Բազում գյուղում ջուրն անիրականանալի երազանք է թվում

Բազում գյուղում ջուրն անիրականանալի երազանք է թվում

Լոռու մարզի Բազում գյուղում խմելու ջրի խնդիրը տասնյակ տարիների պատմություն ունի, բնակիչների մի մասն օգտվում է գետի ու անձրեւի ջրից, որն իր մեջ բազմաթիվ մանրէներ ու վնասակար նյութեր է պարունակում, մի մասն էլ ջուրը գնում է «Հայջրմուղ-կոյուղուց»: Ընկերության մեքենան շաբաթական մեկ անգամ գյուղ 4.5 տոննա ջուր է բերում, ջրի համար վճարվում է գյուղապետարանի բյուջեից, մինչդեռ բերված ջուրն էլ չի բավականացնում բնակչությանը:



Տասնամյակների պատմություն ու 1750 բնակիչ ունեցող այս գյուղը մարզկենտրոն Վանաձորից գտնվում է ընդամենը 3 կմ հեռավորության վրա, ասել է թե՝ խնդիրներ այս գյուղում չպետք է լինեին: Մինչդեռ իրականությունը լրիվ այլ է: Գյուղապետ Հասմիկ Հարությունյանն ասում է, որ գյուղում առհասարակ ջուր չի եղել, պատճառը գյուղի բարձր դիրքն է, իսկ ջրամատակարարման ցանց կառուցելու համար պահանջվում է շուրջ 120 մլն. դրամ, ինչը համայնքի սուղ բյուջեով հնարավոր չէ կազմակերպել:



Բնակիչներն ասում են, որ նման պայմաններում ապրելն այլեւս անհնար է, ամիսներով սպասում են, թե երբ է անձրեւ գալու, որ ջուր հավաքեն ու կենցաղային հարցերը լուծեն, փոքրից մեծ՝ օրական շուրջ 500 մետր ճանապարհ են կտրում, մինչեւ որ կարողանան ձորից ջուր կրել, իսկ ձորի ջուրն էլ կոշտ ջուր է՝ խմելու համար ոչ պիտանի, սակայն այլ տարբերակ բնակչությունը չունի:



Համայնքի ղեկավարն ասում է, որ խնդրի մասին բազմիցս դիմել է պատկան մարմիններին, սակայն սայլը տեղից չի շարժվում: Հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից պարբերաբար զգուշացումներ են եկել համայնքի բնակչությանը, որ գետի ու անձրեւի, ինչպես նաեւ կոշտ ջուրն օգտագործման համար պիտանի չէ, հորդորել են նախ չօգտագործել, օգտագործելու դեպքում առաջ էլ մի լավ եռացնել: Գյուղում վերջերս նաեւ ինֆեկցիոն վարակվածության դեպքեր են արձանագրվել: Թե երբ կլուծվի համայնքի ջրի խնդիրը, ոչ բնակիչները գիտեն, ոչ էլ համայնքի ղեկավարը, փաստ է միայն այն, որ 21-րդ դարում, մարզկենտրոնին կից այս համայնքում բնակիչները զրկված են կենարար ջուր ունենալու հաճույքից, ինչի պատճառով նախ հողերը չեն մշակվում, անասնապահությունը չի զարգանում, եւ հետո՝ արտագաղթն է մեծ թափ ստանում:



Շուշաննա
ԳՐԻԳՈՐՅԱՆ