Զինվորականի երեխան ծանր վիճակում է

Զինվորականի երեխան ծանր վիճակում է

Չինարի գյուղից բողոք ստացանք այն մասին, որ զինծառայող Արման Ոսկանյանի 4 տարեկան երեխան՝ Էրիկ Ոսկանյանը, «Արաբկիր» բժշկական կենտրոնում ծանր վիճակում պառկած է եղել, բայց պատշաճ բուժօգնություն չի ստացել։ «Նրան դուրս են գրել, որովհետև տեր ու տիրական չունի, հայրը անընդհատ սահմանին է՝ Չինարի գյուղում, իսկ մայրը նորածին երեխա ունի», - գրում են մեզ և հայտնում նաև, որ «Արաբկիրում» երեխային՝ անվճար վիրահատելու և ողնաշարի կորսետ հագցնելու փոխարեն, ինչը սահմանված է օրենքով, «տուն են ուղարկել»: Մանրամասները փորձեցինք ճշտել բժշկական կենտրոնի տնօրեն, ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանից։ Նա մեր հարցումը հասցեագրեց իր կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանին։ Վերջինս չհիշեց Էրիկին։ Ասաց, որ երեխան իր բաժանմութնում չի պարկել, հնարավոր է, որ բուժզննություն է անցել, սակայն ինքը օրական երեք տասնյակ բուժզննություններ է կատարում և չի կարող բոլորին հիշել։ «Որպեսզի պատասխանեմ Ձեր հարցերին, պետք է ծնողները երեխային նորից բերեն, ես զննություն կատարեմ ու Ձեզ գրավոր պատասխանեմ», - ասաց բժիշկը։ Թե ինչ է եղել իրականում, մեզ պատմեց Չինարիի գյուղապետը՝ Սամվել Սաղոյանը։ «Այս ընտանիքում 4 երեխա կա, երեքը վատառողջ են, սա իրոք շատ կարիքավոր ընտանիք է, բայց ոչ անտեր», - ասաց գյուղապետը։ Նա հաստատեց, որ երեխայի վիճակը ծանր է, որ նա վիրահատության կարիք ունի, և նրան «Արաբկիր» կենտրոնից հետ են ուղարկել։ «Ծնողներին ասել են, որ երեխան դեռ փոքր է ողնաշարի վիրահատություն անելու համար, թող մի քիչ մեծանա, նոր բերեք», - ասաց գյուղապետը։ Նա պատմեց, որ զինծառայող Ոսկանյանը 10 տարի է պաշտպանում է մեր սահմանները, որ նա ծայրահեղ աղքատ է։ Գյուղապետը մի քանի անգամ տարբեր կազմակերպությունների և մարզպետարանին է դիմել ընտանիքին օգնելու խնդրանքով։ «Դաժե կով ենք տվել, մի քանի ոչխար եմ տրամադրել», - ասաց Սամվել Սաղոյանը։ Այս դեպքն ապացուցում է․ անվստահությունը առողջապահության համակարգի նկատմամբ այնքան է սրվել, որ մարդիկ, չհավատալով մասնագետներին, ամեն հարցով դիմում են մամուլի միջամտությանը՝ հույսով, որ գոնե  մեր միջոցով կարող են բժիշկների ուշադրությանն արժանանալ։