Սերժ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

Սերժ Սարգսյանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական՝ 14-րդ նիստին մասնակցելու նպատակով:



Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին, ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին, նաև՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության շրջանակներում:



Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:



Նիստի օրակարգի շրջանակներում «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Մ. Վարդանյանը Խորհրդի անդամներին ներկայացրել է Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը:



ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Ա. Մարտիրոսյանը զեկուցել է Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը 2013-2015թթ. ժամանակահատվածի համար, որից հետո տեղի են ունեցել ներկայացված զեկույցների վերաբերյալ քննարկումներ: