Վթարված ավտոբուսը չկանոնակարգված երթուղի էր կատարում, վարորդը բուժստուգում չէր անցել

Վթարված ավտոբուսը չկանոնակարգված երթուղի էր կատարում, վարորդը բուժստուգում չէր անցել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածություն կա այն մասին, որ Տուլայի մոտակայքում վթարված ավտոբուսի տուժած ուղևորների բուժման բոլոր ծախսերը կառավարությունը վերցնելու է իր վրա։ Իսկ նիստից վթարի թեմայով հարցերին պատասխանեց տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը։



Նա պաշտոնապես հաստատեց, որ վթարված փոխադրամիջոցը չի ունեցել լիցենզիա և ոչ կանոնավոր երթուղի է կատարել, նա նաև բուժզննում չէր անցել։ «Գումարը գանձում են և ձեզ տեղափոխում են Ա կետից Բ կետ, և սա հարմար է շատ մարդկանց, որովհետև նրանք երբ կուզեն, կգնան, որտեղ կուզեն, կանգառ կանեն», - ասաց Արթուր Առաքելյանը։ Հարցին, թե նախարարությունը իր մեղքի բաժինը զգում է, որ թույլ է տալիս անկանոն  երթուղիներ կատարեն, նախարարը խուսափողական պատասխան տվեց․ «Խնդրում եմ սպասել, մինչև որ ռուսական իրավապահները իրենց եզրահանգումներն անեն, մեր նախարարն այսօր ժամանելու է Հայաստան, և մենք կունենանք նորություններ»։



«Հրապարակի» հարցին, թե ինչու չեն արգելվում չկանոնակարգված երթուղիները, նա պատասխանեց, որ նախարարությունը ԱԺ է ներկայացրել համապատասխան օրինագիծ, և ինքը հույս ունի, որ այս դեպքից հետո դրա ընդունումը կարագացվի։ Մինչ Արթուր Առաքելյանը խոսում էր կառավարության միջանցքում, դռների մոտ հավաքվել էին «քցված» օդաչուներ՝ թոշակառուներ, որոնք չեն կարողանում ստանալ իրենց գումարները ՀՀ կառավարությունից։ Այս մարդիկ, ըստ էության, բաց օդի քաղաքականության զոհերն են։ Արթուր Առաքելյանին հարց տվեցին, թե ինչ օդանավով են Տուլայում տուժած քաղաքացիները տեղափոխվելու Երևան, և նա պատասխանեց․ «ռուսական օդանավով»։ Իսկ լավ չէր լինի հիմա, որ հայկական լայներ թռչեր նման դեպքերում՝ հնչեց հարց։ «Շնորհակալություն», պատասխանեց փոխնախարարը ու հեռացավ։  



Սյուզան Սիմոնյան