Նալբանդյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ 3 քաղաքացիների սպանությունը

Նալբանդյանը  դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ 3 քաղաքացիների սպանությունը

Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարեւոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակը սրումը: Այս մասին, սեպտեմբերի 24-ի երեկոյան Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի եւ Պիեռ Անդյոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:



Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։



Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին իր վրդովմունքն է հայտնել ‪‎Ադրբեջանի կողմից զինադադարի կոպիտ խախտումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում մարդկային կորուստների։



«Ադրբեջանը վատ ավանդույթ է դարձրել տարածաշրջան կարեւոր այցելություններից, բարձր մակարդակի հանդիպումներից առաջ Արցախի հետ շփման գծում եւ Հայաստանի հետ սահմանին ամեն՝ նույնիսկ մարդկային զոհերի գնով իրավիճակը սրումը՝ դրանով իսկ կասկածի տակ դնելով հանդիպումների նպատակահարմարությունը, խոչընդոտելով բանակցային գործընթացը»,- շեշտել է նախարար Նալբանդյանը։



Խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման հետեւանքով ՀՀ երեք քաղաքացիների սպանությունը` նախարար Նալբանդյանն ասել է. «Այս հերթական սադրանքը դարձավ Ադրբեջանի արձագանքը Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ Նյու Յորքում արդյունավետ բանակցություններ ունենալու ակնկալիքին»։



Հանդիպմանը քննարկվեցին իրավիճակը կայունացնելու նպատակով ձեռնարկելիք հնարավոր քայլերը։