Զրկեցին քաղաքացիությունից

Զրկեցին քաղաքացիությունից

Վրաստանի ռեֆորմատոր նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հակասական անձնավորություն է եւ իր նման հակասական էլ իմիջ ունի։ Վրացիների մի մասը նրան շատ սիրում, գնահատում, մեծարում է, մյուս մասը՝ նույն կրքով նրան ատում եւ նրա մեջ տեսնում է իրենց բոլոր դժբախտությունների պատճառը։ Սակայն եւ առաջին, եւ երկրորդ խումբը չի կարողանում ժխտել, որ նրա օրոք Վրաստանը պոկվեց ելման կետից եւ մեծ առաջընթաց գրանցեց։ Բազում խնդիրներ ունեցող Վրաստանը շատ բաներում է «պարտական» իր նախկին նախագահին՝ եւ դեպի Արեւմուտք ընթացքի, եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման, եւ կոռուպցիային հայտարարված պատերազմի, եւ մեծ թվով ճանապարհների ու այլ աչքի ընկնող շինարարությունների։ Նրա՝ փողկապ ծամելու կադրերը թերեւս ռուսական հեռուստատեսության ամենասիրելի կադրերն են, իսկ օտարազգի դիվանագետի կնոջ հետ կապված պատմությունը դեռ ոչ ոք չի մոռացել։ Սակայն հենց նրա օրոք սկսեցին Վրաստանն առանձնացնել որպես Կովկասում ժողովրդավարության կղզյակ, եւ հենց նրա օրոք միլիոնանոց ներդրումներ մտան երկիր։ Բայց, ինչպես ասում են, Մարգարեն ընդունելի չէ իր քաղաքում։ Սահակաշվիլուն կարող են հրավիրել Ուկրաինա՝ պաշտոնավարելու, ռեֆորմներ անելու, սակայն իր հայրենիքում նրա նկատմամբ քրեական գործ են հարուցում, հայհոյում եւ զրկում քաղաքացիությունից։ Երեկ տեղեկացանք, որ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հրամանագիր է ստորագրել եւ Վրաստանի քաղաքացիությունից զրկել Միխայիլ Սահակաշվիլուն։ Մինչ այդ նման խնդրով Վրաստանի նախագահին էր դիմել տեղի արդարադատության նախարարությունը։ Այժմ Սահակաշվիլին միայն Ուկրաինայի քաղաքացի է եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետը։ Իսկ Ուկրաինայի օրենսդրությունը երկքաղաքացիություն թույլ չի տալիս։