Վրաստանը միջազգային հանրությանը հիշեցնում է ռուսական ագրեսիայի մասին

Վրաստանը միջազգային հանրությանը հիշեցնում է ռուսական ագրեսիայի մասին

Վրաստանի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել համապատասխան գնահատական տալ Ռուսաստանի գործողություններին, որոնք ուղղված են Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ: Այս մասին տեղեկացնում է «interfax.ru»-ն:



Բանն այն է, որ օրերս Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում մեկնարկել են խոշորամասշտաբ զորավարժություններ, որոնք անցկացվում են նաև Աբխազիայում ու Ցխինվալի շրջանում։ Վրաստանի ԱԳՆ-ն նկատել է, որ բացի զորավարժություններից՝ Ռուսաստանը շարունակում է խախտել Վրաստանի վերահսկած օդային տիրույթը:



«Ռուսաստանի նմանատիպ գործողությունները կրում են սադրիչ բնույթ և սպառնալիք են ստեղծում կայունության ու անվտանգության պահպանման համար։ ԱԳՆ-ն Ռուսաստանից պահանջում է հարգել միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, կատարել ստանձնած պարտավորությունները, այդ թվում նաև 2008 թվականի օգոստոսի 12-ին կնքված հրադադարի վերաբերյալ համաձայնագրի պայմանները և ապաօկուպացնել վրացական տարածքները»,- ասվում է գերատեսչության կոչում: