Նորից շատ խոսեցին, քիչ գործեցին (լուսանկարներ)

Նորից շատ խոսեցին, քիչ գործեցին (լուսանկարներ)

Երեկ՝ քարոզարշավի վերջին օրը, տեղի ունեցավ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հերթական հանրահավաքը, որը մեկնարկել էր դեկտեմբերի 1-ից։ Հանրահավաքին այս անգամ մասնակցում էր ամենաշատը երկու հարյուր մարդ։ Առհասարակ, ամսի մեկից մեկնարկած հանրահավաքը, հակառակ կազմակերպիչների սպասումների, գնալով սակավամարդ դարձավ․ ամենաշատ մարդ առաջին օրը կար՝ ՀՀԿ-ին ծաղիկներ «նվիրելու» օրը, օր-օրի մասնակիցների շարքերը նոսրացան, ելույթներն էլ փոխեցին շեշտադրումները։ Եթե առաջին օրը հուժկու հեղափոխական, ավելի կրակոտ ելույթներ էին ունենում, ապա հաջորդ օրերին նվաղեց ձայնի տոնը, մեղմացավ հռետորաբանությունը, իսկ տեքստերը սկսեցին կառուցվել ավելի անկումային, աղաչական երանգով, բայց հույսով, որ հասնելու են իրենց նպատակին՝ չեղարկման և իշխանափոխության։ Աղաչական՝ այն իմաստով, որ ամեն օր խնդրում էին ժողովրդին գալ և միանալ իրենց՝ նշելով, որ առանց ժողովրդի իրենք ոչինչ չեն կարող անել, և իրենց ժողովրդի աջակցությունն է պետք։



Ի սկզբանե կարմիր թելի պես անցնում էր երկու խնդրահարույց թեզ այս հանրահավաքներում՝ ընդդիմության միասնականության հարցն ու քայլերի հաջորդականության խնդիրը։ Երկուսի պատասխանն էլ մինչ օրս չհստակեցվեց։ Ձևավորված երկու ճակատները՝ «Չեք անցկացնի»-ն, որի մաս է կազմում նաև ՀԱԿ-ը, և «Նոր Հայաստանը», այս չորս օրվա ընթացքում առանձին հանրահավաքներ նախաձեռնեցին, որոնց երկու թևերն էլ մասնակցեցին։ Դեկետմբերի 3-ի հանրահավաքին, որը հրավիրել էր «Չեք անցկացնին»-ն՝ ՀԱԿ-ի ուժերով, և որին մասնակցում էին նաև «Ժառանգություն»-ն ու Սեֆիլյանի խումբը՝ «Նոր Հայաստան»-ի ճակատով, ակնհայտ դարձավ երկու թևերի միջև տարաձայնությունը։ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանն իր ելույթում մարդկանց կոչ արեց գնալ տներով և պայքարը շարունակել ամսի յոթից հետո։



Թերևս դա էր պատճառը, որ երեկ ՀԱԿ-ից հանրահավաքին մարդ չէր մասնակցում, իսկ նախորդ հանրահավաքներին էլ ՀԱԿ-ը մասնակցում էր ոչ այդքան ներկայացուցչական կազմով՝ առանց Զուրաբյանի և Մանուկյանի։ Սեֆիլյանն ու մյուսները, սակայն, կողմնակից են քաղաքացիական ամենօրյան անհնազանդության՝ դրանք առայժմ արտահայտելով նստացույցերի միջոցով։ Բայց նրանց կոչերին՝ դուրս գալ տներից և այս ցրտին գալ, միանալ իրենց, գիշերել հրապարակում, գնալով ավելի քիչ մարդ էր արձագանքում։ Այս էր պատճառը, որ Սեֆիլյանը, ով մինչ այդ վստահորեն պնդում էր, թե իրենք պետք է ամեն գնով հասնեն դեկտեմբերի 6-ի հանրաքվեի չեղարկմանը, որից հետո՝ իրականացնեն բաղձալի իշխանափոխությունը, հաջորդ օրերին սկսեց փոխել մարտավարությունը՝ խոսելով արդեն հանրաքվեից հետո պայքարը շարունակելու մասին։ Այսինքն՝ հանրաքվեն դժվար թե չեղարկեն։



Երեկվա հանրահավաքին առաջին ելույթն ունեցավ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով խոստացավ այսուհետ քիչ խոսել, շատ գործել։ Նա կոչ արեց բանախոսներին՝ հինգ րոպեից ավել չխոսել, հակառակ դեպքում՝ խոստացավ ընդհատել նրանց։ Խոստացավ և նույն պահին դրժեց իր խոստումը․ Րաֆֆի Հովհաննիսյանը շուրջ 30 րոպե ելույթ ունեցավ։ Նախ հիշեց Սերժ Սարգսյանի ելույթը, որտեղ ինքն արժանացել էր նախագահի քննադատությանը, ապա որոշեց, որ չի անդրադառնալու Սարգսյանի մտքերին՝ հավես չունի։



«Ես բնավ հավաս կամ սիրտ չունեմ պատասխանել Սերժ Սարգսյանի՝ աթոռ բռնազավթած, ժողովրդի քվեն գողացած մարդու խոսքին կամ հարցազրույցին։ Բայց ես հաշվետու եմ ձեր առջև և ուզում եմ մի քանի նկատառում անել»,-ասաց նա և հավեսով սկսեց հատ-հատ հակադարձել Սարգսյանի ասածներին՝ իր խոսքերով «հակիրճ, քաղաքացիական, մարդկային փամփուշտներով»։



Անդրիաս Ղուկասյանն էլ իր հիացմունքն արտահայտեց հայ ժողվորդով, որ այդ օրը հավաքվել էր հրապարակում։ Ապա ինքն էլ իր հերթին անդրադարձավ Սերժ Սարգսյանի հարցազրույցին․ «Ինչպե՞ս ստացվեց, որ մենք, մի ժողովուրդ, հասանք այն վիճակին, որ մարդ մի ամբողջ պաշտոնավորման ընթացքում տապալել է երկրի անվտանգությունն, այսօր համարձակվում է ասել՝ ես այն մարդն եմ, որ ունեմ մեծ փորձ այդ ոլորտում: Առնվազն էշի տեղ է դնում երեք միլիոն մարդու Հայաստանում և 10 միլիոն մարդու՝ ամբողջ աշխարհում»։



Հինգ րոպեից ավել տևողությամբ երկարաշունչ ելույթ ունեցավ նաև Հմայակ Հովհաննիսյանը, ով երբեք հակիրճ չի խոսում, ավելի լակոնիկ գտնվեցին Պետրոս Մակեյանը, Արմեն Մարտիրոսյանը, նրանցից մի քիչ երկար խոսեց Վարուժան Ավետիսյանը։



Ժիրայր Սեֆիլյանն էլ իր խոսքը սկսեց «Մա՛հ ռեժիմին» վանկարկումով։ Ապա նորից դիմեց ժողովրդին, երիտասարդությանը՝ կոչ անելով գալ և միանալ իրենց՝ այս անգամ ավելի համեստ, քչով բավարարվող ցանկություններով․ «Սիրելի՛ երիտասարդություն, մարզերի բնակչություն, ուսանողություն, պահը եկել է լրջանալու և ընդամենը մի քանի ժամով համախմբվելու: Կիրակի օրը ժամը 8-ին այս հրապարակը պետք է սկսի լցվել: Մինչև11-ը այս հրապարակը պետք է լեփ-լեցուն լինի: Մենք չենք ուզում հարյուր հազարավոր մասսաներ: Շատ ավելի քիչ թվով, բայց անպայման ժողովրդով: Րաֆֆի Հովհաննիսյանի հետ միասին պատրաստ ենք ամեն գնով արմատական, վճռական, պատասխանատու քայլերի գնալու, վռական քայլերի գնալու: Լսո՞ւմ եք երիտասարդություն: Սակայն ժողովուրդը պետք է մասնակից լինի: Այսօր պետք է հանրությունը գիտակցի, որ վերջապես ձևավորվել է ընդդիմության մի բևեռ, որը հակառակորդը չի կարողանալու ճնշել ոչ մի ձև»։



Ելույթից հետո նախատեսված էր ավանդական երթը, որն առանց բախումների չանցավ։ Մասնակիցների շարքերում բարձր պահած երևում էր անազատության մեջ գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի նկարով մեծ պաստառը։ Վարուժան Ավետիսյանն իր ելույթում հանկարծ որոշեց, որ այդ պաստառի մոտ՝ հրապարակի հենց կենտրոնում, պետք է վրան խփեն՝ երևի ցրտից պաշտպանելու ազատամարտիկի նկարը։ Իր կոչն անմիջապես ի գիտություն ընդունեցին հանրահավաքի մասնակիցներն ու փորձեցին փոքրիկ վրան ամրացնել գետնին։ Նույն պահին հայտնվեցին ոստիկաններն ու խլեցին այն ցուցարարների ձեռքից։



Երկու կողմերը նորից բախվեցին իրար, սկսեցին քաշքշել, լսվեցին հայհոյանքներ ու լուտանքներ ոստիկանների հասցեին․․․ մի քանի րոպե տևած մինի «պատերազմից» հետո բոլորը խաղաղվեցին և սկսեցին երթով շարժվել առաջ։ Անցան Թումանյան փողոցով, թեքվեցին դեպի Մաշտոցի պողոտա, բարձրացան վեր՝ հասնելով Օպերայի խաչմերուկ և կանգնեցին։ Ոստիկաններն անմիջապես պաշարեցին դեպի Բաղրամյան տանող հատվածը, այդ ընթացքում ոստիկանության զորքերը արագ դիրքավորվեցին Բաղրամյանի սկզբնամասում, որ հանկարծ մի քանի տասնյակ ցուցարարները միամիտ «չճեղքեին» ոստիկանության զինված ջոկատների կազմած պատն ու «չգրավեին» նախագահականը։ Առհասարակ, ոստիկանությունն այս օրերին ոտքի է հանել իր ողջ զորքը, իշխանություններն էլ մի քանի օր է՝ արգելում են մարզերից Երևան եկող տրանսպորտի բնականոն աշխատանքը, որ հանկարծ հանրահավաքին մարդիկ չգան ավտոբուսներով։ Մի քանի րոպե էլ այստեղ վիճելուց ու բանակցելուց հետո շարժվեցին դեպի Բաղրամյան, բայց Մոսկովյան փողոցով թեքվեցին աջ, անցան Կասկադով, մտան նորից Մաշտոցի պողոտա և բարձրացան պողոտայով վեր։ Այս ողջ ընթացքում Գևորգ Սաֆարյանն ու Ժիրայր Սեֆիլյանը բարձրախոսով բնակչությանը կոչ էին անում դուրս գալ փողոց՝ վստահեցնելով, որ հեղափոխությունն սկսված է։ Ի վերջո, երթի մասնակիցները կանգ առան ԿԸՀ շենքի դիմաց։ Այստեղ բարձրախոսն իր ձեռքը վերցրեց Զարուհի Փոստանջյանը, ով կրկին անդրադարձավ Սերժ Սարգսյանի քննադատություններին ու սկսեց հակադարձ քննադատություններով պատասխանել նրան։



«Դու՞ ես այսօր մեզ մեղադրում, որ մենք պատերազմ ենք հայտարարում, դու էլ պետք է մեզ պաշտպանե՞ս։ Դու ինքդ ես այսօր օսմանյան կայսրի նման դաժան վերաբերվում մեր ժողովրդի հետ։ Այսօր ես շատ-շատ տխուր եմ, սիրելի՛ հայրենակիցներ։ Ինչու՞ եմ տխուր, ինչու՞ եմ հուզված, ինչու՞ եմ մտահոգ, որովհետև մենք կորցնում ենք մեր այս փոքրիկ հայրենիքը, որից մի բուռ է մնացել։ Ի՞նչ ենք մենք թողնելու մեր երեխաներին։ Նույն այս ոստիկանները, որ այսօր մեզ էստեղ ճնշում են, փորձելու են վաղը նորից ճնշել մեզ, փորձելու են վավերացնել այդ խուժան կեղծիքը Սերժի։ Ու՞մ ենք մենք թողնելու մեր այս հրաշք հայրենիքը, ու՞մ, այդ Սերժի՞ն, այդ սրիկայի՞ն, որ այսօր վեր կացել ծաղրում է մեզ»,-հուզված արտահայտվեց տիկին Փոստանջյանը։



ԿԸՀ-ի դիմացից ցուցարարները շարժվեցին դեպի Ազատության հրապարակ և այդպիսով ավարտեցին այդօրվա իրենց հանրահավաքն ու երթը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ