Ռեկտորին մեղադրում է կոռուպցիայի մեջ

Ռեկտորին մեղադրում է կոռուպցիայի մեջ

Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում սկանդալ է հասունանում: Նախօրեին բուհի գիտխորհուրդը նիստ է հրավիրել ու որոշել լուծարել բուհի իրավաբանական բաժինը: Նիստին մասնակցել է նաեւ նույն բաժնի ղեկավար Նելսոն Ներսիսյանը ու սկանդալային ելույթ ունեցել՝ ասելով, որ ռեկտոր Գայանե Գասպարյանն իր գործունեության պատճառով արշավ է սկսել, ու բաժնի լուծարման միակ նպատակն իրենից ազատվելն է, քանի որ, ըստ Ներսիսյանի, ինքն ընդդիմացել է տիկին ռեկտորի «ապօրինի գործողություններին»: Երեկ առավոտյան Ներսիսյանն արդեն ստացել էր աշխատանքից ազատվելու ծանուցումը, բայց դեռ աշխատավայրում էր:



Նա 2005 թվականից է բուհի իրավախորհրդատուն, իսկ 2012 թվականին, երբ իրավաբանական բաժին է ձեւավորվել, նշանակվել է պետ։ Նա չի շտապում հանգիստ հեռանալ եւ պատրաստվում է հարցը տեղափոխել նույնիսկ դատական ատյաններ՝ վիճարկելով իրավաբանական բաժինը փակելու որոշումը: «Ես նրան մեղադրելու եմ կոռուպցիոն դրսեւորումների մեջ»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց Նելսոն Ներսիսյանը: Մեր տեղեկություններով, բուհի ռեկտորի եւ իրավաբանական բաժնի պետի հարաբերությունները լարվել են այն հողի վրա, որ Ներսիսյանը ժամանակ առ ժամանակ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը տեղեկություններ է տրամադրել ռեկտորի ինչ-ինչ կասկածելի գործարքների մասին, ինչն էլ առիթ է դարձել, որ բուհն ու ռեկտորը հայտնվեն վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում, երբեմն էլ նկատողություններ արվեն բուհի ռեկտորին:



«Ինձ աշխատանքից ազատելու ծանուցում է ուղարկվել միայն այն բանի համար, որ ես նրա (նկատի ունի Բրյուսովի ռեկտորին՝ Լ. Շ.) ապօրինի գործողությունների դեմ առարկություններ եմ ներկայացրել: Բնականաբար, իրավաբանական բաժինն իրեն պետք է խանգարեր իր ոչ օրինական գործողություններն իրականացնելու համար, քանի որ ես առարկություններ էի ներկայացնում»,- մեզ հետ զրույցում ասաց Նելսոն Ներսիսյանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ «ապօրինությունների» մասին է խոսքը. «Ես ռեկտորի անունով դիմում եմ նախապատրաստում, ուզում եմ իմ հարցերի պատասխաններն իրենից ստանամ, փաստեր եմ ներկայացնելու, հետո նոր կխոսենք, բայց ես խոստանում եմ, որ նրան մեղադրելու եմ կոռուպցիոն դրսեւորումների մեջ»։ Ներսիսյանն ասաց նաեւ, որ երկու օր ժամանակ է տալու իր դիմումին պատասխանելու համար, հետո նոր բացելու է փակագծերը:



Խոսեցինք նաեւ բուհի ռեկտոր տիկին Գայանե Գասպարյանի հետ, որը, լսելով Ներսիսյանի անունը, անմիջապես բորբոքվեց ու անջատեց հեռախոսը՝ մինչ այդ ասելով, թե այդ թեմայով խոսել չի ուզում: Նորից կապվեցինք եւ բացատրեցինք, որ չենք ուզում միակողմանի հոդված գրել, ու առաջարկեցինք նաեւ իր տեսակետը հնչեցնել։ «Բայց ինչո՞ւ եք նյութ գրում որ, իմ վրա ստերի ու ասեկոսեների վրա հիմնված նյութեր գրելը, ներողություն, բայց… Ես ինչ էլ ասեմ, վերջում իմ դեմ հոդված եք գրելու»,- միանգամից հարձակման անցավ տիկին Գասպարյանը։ Նրա վրդովված ու կցկտուր խոսքից միայն այն հասկացանք, որ բուհի գիտխորհրդի որոշումով է լուծարվել այդ բաժինը, ինչպես նաեւ եւս երկու հաստիք: Նելսոն Ներսիսյանի՝ իր ապօրինությունների մասին հայտարարությանն էլ խառնաշփոթ բառեր նետեց. «Գիտեք, Գասպարյան Գայանն էնքան ապօրինություններ է արել, որ հիմա էլ իրեն եմ ազատում»։ Ապա փոքր-ինչ հանդարտվելով ասաց, որ իրեն բոլորն են ճանաչում՝ ամբողջ հանրապետությունը, եւ ինքն ապօրինություններ անող չէ։ «Իսկ, այ, ինքն արել է»,- իր հերթին Ներսիսյանին մեղադրեց ռեկտորը։ Ի՞նչ է արել։ «Չէ, չեմ ասի ինչ է արել... Ի՞նչ եք ուզում, գիտխորհրդով լուծարվել է, բաժնի կարիք չունենք, մենք ընդամենը կես դրույքով իրավախորհրդատուի կարիք ունենք: Փոքր համալսարան է, եւ իրավաբանական բաժին պահելու իմաստ չկա: Աշխատակազմի ղեկավար ունեինք, այսքան ժամանակ աշխատում էր, բայց լուծարել ենք նաեւ այդ հաստիքը: Բա ինչո՞ւ նա չի բողոքում»: Իսկ նախագահի վերահսկողական ծառայությունը թերացումներ հայտնաբերե՞լ է բուհում։ «Ներողություն, ինչ որ եղել է, արդեն եղել է, սա այն խոսակցությունը չէ, որ ես…»,- ընդհատեց ռեկտորը մեր հարցը։ Իսկ ինչո՞ւ էիք շուրջ երեք տարի պահում բաժինը, որը լրացուցիչ ծախս էր, ավելի շուտ լուծարեիք։ «Որովհետեւ իր մեջքը շատ պինդ էր, հասկացա՞ք»: Իսկ ո՞վ է «մեջքը»։ «Դուք շատ եք արդեն մանրանում»,- վրդովված նետեց ռեկտորը։