Դաշնակցությունը հոգու խորքում փայփայում է իշխանության գալու հույսեր

Դաշնակցությունը հոգու խորքում փայփայում է իշխանության գալու հույսեր

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Hraparak.am-ը հետաքրքրվեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից, թե Դաշնակցությունը սահմանադրական փոփոխություններից հետո բացահայտ կամ հոգու խորքում հույս փայփայու՞մ է, որ իշխանափոխություն տեղի կունենա և ՀՅԴ-ն կգա իշխանության։



«Մեր ամբողջ աշխատանքը ուղղված է լինելու Սահմանադրության ընդունումից հետո հաջորդ պառլամենտական ընտրություններին։ Դրանից հետո ամենակարևոր, ամենադժվար փուլը լինելու է Ընտրական օրենսգրքի վրա աշխատելը։ Մենք արդեն ունենք հանձնախումբ, աշխատում ենք այդ ուղղությամբ, և կարծում եմ՝ հանրաքվեից հետո դա կդառնա քաղաքական կյանքի թիվ մեկ օրակարգը»,-ասաց Աղվան Վարդանյանը։



Այնուհետև Վարդանյանը հույս հայտնեց, որ այն հետևողականությունն ու սկզբունքայնությունը, որ ունի ՀՅԴ-ն, ի վերջո Դաշնակցությանը հանգեցնելու է ամենամեծ դերակատարությունն ունեցող քաղաքական ուժին։



Մեր ճշտող հարցին՝ Դաշնակցության օրակարգում իշխանափոխության խնդիր կա՞, Վարդանյանն ասաց՝ միշտ կա։



Այսինքն՝ իշխանափոխություն, որի ժամանակ Դաշնակցությունը գա իշխանության ղեկին, ոչ թե ուրիշ ուժ, ՀՅԴ խմբակցության քարտուղարն ասաց․ «Իհարկե»։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ