Կառավարության շենքում զով է, իսկ շենքից դուրս՝ Աֆրիկա

Կառավարության շենքում զով է, իսկ շենքից դուրս՝ Աֆրիկա

Կառավարության շենքում եւ շենքից դուրս բոլոր սեզոններին բացարձակ տարբեր կլիմայական պայմաններ են։ Եվ հարցը միայն օդի ջերմաստիճանը չէ, որը շենքից դուրս 41 աստիճան է, իսկ ներսում՝ օդորակիչների շնորհիվ, ցածր եւ հաճելի, այլեւ մթնոլորտը, ՀՀ քաղաքացիների ինքնազգացողությունն ու զրույցների թեմաները։ Կառավարության նիստը լսելիս տպավորություն է, թե ելույթ ունեցողները մի անպրոբլեմ սկանդինավյան երկրի մինիստրներ են, որոնց միակ մտահոգությունը հարկատուների դրախտային կյանքն էլ ավելի դրախտային դարձնելն է։ Վարչապետը կոչ է անում նախարարներին եւ մարզպետներին՝ ամեն ինչ անել Գիտելիքի օրը՝ սեպտեմբերի 1-ը, «պատշաճ ձեւով նախապատրաստելու եւ անցկացնելու համար»։ Աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն առաջարկում է կառավարության աշխատակազմին հատկացված գումարների տնտեսումներն ուղղել ԵՏՄ անդամակցության շրջանակներում միասնական տեղեկատվական համակարգի ստեղծմանը։ Սպորտի նախարարը հրատապ որոշում է բերել, որն ուղղակի չէր կարող չընդունվել հենց այսօր, քանի որ դրանից է կախված երիտասարդ ըմբիշների ապագան՝ ըմբշամարտի մարզադպրոցն անվանել Նորայր Մուշեղյանի անվամբ։ Առողջապահության նախարարը ոչ պակաս արդիական որոշում է հաստատման ներկայացնում՝ «Ակվատուս» ՍՊԸ-ին թմրամիջոցների ներմուծման լիցենզիա տրամադրել։ «Ակվատուսը», ինչպես հայտնի է, լողավազանների, սաունաների եւ շինարարական քիմիայի խանութ է, եւ անհասկանալի է, թե դրա ինչին է պետք թմրամիջոց կամ վերջինիս պրեկուրսոր ներմուծելը։ Ի դեպ, վերջին շրջանում նմանատիպ լիցենզիաներ շատերն են ուզում, եւ թվում է, թե ողջ հանրապետությունը թմրամիջոցների բիզնեսով է զբաղված, իսկ թմրամիջոց օգտագործելը, ինչպես սկանդինավյան երկրներում, սովորական երեւույթ է, ամենեւին ոչ դատապարտելի։ Մի խոսքով, ամեն ինչ այնպես է, ինչպես սկանդինավյան անպրոբլեմ կառավարությունում։ Շենքի դռներից դուրս այլ եղանակ է՝ աֆրիկյան, եւ երկիրն էլ, կարծես, այլ է՝ Նիգերիա, Բուրունդի, որի բնակչության 80 տոկոսն աղքատ է, կամ Կոնգո, որն աշխարհի ամենաաղքատ երկիրն է։ Պետք չէ ջերմաչափ ունենալ հետդ, համոզվելու համար, որ այստեղ 41 աստիճանից էլ շոգ է, կամ էլ մոտենալ եւ զրուցել հայկական Բուրունդիի բնակիչների հետ։ Բավական է կարդալ վերջին մեկ ամսում այստեղ հավաքվողների պաստառները, լսել հռետորական բացականչությունները, եւ հասկանում ես․ սա այն դրախտը չէ, որի մասին խոսում էին ներսում։ «Դատախազը սրիկա է, քննիչներն ու ոստիկանները՝ կաշառակերներ, հանցագործներ, միայն դուք կարող եք օգնել ինձ»,- դիմելով վարչապետին՝ գոչում է մի բարձրախոս տղամարդ։ «Պարոն վարչապետ, օգնեք վերականգնել մեր խախտված իրավունքները․ հաշմանդամ օդաչուներ»,- կարդում ես մյուս պաստառին։ ««ՀայՌուսգազարդի» պատճառով 8 հոգանոց ընտանիքը մնացել է փողոցում»,- գրված է մյուսին։ «Չենք վճարելու 5 տոկոսը»,- բողոքում են Բուրունդիի մյուս բնակիչները։ Չարքաշ եւ արեւահար դեմքերով մի խումբ էլ, հավանաբար, Բուրունդիի գյուղերից են եկել։ Դե արի ու սրանց բացատրիր, որ շենքի ներսում ժողով անող «փողկապավոր» հրեշտակներն իրենց օպերայից չեն, որ իրենք սխալ հասցեով են դիմում, եւ օսլայած սկանդինավները երբեք չեն լսելու իրենց։ Սա նրանց երկիրը չէ, նրանց երկիրն ուրիշ է, ձերը՝ ուրիշ։