«Ժառանգությունը» դեմ է «Համայնքների խոշորացման» ծրագրին

«Ժառանգությունը» դեմ է «Համայնքների խոշորացման» ծրագրին

Համայնքների միավորման հանրաքվեի առնչությամբ
«Ժառանգությունը» հայտարարում է



Հիմք ընդունելով Կառավարության կողմից «Համայնքների խոշորացման» ծրագրի վերաբերյալ բնակչության կարծիքն իմանալու նպատակով ՀՀ մարզերում «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնած հանդիպումների արդյունքները, համաձայն որոնց՝ բնակչության գերակշիռ մեծամասնությունը դեմ է այդ ծրագրին, ինչպես նաեւ դիտարկելով փորձագիտական ու քաղաքական տարբեր շրջանակների մոտեցումները, ըստ որոնց՝ ծրագրի ներդրմամբ.
- առանց այն էլ կիսադատարկ շատ գյուղերի խորապատկերին կարող է խթանվել դրանց հետագա ամայացման գործընթացը,



- տեղերում կարող են առաջանալ կառավարման համակարգի նոր խութեր, վտանգվել տեղական ինքնակառավարման էությունը՝ հասանելի իշխանության սկզբունքը,



- իրական վտանգ կա, որ առկա քաղաքական անվստահության պայմաններում մեծ ու փոքր գյուղերի միջեւ կստեղծվի միջհամայնքային լարվածություն,



- որեւէ երաշխիք չկա, որ չի խախտվի համայնքների համաչափ զարգացման սկզբունքը,



- չի լուծվում ֆինանսների եւ լիազորությունների՝ դեպի համայնքներ ապակենտրոնացման խնդիրը, ինչը ՏԻՄ ինքնուրույնությունն ու անկախությունը ապահովող միակ ուղին է,



եւ, վերջապես, ելնելով այն հանգամանքից, որ Կառավարությունն առանց այս ծրագրի ներդրման էլ ունի բավարար գործիքակազմ՝ ցանկության դեպքում լուծելու բոլոր այն խնդիրները, որոնք մատնանշվում են ծրագրում,



«Ժառանգություն» կուսակցությունը՝



1. հայտարարում է, որ դեմ է «Համայնքների խոշորացման» ծրագրի կենսակոչմանը եւ, մասնավորապես, Լոռու մարզի Թումանյան, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Սյունիքի մարզի Խոտ, Հալիձոր, Հարժիս, Շինուհայր, Սվարանց, Տաթեւ, Տանձատափ, Քաշունի եւ Տավուշի մարզի Աղավնավանք, Գոշ, Դիլիջան, Թեղուտ, Խաչարձան, Հաղարծին, Հովք համայնքների միավորմանը.
2. իր վրդովմունքն է հայտնում այն ապօրինությունների վերաբերյալ, որոնք կատարում են իշխանությունները հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքում, մասնավորապես.
- խախտվել է Տեղական հանրաքվեի մասին օրենքի Հոդված 22-ի 5-րդ կետի 1-ին ենթակետը, որով պետական եւ համայնքային պաշտոններ զբաղեցնողներին արգելվում է քարոզչություն ծավալել եւ ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել,
- խախտվել է նույն օրենքի Հոդված 23-ի 1-ին կետը եւ չի բացվել բանկային միասնական հաշիվ (Քարոզչության հաշիվ): Ըստ նույն կետի՝ քարոզչության նպատակով նախաձեռնող խմբի կողմից ֆինանսավորման այլ աղբյուրներից ծախսեր կատարելն արգելվում է, իսկ ըստ նույն օրենքի Հոդված 23-ի 3-րդ կետի՝ քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիները, ինչպես նաեւ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ քարոզչության հաշվին մուծումներ կատարելու իրավունք չունեն պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու բյուջետային հիմնարկները:
«Ժառանգություն» կուսակցություն
8 մայիսի 2015թ.