Հայերին Ռուսաստանում թրաֆիքինգի՞ են ենթարկում. պատմում է ականատեսը

Հայերին Ռուսաստանում թրաֆիքինգի՞ են ենթարկում. պատմում է ականատեսը

«Ոչ մեկ ուշադրություն չի դարձնում, թե արտագնա աշխատանքի գնալուց հետո, հայերն ինչ իրավիճակում են հայտնվում Ռուսաստանում: Հանրապետությունում մարդիկ թրաֆիքինգ ասելով պատկերացնում են, որ մարմնավաճառներին ուղարկում են բռնությամբ ստրկացնելու և այլն… ».- մեր խմբագրություն այցելած Ռուսաստանում բնակվող հայրենակիցը ցանկանում է իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում իր ասելով «թրաֆիքնգի» ենթարկվող հայերի վրա:



Գեղամ Վարդազարյանն արդեն 7 տարի է, ինչ բնակվում է Մոսկվայում և անթաքույց անուններ է նշում մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն. «Բավականին դառը վիճակից է եղել, որ գնացել եմ Հայաստանից, սոցիալական ծանր վիճակից, ու մտածել եմ, որ Հայաստանի վիճակը կկարգավորվի: Ինչպես բոլոր հայերը, այնպես էլ ես, ընտանիքով տեղափոխվել ենք Մոսկվա: Այդ տարիներին ես բավականին տխուր փաստերի եմ ականատես եղել, պարզապես ես ցանկանում եմ, որ մեր ոստիկանապետն իմանա: Ռուսաստանում ես բազմաթիվ մարդիկ գիտեմ կոնկրետ Տավուշի մարզի Թեղուտ գյուղից՝ Մանուչար Մանուչարյան, Ալավերդի քաղաքից՝ Արթուր Սահակյան, Հոկտեմբերյանից՝ Հովհաննես Ազոյան, այդ մարդիկ ինձ պատահել են, ահավոր դաժան կյանքով են ապրել այնտեղ՝ Ռուսաստանում: Նրանց ճակատագիրն ընկել են սուտ կիսագողական, հանցագործ մասսաների ձեռքը, աշխատել են մի փոր հացով: Հազարավոր այդպիսի մարդիկ գիտեմ, որ աշխատում են միայն հաց ուտելու համար: Տարիներ շարունակ նրանք չեն կարողանում ոչ Հայաստան վերադառնալ, ոչ կարողանում են իրենց ընտանիքներին ֆինանսական օժանդակություն ուղարկել, նրանց հայտնաբերելը շատ հեշտ է, պետական մոտեցում է հարկավոր: Ո՞նց կարելի է մարդուն ոտքերից կախել ստիպել, որ ձրի աշխատի, ինչը պատահել է հենց Արթուր Սահակյանի հետ, կամուրջից են կախել, կախողն էլ եղել է հենց հայ».- պատմում է Գեղամ Վարդազարյանը և ցավով նշում, որ Ռուսաստանում հենց հայերն են շահագործում հայերին:



«Այդ ամբողջն այնտեղ ղեկավարում են մեր հայերը, որ գնացել են տարիներ առաջ, թուրքն էլ հային այդպես չի անում: Բոլորն էլ այստեղից օրինական ճանապարհով գնում են, դառնում են անօրինական՝ փաստաթղթերի պատճառով: Շատ ժամանակ փաստաթղթերը վերցնում են, միտումնավոր դարձնում են ժամկետն անց, որ դարձնեն ստրուկ: Այսօր հազարավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան վերադառնալ: Ես մարդ գիտեմ, որ ռուսի զուգարանի մեջ է գնացել քողարկվել, այնտեղ է ապրում: Որ ուզբեկն էլ արդեն հային կարողանա նկատողություն անի, որ կուլտուրա չունես, ես դա տեսել եմ, դե ամոթ է: Այն աստիճանի է դարձել սանձարձակ իրավիճակը, որ այլազգիներն էլ հային չեն վստահում: Հայտարարություն են կարդում թերթում, որ տուն են վարձով տալիս, զանգում են, իմանում են հայ է, ասում են չէ, աշխատանքը նույնպես, ձրի աշխատացնում են: Պետականորեն մոտեցում է պետք, միգուցե հաղորդումներ պատրաստեն այդ մասին, միգուցե ներկայացուցչություն կազմակերպի, որովհետև մարդկանց մոտ վախեցած իրավիճակ է».-նշում է ռուսաստանահայ Գեղամ Վարդազարյանը: Վերջինս դիմում է Հայաստանում թրաֆիքինգի դեմ պայքարի հանձնաժողովին, որպեսզի ուշադրություն դարձնեն Ռուսաստանում շահագործվող հայերին. «Թրաֆիքինգի հարցերով ծառայությունն անգործության է մատնված: Պետությունն այդ մարդկանց վճարում է չէ՞: Միայն Թուրքիային են վկայակոչում, որ հայ աղջիկներին տանում են, մարմնավաճառությամբ են զբաղվում, բա մի հատ Ռուսաստանում նայեցեք, թե հայ աղջիկներն ինչով են զբաղվում այնտեղ, բավականին գերակշիռ տոկոս: Հենց այդ թրաֆիքինգ ծառայությունը պետք է զբաղվի դրանով, ոչ թե հայտարարեն, որ մարդիկ մեզ չեն դիմում, վախենում են, բա պետք է վախենան, բա ո՞նց պետք է դիմեն, որ գողականանները գան բռնեն խեղանդամ սարքե՞ն: Բա դուք պետք է գնաք որոնեք, տեսնեք ձեր ազգում ինչ է կատարվում: Ազգն է ազգին շահագործում, դա ցավալի է: Մոսկվայում ես մի ռուսական կազմակերպություն գիտեմ, հարյուրավոր մարդիկ են այնտեղ աշխատում, բոլորն էլ շաքարաջուր են խմում համարյա, որ կարողնան ապրել: Մեր հայերի ձեռքով է այս ամեն ինչը տնօրինվում: Այդ հիմնարկների ղեկավարներն էլ, որ գալիս են Հայաստան, նրանց անվանական զենքեր են նվիրում, նրանք էլ հպարտանում են: Հենց մարդիկ ավտոբուս են նստում այստեղից գնան Ռուսաստան, շահագործելու պրոցեսը սկսվում է հենց այդ պահից, տեսեք մաքսատներում ինչ է կատարվում»:



Գեղամ Վարդազարյանը չցանկացավ անուններ նշել, թե ովքեր են այն մարդիկ, որոնք ըստ իրեն, թրաֆիքինգի են ենթարկում հայերին, միայն իր խոսքում մի քանի անգամ դիմեց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովին՝ խնդրելով ուշադրություն դարձնել վերոհիշյալ խնդիրներին: