Շփոթ ու անորոշություն

Շփոթ ու անորոշություն

Տարեցտարի քաղաքական դաշտի կայացման ու բյուրեղացման փոխարեն արձանագրում ենք ավելի ու ավելի խորացող խառնաշփոթ, անելիքների ոչ հստակություն, կեղծ ու ֆորմալ հարաբերություններ։ Նկատելի է, որ ոչ իշխանությունը գիտի իր անելիքները, ոչ ընդդիմությունը։ Նույն թիմի անդամներն օր չկա, որ իրար հակասող հայտարարություններ չանեն կամ անորոշ ու ոչինչ չասող պատասխաններով ցույց չտան իրենց չկողմնորոշվածությունը։



Մինչ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ որեւէ բարձր պաշտոնի չի հավակնելու այլեւս, նրա թիմակիցները ճիշտ հակառակն են պնդում՝ դրանով իսկ կասկածներ ծնում նրանց ազնվության եւ որոշումների հստակության նկատմամբ։ Նկատելի է, որ անգամ Սահմանադրության ընդունման հարցում չկա համոզվածություն․ չկա օր, որ ՀՀԿ-ականներից որեւէ մեկը չհայտարարի՝ եթե առաջարկվող փոփոխությունները չանցնեն, ողբերգություն տեղի չի ունենա, կշարունակի գործել նախկին Սահմանադրությունը։



Իրենց ընդդիմություն հայտարարած 2 ուժ՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, այնքան են ոգեւորվել Սահմանադրության գաղափարով, որ ակնհայտորեն մոռացել են, որ իրենք եւ հանրապետականները տարբեր՝ հակամարտ ճամբարներում են։



Ավելի արմատական ընդդիմությունն էլ չգիտի՝ հանրահավաք, նստացույց, երթ անի՞, թե՞ ոչ։ Եթե անի, ապա ինչ լոզունգների ներքո՝ կոչ անի չմասնակցե՞լ հանրաքվեին, թե՞ գնալ եւ «ոչ» ասել։ Եվ, ամենակարեւորը՝ մասնակցե՞լ «քույր» ճակատի հայտարարած հանրահավաքին, թե՞ սեփական հանրահավաքն անել։ Ընդդիմության մեկ այլ թեւն ընդհանրապես խճճվել է «կեղծ օրակարգի» եւ «ինստիտուցիոնալ ընդդիմության» իր առաջարկներում եւ խուսափում է փողոց դուրս գալուց ու հանրահավաքներին մասնակցելուց՝ այն դեպքում, որ ժամանակին պատրաստ էր պայքարողների կողքին լինել, անգամ եթե նրանք 10 հոգի են։