Տավուշի մարզպետն ագրեսիվ է ու նյարդային

Տավուշի մարզպետն ագրեսիվ է ու նյարդային

Իջեւանում սեպտեմբերի 13-ին քաղաքապետի ընտրություններ են սպասվում: Թեկնածուներն ի սկզբանե երեքն էին, սակայն մեկը հրաժարվեց, եւ մնացին երկուսը` Իջեւանի նախկին եւ ներկա քաղաքապետները: Ուշագրավ է, որ թե նախկին քաղաքապետը` Վարուժան Ներսիսյանը, թե գործողը` Վարդան Ղալումյանը, ՀՀԿ-ական են, թեպետ Ղալումյանը մինչ այդ ԲՀԿ-ական էր եւ 2011- ին ԲՀԿ անդամատոմսով է ընտրվել քաղաքապետ, սակայն փետրվարյան հայտնի դեպքերից հետո ինքն էլ, շատերի նման, դուրս է եկել ԲՀԿ-ից ու անդամագրվել ավելի «ապահով» կուսակցությանը:



Այժմ ՀՀԿ-ն, իր հին ու հավատարիմ անդամին թողած, սատարում է ԲՀԿ-ից հեռացած եւ իրենց շարքերը վերջերս համալրած նորաթուխ անդամին, ում նաեւ մարզպետ Հովիկ Աբովյանն է սատարում: Մամուլը գրեց, որ Աբովյանն իր «դաբրոն» արդեն տվել է Ղալումյանի առնչությամբ: Ասում են` մյուս թեկնածուին էլ, ով քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո մինչ այժմ զբաղեցնում է Կադաստրի Տավուշի մարզային վարչության պետի պաշտոնը, թաքուն սատարում է Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը: Խոսակցություններ կան նաեւ, որ վերջինիս եւ գործող մարզպետի հարաբերությունները բավականին լարված են, եւ Աբովյանը գրեթե ամբողջությամբ ազատվել է նախկին մարզպետի մտերիմներից: Նկատենք, որ Իջեւանի այս ընտրությունները թեկնածուների ու պայքարի տեսանկյունից շատ նման են Աբովյանի ընտրություններին, որտեղ ինքնառաջադրված ՀՀԿ անդամը դուրս էր եկել սեփական կուսակցության կողմից սատարվող թեկնածուի դեմ: Արդյունքում նա եւ պարտվեց, եւ մինչեւ ընտրությունները հեռացվեց ՀՀԿ շարքերից:



Այս հարցերի շուրջ երեկ զրուցեցինք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ:
Նա նախ անդրադարձավ գործող քաղաքապետին իր կողմից «դաբրո» տալուն. «Արեք պայմանավորվենք սենց` դաբրոյով-բանով ըտենց մենք քաղաքականություն չենք անում: Ցանկություն են հայտնել երկուսն էս պահին, երկուսն էլ կմասնակցեն ընտրություններին»:



- Իսկ Դուք նախընտրելի թեկնածու ունե՞ք, ո՞ւմ եք սատարելու։



- Իհարկե ունեմ` գործող քաղաքապետին:



- Նա վերջերս է դարձել ՀՀԿ անդամ. սա Ձեր անձնակա՞ն ցանկությունն է եղել` սատարել հենց նրան, թե՞ կուսակցության որոշմամբ:



- Իմ ցանկությամբ է եղել... Եթե Դուք հետեւում եք մամուլին, պետք է իմանաք, որ ինքն առաջադրվել է Հանրապետական կուսակցության կողմից:



- Բայց մյուս թեկնածուն եւս ՀՀԿ անդամ է, եւ այստեղ կարծես Աբովյան քաղաքի փորձն է կրկնվում:



- Դե, էդ Աբովյանի փորձն արդեն ծամոն եք սարքել, էնքան եք ասում, որ... ի՞նչ անենք, ի՞նչ խնդիր կա որ, թող լինի հանրապետական:



- Խնդիր չի՞ առաջանա, որ երկու ՀՀԿ-ական իրար դեմ են պայքարում՝ նույն պաշտոնի համար:



- Օրենքով արգելվա՞ծ ա…



- Օրենքով արգելված չէ, բայց կուսակցությունում ինչպե՞ս են վերաբերվում դրան։



- Մեր վերաբերմունքը, մեր դիրքորոշումը երբ որ արտահայտենք, էդ ժամանակ կիմանաք:



- Ո՞ւմ շանսերն եք բարձր գնահատում։



- Ով որ անցնի:



- Խոսակցություն կա նաեւ, որ լարվածություն կա Ձեր եւ նախկին մարզպետի, ըստ այդմ` նաեւ նրա սատարած թեկնածուի միջեւ, ասում են` նախկին մարզպետի կադրերին ազատում եք աշխատանքից:



- Ոչ, միանշանակ՝ ոչ: Դա միայն լրագրողների կարծիքն ա, մենք կարծիքներով չենք աշխատում, այլ իրատեսական, ռեալ աշխատանք ենք տանում:



- Լավ, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ երկու ՀՀԿ անդամ իրար դեմ են պայքարում, սովորաբար, նման բան չի լինում:



- Էդ հարցին մի անգամ պատասխանեցի, Դուք էլ բերեցիք Աբովյանի օրինակը, ես էլ ասեցի... հիմա անցանք առաջ:



- Իսկ այն, որ գործող քաղաքապետը նախկինում ԲՀԿ-ական է եղել, հիմա ՀՀԿ-ական...



- Դուք 100%-ով համոզվա՞ծ եք, որ նա ԲՀԿ-ական եղել է:



- Ես որքանով տեղյակ եմ` 2011-ին նա որպես ԲՀԿ-ական է ընտրվել քաղաքապետ:



- Դուք լավ տեղեկացված չեք եղել, նա հանրապետական էլ ա եղել:



- Այսինքն` միաժամանակ եւ ԲՀԿ-ական, եւ հանրապետակա՞ն։



- Չէ, դրա համար եմ ասում` մի հատ գնացեք, ավելի լավ ուսումնասիրեք, տեսեք` հանրապետակա՞ն ա եղել, թե՞ ԲՀԿ-ական:



- Այսինքն` երբվանի՞ց է նա ՀՀԿ շարքերում:



- Ի՞նքը՝ շատ շուտվանից: Եղել ա կուսակցության երիտթեւի առաջնորդը:



- 2011թվականին նա որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու չի՞ ընտրվել քաղաքապետ։



- Ուսումնասիրեք՝ համոզվեք: