ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը ժամանակի հարց է. Սերժ Սարգսյան

ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչումը ժամանակի հարց է. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վաշինգտոնի Ազգային Մայր տաճարում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջկրոնական աղոթքի ժամանակ վստահություն է հայտնել, որ ԱՄՆ–ի կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ժամանակի հարց է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը արդարության և ճշմարտության համար մղվող հարյուրամյա պայքարի ընթացքում մշտապես զգացել է նաև ԱՄՆ-ի աջակցությունը:



«Ցեղասպանության զոհերի թիվն անհամեմատ մեծ կլիներ, իսկ վերապրածների ճակատագիրը` շատ ավելի դաժան, եթե այդ ծանր շրջանում մեր ժողովրդի կողքին չկանգնեին մեր բարեկամ երկրները, այդ թվում և Միացյալ Նահանգները: Ինչպես բնորոշել է մեծ ամերիկահայ Վիլիամ Սարոյանը. «Այստեղ հանդիպեցին Ցեղասպանությունից մազապուրծ հայերը, ծիծաղեցին ու աղոթեցին իրենց մայրենի լեզվով` ստեղծելով մի նոր Հայաստան»»,- ասել է նա։

ՀՀ Նախագահը հիշեցրել է, որ ամերիկյան առաջադեմ հասարակական-քաղաքական գործիչները դեռևս 19-րդ դարի վերջին խստորեն դատապարտել են սուլթանական կառավարության հակահայկական քաղաքականությունն ու օգնության ձեռք մեկնել տարագիր հայերին:



«Հիշենք ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հերոսական ու բացառիկ առաքելությունն օվկիանոսի այն կողմ տառապյալ հայերին օգնություն ցուցաբերելու համար: Ամերիկյան հասարակությունը բողոքի ձայն բարձրացրեց նաև 1915-1923 թվականներին հայերի զանգվածային կոտորածների և տեղահանության դեմ, որը հետագայում պետք է որակվեր որպես Ցեղասպանություն: Ամերիկյան մամուլն ամեն օր տպագրել է այս ողբերգական իրադարձությունների ականատես դիվանագետների, միսիոներների, հրաշքով փրկված հայերի պատմածները, իսկ Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Մորգենթաուի անունը ոսկյա տառերով է հավերժացել հայերի բարեկամների շարքում: Ժամանակին նա դարձավ առաջին ամերիկացին, ով աշխարհին պատմեց հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի զանգվածային հանցագործության մասին` որպես ազգի ոչնչացման արշավ որակելով Հայոց ցեղասպանությունը»,- ընդգծել է Սերժ Սարգսյան։



ՀՀ Նախագահն իր երախտիքի խոսքն է հայտնել նաև այն ամերիկացիներին, ովքեր Հայաստանի, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի տարածքում որբանոցներ հիմնեցին` մահից փրկելով և խնամելով Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայ որբերի:



«Մեր օրերում էլ ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությանը հստակ գնահատական տալու փորձեր են կատարվում: Միայն այն փաստը, որ արդեն 44 նահանգ ճանաչել և դատապարտել է մարդկության դեմ իրագործված այդ ոճիրը, արդեն իսկ ասածիս վառ ապացույցն է: Հուսով եմ, որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման հարցը ոչ թե «եթե»-ի այլ «երբ»-ի հարց է»,- ասել է ՀՀ Նախագահը։

Սերժ Սարգսյանը նաև կոչ է արել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների համար աղոթելու հետ մեկտեղ աղոթել նաև, որպեսզի ճշմարտության և արդարության պահանջը լինի մշտարթուն և ղողանջի հավերժ: «Եկե՛ք համատեղ ուժերով վիրակապենք մարդկության վերքերը` հասնելու համար արդարության և խաղաղության մեզանում և ողջ աշխարհում»,- ասել է ՀՀ Նախագահը: