Սիրել Երևանը, նշանակում է՝ նրանով ապրել. Արտակ Համբարձումյան

Սիրել Երևանը, նշանակում է՝ նրանով ապրել. Արտակ Համբարձումյան

Խաչքարագործ Արտակ Համբարձումյանը գտնում է, որ Երևանը սիրելը պետք է մշտապես լինի երևանցու սրտում ու հատկապես քաղաքի ծննդյան օրը այն պետք է լիարժեք արտահայտվի: «Էրեբունի-Երևան 2797» տոնական միջոցառումներին ընդառաջ մենք զրուցեցինք Արտակ Համբարձումյանի հետ՝ հասկանալու, թե ինչպե՞ս է արտահայատվում իր սերը քաղաքի նկատմամբ:



-Ի՞նչ է Ձեզ համար Երևանը սիրելը:



Նախ և առաջ Երևանով ապրելը, քաղաքի առօրյայով ոգեշնչվելն ու կենարար նոր ուժ ստանալն է Երևանը սիրելը: Որպես ծննդավայր ու բնօրրան մեզանից յուրաքանչյուրի պարտքն է փայփայել մեր քաղաքը ու փորձել անել հնարավորը, որ այն միշտ արժանավայել ներկայանա բոլորին: Եվ այս հարցում մեզանից յուրաքանչյուրն ունի՛ իր առաքելությունն ու պարտավորությունը:



– Իսկ ո՞րն է Ձեր առաքելությունը որպես մարդ և որպես երևանցի:



Ընդհանրապես մարդը լույս աշխարհ գալիս արդեն իսկ ունի ի վերուստ տրված որոշակի առաքելություն: Աստծո կամոք ինձ էլ թերևս տրված է մի մասնագիտություն, որը սիրով եմ կատարում: Ու կարծում եմ, որ իմ մասնագիտությունը՝ խաչքարագործությունը, իրականում հայի առաքելությունն է, քանի որ այն որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի, նաև գենետիկ մենաշնորհ է, որ մեր պապերից փոխանցվել է մեզ:



-«Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության շրջանակում կանցկացվի «Քարե կոթողների ժամանակագրությունը» սեպագրերի ցուցադրություն: Ի՞նչ կարևորություն ունի այն ըստ Ձեզ:



Տվյալ ցուցադրությունն առաջին անգամ է անցկացվում, նվիրված է Էրեբունի-Երևանին: Ցուցահանդեսում կներկայացվեն Արևմտյան Հայաստանի սեպագրերը, որոնք վկայում են մեր ժողովրդի պատմական հաղթանակների, նշանակալի իրադարձությունների մասին: Դրանք այն խոսուն ապացույցներն են, թե ինչպիսի հզոր երկիր ենք ունեցել, իմաստուն ու հեռատես կառավարիչներով, որոնց շնորհիվ էլ մեր երկրի ձեռքբերումների ու նվաճումների մասին արձանագրությունները քարին դաջելով հազարամյակներ անց մեզ են ներկայացրել մեր պապերի անցած ուղին: Ի դեպ, տվյալ սեպագրերը մեզ տրամադրվել են «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի կողմից։ Ճիշտ է այսօր տեխնիկական միջոցները բազմազան են, հատկապես տեղեկությունը ժամանակների մեջ հավերժ պահելու համար, բայց, անկեղծ ասած, ես կուզեի, որ հազարամյակներ անց մեր պատմության ու մշակույթի մասին ապագա սերունդները տեղեկանային նաև մեր խաչքարակերտ կոթողներից, որոնք տվյալ սերնդին փոխանցեին այն սերն ու ջերմությունը, որը մեր ներկայիս սերունդը ունի իր երկրի ու բնակավայրի հանդեպ:



«Էրեբունի-Երևան» տոնի հետ կապված էլ կուզեի, որ այն ջերմությունն ու սերը, որն ամեն անգամ առկա է այդ տոնի ողջ ընթացքում, հատկապես փոխանցվեր ապագա սերունդներին, որպեսզի բոլոր ժամանակներում իմանան, թե ինչ է հայի համար սեփական մայրաքաղաքը, որը սիրելը ոչ թե պարտականություն է, այլ հոգու պարտք: Օգտվելով առիթից՝ ի սրտե ասեմ՝ շնորհավոր տոնդ իմ ջերմ ու բարի քաղաք Երևան։