Շմայսը, Նովոն եւ մյուսները՝ նեղացած

Շմայսը, Նովոն եւ մյուսները՝ նեղացած

Էջմիածնից ընտրված մեծամասնական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի ազգականն է, սակայն վաղուց ի վեր հակասություններ ունի հորեղբոր հետ, երեկ մեզ հետ զրույցում խոստովանել է, որ մինչեւ այս պահը դեռ ներգրավված չէ սահմանադրական բարեփոխումների քարոզարշավին եւ հանդիպումներ չի ունեցել իր ընտրատարածքի ընտրողների հետ։ «Բայց առաջիկայում դեռ կունենանք»,- ավելացրել է Գրիգորյանը։ Բանն այն է, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ողջ պատասխանատվությունն Արմավիրի մարզում դրվել է գեներալիտետի՝ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի վրա, որոնք գրեթե ամեն օր գիշերային հավաքներ են կազմակերպում, ցուցումներ տալիս ու լսում զեկույցները։ Իսկ մյուսները, օրինակ, նույն Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Նովոն՝ Նահապետ Գեւորգյանը, նեղացած իշխանությունների անվստահությունից, փակ անկյուն են ման գալիս՝ սիրտները դատարկելու համար։ Խնդիրն այն է, որ իշխանությունը որոշել է հրաժարվել այս օդիոզ ֆիգուրներից եւ «էս գլխից» մեկուսացրել է նրանց։ Հրանտ Գրիգորյանը, այդուհանդերձ, մեր լրագրողին վստահեցրել է, որ բացասաբար չի ընդունում, որ նոր Սահմանադրությունը վերացնելու է մեծամասնական ընտրակարգը՝ վտանգի տակ դնելով իրենց՝ մեծամասնականով անցածների գոյությունը հաջորդ խորհրդարանում։



Անգամ ընդգծել է նոր Սահմանադրության առավելությունները, որի քարոզչությունը պատրաստվում է իրականացնել․ «Լավ է լինելու, ընդդիմության իրավունքներն են ավելացնելու ԱԺ-ում, վերահսկողության լծակներ են ավելանալու»։ Հաջորդ հարցին, թե դա ինչ է փոխելու մարդկանց կյանքում, պատգամավորն անկեղծացել է. «Որ վերահսկեն, արդեն լավ կլինի»։