եւ ծրագիրը, թե ինչպես է պատրաստվում համալսարանը զարգացնել: Այս հիմքով հոգաբարձուները պետք է գաղտնի, փակ քվեարկություն կատարեն, եւ ով 32-ի ձայների կեսը, գումարած մեկ ձայն, հավաքի, նա էլ կընտրվի: Բայց քանի որ հոգաբարձուները ոչ թե ազատ ընտրությամբ անցած անձինք են, այլ հին կառավարման խորհրդի հլու հնազանդ անդամները՝ 8 հոգի նախագահականից, 8-ը՝ նախարարությունից, 8-ը՝ բուհի պրոֆեսորադասախոսական կազմից, 8-ն էլ՝ ուսանողներ, հասկանալի է, որ նրանց ընտրությունը նույնն է լինելու՝ ռեկտոր Արամ Սիմոնյանը:



Իշխանությունները կարող են ազդել այս հնազանդ հոգաբարձուների վրա, ինչպես ցանկանան: Նախագահական եւ նախարարական ութնյակները, իրար գումարած, 16 են դառնում, մնում է մյուս 16 հոգուց եւս մեկին բերել՝ մեկ ուսանող կամ մեկ դասախոս, ով կցանկանա իշխանությանն օգնել մարդ անցկացնելու հարցում: Իսկ սա պրոֆեսորադասախոսական կազմի համատարած հնազանդության պայմաններում խաղուպար է: Դժվար է հակառակը՝ ընդդիմադիր դասախոս գտնելը, եւ բոլորն են սա հասկանում: Ուստի ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն այլընտրանք չունի, եւ նրա հաղթանակը կանխորոշված է: