Վիրտուալ լրագրության վնասների մասին

Վիրտուալ լրագրության վնասների մասին

Իմ շատ երիտասարդ գործընկերներից մեկը՝ Վահե Մակարյանը, (հիշեք այս անունը, որովհետև նրանից լավ ժուռնալիստ է դուրս գալու), իր ֆեյսբուքյան գրառումներում, զարմանալիորեն, նման չէ իրեն: Նա, որ հրաշալի է կատարում լրագրողի չարքաշ աշխատանքը իրական կյանքում, մի տեսակ գոռոզ, մի քիչ մեծամիտ, և չափից դուրս ինքնահավան է վիրտուալ լրագրության մեջ: Պատճառը չեմ հասկանում, բայց հստակ կարող եմ ասել՝ Վահեն ինձ համար շատ ավելի ընկալելի է իրական կյանքում, քան Ֆեյսբուքում: Եթե մի քիչ մերօրյա բառապաշարով արտահայտվեմ, պետք է ասեմ՝ Վահեն ֆեյսբուքում սխալ-մխալ բաներ շատ է գրում: Բայց, ահա, նրա գրառումները ոմանք հալած յուղի տեղ են ընդունում. ով գիտի՝ նաև այն բանի համար, որ Վահե Մակարյան ստորագրությունն իրենց հայտնի է լրագրության ասպարեզում նրա կատարած չարքաշ աշխատանքից:



Շատերի հետ է պատահում: Վահեի դեպքում չկարողացա լռել, որովհետև, կրկնեմ, նա մեր լավագույն երիտասարդ լրագրողներից մեկն է արդեն այսօր, և անչափ ուրախ եմ, որ հենց «Հրապարակի» հետ է անցնում իր ճանապարհը, թերթ, որ տալիս է լրագրողի համար ամենակարևոր բանը՝ ազատությունը՝ մտածելու, ընտրելու, արտահայտվելու, հրապարակային խոսք ասելու:



Ներողություն երկար նախաբանի համար, բայց դա պարտադրված էր ասելիքով, որն այս դեպքում, կարծում եմ, բավականին նուրբ թեմայի է վերաբերում՝ մեր մասնագիտությանը:



Վահեն իր ֆեյսբուքյան պատին գրել է.



«Թող ինձ ներեն ժուռֆակն ավարտածները, բայց պիտի ասեմ.
Բազմիցս եմ համոզվել, որ լրատվադաշտի ամենաթույլ, ամենամիջակ, ամենակիսագրագետ ու լրագրության բուն նրբություններին չտիրապետող «դեմքերը» հենց 1-ին կուրսից ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունված ու ավարտածներն են: Եվ ինչքան դիպլոմի գույնը կարմիր, էնքան միջակությունն ավելի ընդգծված: Չգիտեմ` ինչու է այդպես, բայց կարծես զավեշտի հասնող օրինաչափություն է, որը, ի դեպ, շատերն են նկատել:



Իհարկե, այս հարցում կան նաև խիստ եզակի բացառություններ, օրինակ` իմ ընկերների մեջ: Ու ինչ լավ է, որ ես ընդամենը մագիստրատուրան եմ էդտեղ ավարտել, էն էլ հեռակա:



Եվ իզուր չէ, որ դաշտի լավագույն լրագրողներն ու խմբագիրները մասնագիտությամբ լրագրող չեն. ահավասիկ` Հրապարակի խմբագիրը, Առավոտի խմբագիրը, ով այս հոդվածի հեղինակն է և այլք: Ու երևի պատահական չէ, որ Նիկոլին էլ հեռացրել են ու ժուռֆակի դիպլոմ չեն տվել, թե չէ երևի Նիկոլն էլ Նիկոլ չլիներ...»:



Ինձ համար շփոթն ակնհայտ է:



Հայ բեմի մեծագույն վարպետներից Մհեր Մկրտչյանը տարբերակում էր դերասանին արտիստից: Նրա համար դերասան էին բեմում բոլոր խաղացողները, բայց արտիստ էին քչերը: Վահեի համար, ինչպես տեսնում ենք՝ ժուռնալիստ պետք է լինեն ժուռֆակի բլոր շրջանավարտները: Շփոթը գալիս է ժուռնալիստիկա առարկայի և մարդու ստեղծագործական խառնվածքի սխալ փոխկապակցումից, ինչն ավելի հստակ է դառնում, երբ նա բերում է լրատվադաշտին շատ ծանոթ անուններ՝ «Հրապարակի» խմբագիր, «Առավոտի» խմբագիր, Նիկոլ Փաշինյան… Իսկ Վահեի եզրակացությունն էլ այն է, որ այս մարդիկ լրագրության ասպարեզում կայացել, արմատներ են գցել, հայտնի են դարձել նաև այն պատճառով, որ ժուռֆակ չեն ավարտել, իսկ Նիկոլն էլ, ում էինք մի կտոր հաց տվել, լրագրող դարձավ, որովհետև հեռացրեցին այդ ֆակուլտետի վերջին կուրսից:



Վահե ջան, մենք ունենք մի շատ լավ պոետ՝ Խաչիկ Մանուկյան: Ավարտել է պոլիտեխնիկականը: Բայց մի հատ կարդա.



Բարձունքը մերն է, տղերքը չկան,
Տղերքն ավելի բարձրում մնացին:
Դիպան աստղերին՝ աստղերը հանգան
Ու լեղի քսվեց մեր ցամաք հացին…
Շահեցի՞ր երկիր, թե՞ կորցրեցիր.
Բարձունքը մերն է, տղերքը չկան…



Պոլիտեխնիկի շրջանավարտ էր Գևորգ Էմինը, իսկ Ակսել Բակունցն ընդհանրապես գյուղատնտես էր: Ճիշտ չի լինի չէ՞, եթե այս մարդիկ ասեին՝ ինչ լավ է՝ մենք բանասիրական չենք ավարտել, այլապս պոետ ու արձակագիր չէինք դառնա: Իսկ գուցե դիվանագիտության ասպարեզում չպետք է դրսևորվեին Աշոտ Ալեքսանյանն ու Վահագն Աթաբեկյա՞նը, որոնք ավարտել են ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Երևի պետք է բացականչենք՝ ինչ լա՜վ է, որ այդ մարդիկ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կողքով չեն անցել:



Բա ի՞նչ ասեմ ուսանողական մյուս ընկերներիս մասին, որոնք, բանասիրականի շրջանավարտ լինելով, և հայտնի գիտնականներ են, և գրահրատարաակիչներ, և պոետներ, և թարգմանիչներ, և խմբագիրներ… գլուխ գովել չլինի՝ բանասիրության ասպարեզի այսօրվա օրենսդիրներ:



Եվ, առհասարակ, սիրելի Վահե, հատկապես լավ լրագրող դառնալու համար ժուռֆակն ավարտելը բավարար պայման չէ: Օրինակներդ հենց դա են հուշում: Բայց այնպես էլ չէ, որ եթե Նիկոլ Փաշինյանին ժուռնալիստիկայի ֆակուլտետից չհեռացնեին, նա լավ լրագրող չէր դառնա, կամ Արամ Աբրահամյանը Արամ Աբրահամյան չէր լինի, եթե ժուռֆակում մի քիչ սովորած լիներ: Կա կյանք, կան հարաբերություններ, քաղաքական իրավիճակներ, և այդ իրավիճակներում ասելիք ունեցող մարդիկ, որոնք ուղղակի կարող են ինքնադրսևորվել:



Վերջապես կյանքում լինում են մարդիկ, ովքեր ուղղակի բախտորոշ դեր են կատարում այս կամ այն շնորհալի անհատի՝ որպես լավ մասնագետ կայանալու հարցում: Այս վերջին հանգամանքը հատկապես վառ դրսևորումներ ունի լրագրության ասպարեզի մարդկանց կյանքում: Կարող եմ վստահեցնել, որ Նիկոլ Փաշինյանը և Արամ Աբրահամյանը գուցե բոլորովին այլ ասպարեզում վաստակեին իրենց հացը, եթե հենց նրանց վրա կանգ չառներ օրվա իշխանությունների քարոզչության պատասխանատուների ընտրությունը:



Եվ ավարտեմ:



Լրագրության ասպարեզում կուռքեր պահելը, այն է՝ կռապաշտությունը, անշնորհակալ գործ է: Մեկ էլ կտեսնես՝ կապկում ես կուռքերիդ: Լրագրության մեջ քոնը միշտ չտրորված խոպանն է ու մեկ էլ հրապարակային խոսք ասելու հնարավորությունը: Վերջինը ունես, Վահե ջան, մյուսի վրա էլ նոր ես դրել ոտքդ: Իսկ ինչ վերաբերում է մնացածին՝ տարիները կանեն: