Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մաս-մաս

Սահմանադրությունն ուժի մեջ կմտնի մաս-մաս

Դեկտեմբերի 21-ից հաստատված ընթացակարգերի համաձայն՝ Հայաստանն արդեն նոր Սահմանադրություն ունի, սակայն դրա ոչ բոլոր դրույթներն են միանգամից ուժի մեջ մտնելու: Մասնավորապես, նոր Սահմանադրության 1-3-րդ գլուխները, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին եւ հիմնարար ազատություններին, ուժի մեջ մտան պաշտոնական հրապարակման պահից՝ երեք օր առաջ: Իսկ կառավարման համակարգին վերաբերող գլուխները, որոնք ներառված են Սահմանադրության 4-րդ, 5-րդ եւ 6-րդ գլուխներում, ուժի մեջ կմտնեն աստիճանական կարգով: Դրանց մի մասն ուժի մեջ կմտնի 2017 թվականի ԱԺ ընտրություններով՝ նոր խորհրդարանի կազմավորվելուց հետո, իսկ ամենակարեւոր երկու դրույթները՝ 5-ը եւ 6-ը, որոնք վերաբերում են նախագահին ու կառավարությանը, ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն միայն նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից: Այսինքն՝ մինչեւ 2018թ. մայիս ամիսը շարունակելու են գործել գործող Սահմանադրության այն գլուխները, որոնք վերաբերում են նախագահին եւ կառավարությանը: 16-րդ գլուխը՝ եզրափակիչ եւ անցումային դրույթները, ամրագրում են, որ օրենքները պետք է համապատասխանեցվեն Սահմանադրության փոփոխություններին: Մասնավորապես, Ազգային ժողովը ողջամիտ ժամկետում գործող օրենքները համապատասխանեցնում է Սահմանադրությանը, Ընտրական օրենսգիրքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը եւ ուժի մեջ է մտնում 2016 թ. հունիսի 1-ից, ԱԺ կանոնակարգը, «Կուսակցությունների մասին» օրենքը եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքը համապատասխանեցվում են Սահմանադրությանը եւ ուժի մեջ են մտնում մինչեւ ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Պետության կառավարման համակարգին վերաբերող Սահմանադրության նախագծի 4-6-րդ գլուխների ուժի մեջ մտնելու համար նախատեսված են տարբեր ժամկետներ: Մասնավորապես, Սահմանադրության նախագծի 4-րդ գլխի այն դրույթները, որոնք վերաբերում են Ազգային ժողովի գործունեության ներքին կարգին, ուժի մեջ են մտնում ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Մինչդեռ ԱԺ-ի եւ հանրապետության նախագահի փոխհարաբերություններին, կառավարությանը, դատական իշխանությանը, դատախազությանն ու քննչական մարմիններին եւ 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմիններին վերաբերող դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը պայմանավորված է նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահով:



Սահմանվում է նաեւ, որ այլ սահմանադրական օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով եւ ուժի մեջ են մտնում նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրվանից: Ըստ եզրափակիչ եւ անցումային դրույթների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը համապատասխանեցվում է Սահմանադրությանը եւ ուժի մեջ է մտնում ԱԺ հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը, դատախազության, Վերահսկիչ պալատի, Կենտրոնական բանկի, հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքները համապատասխանեցվում են Սահմանադրությանը եւ ուժի մեջ են մտնում նորընտիր հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման պահից: